Մատչելիության հղումներ

Մոլդովայի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ Քիշնևը պարտավոր է պահպանել լավ հարաբերությունները, որոնք հաստատել է Հայաստանի և Ադրբեջանի հետ։

Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուն, ով վերջերս Երևանում իրավապաշտպանների միջազգային խորհրդաժողովում հանդես է եկել Հայաստանին հասցեագրված սկանդալային քննադատությամբ, կարող է ազատվել աշխատանքից։

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, Մոլդովայի խորհրդարանի խոսնակ Իգոր Կորմանը այցելել է Մոլդովայի մարդու իրավունքների պաշտպանության կենտրոն եւ խնդրել այդ հաստատության տնօրեն Անատոլի Մունտյանուին «գործընկեր օմբուդսմենների հետ քննարկել իրավիճակը, որը ստեղծվել է Գրիգորիուի հայտարարություններից հետո»։

Կորմանը Երևանում Աուրելիա Գրիգորիուի հնչեցրած գնահատականները որակել է որպես լուրջ սխալ։

«Մենք ոչ մի դեպքում չպետք է թույլ տանք այնպիսի մեկնաբանություններ, որոնք վնաս կհասցնեն Մոլդովայի վարկին և այլ պետությունների հետ հարաբերություններին։ Հայաստանի և Ադրբեջանի միջև կա հին ու ցավոտ հակամարտություն, մինչդեռ, մենք շատ լավ հարաբերություններ ունենք թե՛ մեկ եւ թե՛ մյուս երկրի հետ», - ասել է Իգոր Կորմանը։

«Մենք համագործակցում ենք Արևելյան գործընկերության շրջանակներում և մտադիր ենք պահպանել մեր լավ կապերը, ուստի պարտավոր ենք զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք վնաս կհասցնեն այդ երկու երկրներից մեկի հետ մեր կապերին», - ասել է Մոլդովայի խորհրդարանի խոսնակը։

Կորմանի փոխանցմամբ, այս հարցը հարկ է քննարկել մարդու իրավունքների և ազգամիջյան հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովում, որտեղ իր տեսակետը պետք է հայտնի նաեւ տիկին Գրիգորիուն։

Կորմանը ասել է, որ «խորհրդարանական փաստաբանի մանդատը կարող է վաղաժամ ավարտվել, եթե նման դիմում ներկայացվի երկրի նախագահի կամ խորհրդարանի 20 պատգամավորների կողմից։

«Կոմունիստական ընդդիմությունն էլ պետք է հետաքրքրություն դրսևորի, քանի որ Գրիգորիուն 2008 թվականին այդ պաշտոնում է առաջադրվել կոմունիստների խմբակցության կողմից։ Կարծում եմ, բոլորս ենք շահագրգռված, որ այդ թեման փակվի և նման իրավիճակներ ապագայում այլևս չլինեն», - ասել է Մոլդովայի խորհրդարանի ղեկավարը։

Աուրելիա Գրիգորիուն հուլիսի 4-ին Երևանում հայտարարել է, թե «Հայաստանը ցեղասպանություն է իրականացրել Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ, պատերազմ է հայտարարել հարևանին և օկուպացրել դրա տարածքի 20 տոկոսը»։

Երևանում արված նման կոշտ հայտարարությունը խիստ վրդովմունք է հարուցել Հայաստանի քաղաքական շրջանակներում, իսկ Ադրբեջանում, բնականաբար, դարձել է խանդավառության և գովասանքի առիթ։

Գրիգորիուն հետագայում Քիշնևում հրավիրած ասուլիսում ասել է, թե ափսոսում է, որ Երևանում արված հայտարարությունները սխալ են մեկնաբանվել։ Նա պնդում է, թե իր ելույթի թեման, իբր, եղել է «սառեցված հակամարտությունների տարածքում մարդու իրավունքների պաշտպանությունը և ապահովությունը, իսկ հայտարարությունների հիմքում են դրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերը, որոնց տակ կա նաև Մոլդովայի ստորագրությունը»։

Ի դեպ, հուլիսի 11-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնում է Քիշնև, որտեղ կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների երրորդ գագաթնաժողովին։ Նախատեսված է նաև հանդիպում Մոլդովայի նախագահի հետ։

Վերլուծաբանները չեն բացառում, որ Հայաստանի և Մոլդովայի ղեկավարների հանդիպումներում կարող է արծարծվել նաև Աուրելիա Գրիգորիուի սկանդալային հայտարարությունների խնդիրը, որը կողմերը կփորձեն լուծել՝ առաջնորդվելով երկկողմ բարեկամական հարաբերությունները պահպանելու նպատակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG