Մատչելիության հղումներ

ՀԿ-ները մի շարք խնդիրներ են մատնանշում անչափահասների դատավարություններում


Անչափահասների իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունները պնդում են, որ Հայաստանում անչափահասների դատավարությունն իրականացվում է այնպես, ինչպես չափահասներինը:

Աշխարհի որոշ առաջադեմ երկրներում անչափահասների դատավարությունն իրականացվում է այնպիսի դահլիճներում, որտեղ չկան ճաղավանդակներ, որտեղ անչափահասին դատավորը դիմում է անունով, և երբեք չի շրջանառվում ամբաստանյալ բառը: Անչափահասների արդարադատության գլխավոր սկզբունքներից է նաև այն, որ դատավորը երեխայի հետ նստում է մեկ սեղանի շուրջ, որպեսզի հոգեբանական ճնշում չգործադրվի անչափահասի վրա և որպեսզի նա իրեն անուղղելի հանցագործ չզգա։

«Միջազգային բանտային բարեփոխում» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի համակարգող Հայկ Խեմչյանի խոսքով՝ այս ուղղությամբ ամենամեծ խնդիրը մասնագիտացված դատարանների, դատավորների և այլ կառույցների բացակայությունն է:

ՀՀ նախագահի կարգադրությամբ առաջին ատյանի յուրաքանչյուր դատարանում նշանակվել է մեկ դատավոր, ով զբաղվում է անչափահասների հարցերով: Խեմչյանի խոսքով՝ միայն դատավոր նշանակելով խնդրի ամբողջական լուծումը հնարավոր չէ ակնկալել: Ըստ նրա՝ այդ աշխատանքը պահանջում է խորը գիտելիքներ մանկավարժության և հոգեբանության բնագավառում:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտի վերջին մոնիտորինգում ներառված են դեպքեր, թե դատավորի կողմից երեխայի որ իրավունքներն ինչպես են ոտնահարվել, թե ինչպես են դատավորներն ուղղորդող հարցերով անչափահասից ստացել իրենց ձեռնտու պատասխանները, ինչպես է դատավորը վիրավորել և պիտակավորել անչափահասին և այլն: Նույն մոնիտորինգում առանձնացված են նաև հարցաքննության տևողության հետ կապված խնդիրները, նաև այն, որ մասնագիտական հագեցած տերմինալոգիան հաճախ թույլ չի տալիս անչափահասին հասկանալ, թե իրեն որ արարքի համար են մեղադրում: Այս տվյալները կհրապարակվեն առաջիկայում:

Հայաստանում որոշ դատավորներ վերապատրաստվել են, բայց և այդպես դատավորներ, ովքեր միայն անչափահասների գործերով են զբաղվում, չկան:

Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի խորհրդական, Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Հովհաննես Ղուկասյանը, ով 30 տարվա աշխատանքային փորձ ունի, 1985 թվականից պարբերաբար նաև անչափահասների գործերով դատավարություններ է ունեցել: Ըստ նրա՝ նախկինում անչափահասների գործերը վարում էին միայն դատարանների նախագահները: Այժմ վերապատրաստում անցած որոշ դատավորներ զուգահեռ փորձում են մասնագիտանալ նաև անչափահասների գործով: Ըստ Ղուկասյանի՝ այսօր դատավորները գործում են պեկինյան սկզբունքներով, որը թույլ չի տալիս արագացված կարգով դատը վարել: Իսկ անչափահասների առումով դատավարությունը պետք է լինի հակառակը՝ արագացված կարգով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG