Մատչելիության հղումներ

logo-print

ՌԴ նախկին դեսպան․ «Հայաստանը կարող է կանգնել սայթաքուն ճանապարհին»


Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկո

Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկո

Հայաստանյան և միջազգային փորձագետները շարունակում են պնդել, թե մեծ քանակությամբ հարձակողական զինտեխնիկա վաճառելով Ադրբեջանին՝ Ռուսաստանը, իհարկե, գումար աշխատեց, սակայն կա անթաքույց մի նպատակ ևս՝ ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ, որը վերջին շրջանում չի դադարում խորացնել իր հարաբերությունները Եվրամիության հետ:

Սակայն այստեղ նորությունն այն է, որ այս մասին սկսել են հրապարակավ խոսել նաև ռուս պաշտոնյաները: Մեր երկրում Ռուսաստանի նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն ռուսաստանյան evrazesnews.ru կայքէջին հետ զրույցում, մեջբերելով, Հայաստանի նախագահի՝ օրերս Վարշավայում հնչեցրած խոսքերը, թե հայ ժողովուրդը եվրոպական արժեքների կրող է, նշում է․ - «Իր գանձարանում տեղ տալով եվրոպական արժեքներին՝ Հայաստանը կարող է կանգնել սայթաքուն ճանապարհին: Հնուց ասված է՝ բարի մտադրություններով սալարկված է դժոխքի ճանապարհը»:

Հայաստանյան քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր, խիստ մտահոգիչ և անընդունելի են համարում Հայաստանի ռազմավարական դաշնակիցը համարվող Ռուսաստանի կողմից Ադրբեջանին շուրջ մեկ միլիարդ դոլարի հարձակողական բնույթի զինտեխնիկայի վաճառքը:

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը մտահոգիչ համարելով ռուսական մատակարարումները Հայաստանի հետ փաստացի պատերազմական վիճակում գտնվող Ադրբեջան՝ ընդգծեց, որ Մոսկվայի նման քայլը ռազմավարական դաշնակցի պահվածք չէ:

«Ռուսաստանը պետք է զգա, որ Հայաստանը՝ և՛ ժողովուրդը, և՛ իշխանությունները, և՛ քաղաքական ուժերը դժգոհ են այս պահվածքից: Ինչ էլ լինի, եթե ասենք, որ հավասարակշռությունը չի խախտվում, պատերազմի հավանականությունը պարզ է, որ մեծանում է, ինչը ռազմավարական դաշնակցից ակնկալելի պահվածք չէ»:

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Խուրշուդյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հիշեցրեց, որ ոչ միայն հայ-ռուսական ռազմավարական պայմանագրով է Մոսկվան համարվում Երևանի դաշնակիցը, այլև երկու պետությունները մաս են կազմում ՀԱՊԿ-ին․ - «Սակայն արդեն որերորդ դեպքն է, երբ Ռուսաստանը հայկական շահերին դեմ այդպիսի գործարքներ է կնքում՝ սպառազինելով մի երկրի, որն ակնհայտորեն չի թաքցնում, որ պատրաստվում է ռազմական գործողություններ սկսել Հայաստանի դեմ»:

«Ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հասցեին Ադրբեջանից հնչող սպառնալից հայտարարությունները ոչ միայն շարունակվում են, այլև ընդունել են ավելի սուր բնույթ», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությւոնների հանձնաժողովի պատասխանանատու Վլադիմիր Կարապետյանը:

«Ադրբեջանին զինելը նշանակում է տարածաշրջանում կոնֆլիկտային իրավիճակի սրում», - հայտարարեց Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը (ՀՀԿ)՝ հարկ համարելով, այդուհանդերձ, հիշեցնել, որ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի ռազմավարական գործընկերը, որի հետ համագործակցությունը ապահովում է տարածաշրջանային անվտանգության հավասարակշռությունը, և խորոհուրդ տվեց չնեղանալ Մոսկվայից, քանի որ, օրինակ, որևէ երկիր չի կարող նեղանալ Հայաստանից՝ եթե այն հետամուտ է լինում իր երկարաժամկետ կամ կարճաժամկետ շահերին:
XS
SM
MD
LG