Մատչելիության հղումներ

Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ասում է՝ ընդամենը մի քանի օրից պարզ կլինի տրանսպորտի ուղեվարձի բարձրացման հարցը։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան՝ Բեգլարյանը ասաց, որ այժմ նախարարությունում հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որը ուսումնասիրում է ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ծախսերը և մատուցվող ծառայությունների գների համապատասխանելիությունը։ Թե կոնկրետ քանի տոկոս կթանկանա ուղեվարձը նախարարը, հրաժարվեց պատասխանել, ասաց` առանց հիմքերի օդում խոսել չի սիրում։

«Այս պահին թանկացումներ չկան։ Մենք աշխատում ենք, որ թանկացումը լինի մինիմալ և հօգուտ ժողովրդի», - ասաց նախարարը։

Երեկ համատեղ ասուլիս էին կազմակերպել Փոխադրող կազմակերպությունների միության նախագահ Վարդան Փանոսյանը և Հանրային խորհրդի տրանսպորտի ենթահանձնաժողովի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։ Նրանք հայտարարել էին, որ հուլիսի 7-ից գազի թանկացման ֆոնին Երևանում գործող երթուղայինները և ավտոբուսները այլևս չեն կարող 100 դրամով սպասարկել քաղաքացիներին, և առաջարկել էին կամ թեթևացնել հարկային բեռը, կամ էլ բարձրացնել ուղեվարձը, քանի որ նման ձևով շարունակելու դեպքում ուղևորափոխադրումներ իրականացնող շատ կազմակերպություններ ուղղակի կլուծարվեն։ Գագիկ Բեգլարյանը ասաց, որ այս հայտարարություններին ծանոթ է. ըստ նրա՝ այս մարդիկ չեն խոսում հօգուտ ժողովրդի։ Նախարարը ասաց, որ որոշ մարդիկ նպատակային կերպով կառավարության և նախարարությունների դեմ են խոսում, քանի որ անձնական շահ ունեն։

Բեգլարյանը մանրամասնեց, որ վերանայելու են ավտոբուսների, միկրոավտոբուսների, մետրոյի և տրոլեյբուսների ուղեվարձերի չափը։ Նրա խոսքով` հանրապետությունում 40-ից ավելի ուղեվարձերի չափեր կան` սկսած 200 դրամից, վերջացրած 5000 դրամով. - «Չենք կարող բոլորի համար կոնկրետ չափ սահմանել և բարձրացնել գինը, անհատական մոտեցում է պետք», - ասաց նախարարը. - «Բարձրացնողը մենք չենք, բայց մենք պետք է ուսումնասիրենք, որպեսզի առաջարկի դեպքում կարողանանք ներկայացնենք խնդիրները։ Եթե մի ինչ-որ տոկոսով ենք ուղեվարձը բարձրացնում, 40-ից ավելի սակագներ ունենք, մոտեցումն է պետք ճիշտ ընտրել, որպեսզի բնակիչը դրանից չտուժի, մեկը շահի, մյուսը՝ տուժի, մեկի մոտ քիչ բարձրանա, մյուսի մոտ՝ կրկնակի շատ»։

Տրանսպորտի և կապի նախարարը ասաց, որ պետք է շտապեն, քանի որ այս հարցը հանրության համար մեծ հետաքրքրություն ունի, ուստի հանձնաժողովի վերջնական որոշումից հետո մանրամասն փաստերով կներկայացնեն ուղեվարձերի նոր չափերը և դրանց փոփոխման պատճառները։ Հարցին, թե հնարավո՞ր է, որ կառավարությունը սուբսիդավորի թանկացումը, նախարարը խորհուրդ տվեց հարցնել կառավարության ղեկավարին։
XS
SM
MD
LG