Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ում լուրջ չեն վերաբերվում նախագահի իմպիչմենտի հիմքերի մասին պնդումներին


Հանրապետական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյան, արխիվ

Հանրապետական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյան, արխիվ

Իշխող կուսակցությունում «պարապ չեն» նման հայտարարություններին արձագանքելու համար:

Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունում (ՀՀԿ) լուրջ չեն վերաբերվում նախագահի իմպիչմենտի հիմքերի մասին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հայտարարություններին և համաձայն չեն ընդդիմադիրների պնդումներին, թե իշխանությունները մտադիր են սահմանափակել Վերահսկիչ պալատի (ՎՊ) լիազորությունները։

Սերժ Սարգսյանը, հիշեցնենք, Վերահսկիչ պալատի վերջին բացահայտումների կապակցությամբ հրավիրված խորհրդակցությանը «սխալ ու անհեռատես» էր որակել պետբյուջեի 70 տոկոսի վտանգված լինելու մասին ՎՊ-ի նախագահ Իշխան Զաքարյանի հայտարարությունները, դիտողություններ էր արել նրան և համապատասխան ցուցումներ տվել իրավապահ մարմիններին, ինչը ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը համարում է նախագահին իմպիչմենտի ենթարկելու հիմք։

Երեկ Կոնգրեսի վարչության նիստում ընդունվել է հայտարարություն, որտեղ Սերժ Սարգսյանի ընդարձակ ելույթը որակվել է «հերթական նոր մի սկանդալ»: «Նա գերազանցում է Սահմանադրությամբ իր զբաղեցրած պաշտոնին ամրագրված լիազորությունները՝ ապօրինաբար ճնշում գործադրելով Սահմանադրության 83.4 հոդվածով անկախության երաշխիքներ ստացած Վերահսկիչ պալատի, ինչպես նաև օրենքով անկախ համարվող քննչական մարմինների վրա, ինչը ըստ էության այլ բան չէ, քան արդարադատության խոչընդոտում», - հայտարարել է ՀԱԿ-ը։

Հիշեցնելով, որ իրենք 2011 թվականի նոյեմբերին հրապարակել են «Սերժ Սարգսյանի պաշտոնանկության իրավաքաղաքական հիմքերի հռչակագիր» կոչվող փաստաթուղթը, Կոնգրեսը հայտարարում է, թե «այս ելույթը լրացնում է նրա պաշտոնանկության իրավաքաղաքական հիմքերի այդ ցանկը», եւ իրենք շարունակելու են հետամուտ լինել «Սերժ Սարգսյանի հրաժարականի կամ պաշտոնանկության միջոցով երկրում սահմանադրական կարգի վերականգնմանը»։

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հակադարձեց, թե իրենք «պարապ չեն» նման հայտարարություններին արձագանքելու համար:

«Չեմ կարողանում մտաբերել, թե ովքեր են այդ քաղաքական թիմի մեջ: Եթե ՀՀՇ-ի հաջորդներն են, ապա պետք է ասեմ, որ «իմպիչմենտի» տարրերն իրենց գործողությունների մեջ տարբեր ժամանակներում եղել են, միգուցե այդ հիշողությունը դեռ իրենց մեջ վառ է, դրա համար այդ տերմինն օգտագործում են», - ասաց պատգամավորը՝ շարունակելով․ - «Իսկ եթե փորձում են քաղաքական առումով որոշակի քննարկման թեմա դարձնեն, ես իրենց խորհուրդ կտամ ընթերցել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 57-րդ հոդվածը, առհասարակ Սահմանադրությունը լավ ուսումնասիրեն՝ կապված իմպիչմենտի հետ, այնուհետև նոր տարբեր հայտարարություններ անեն»:

«Ինչ վերաբերում է տվյալ քննարկմանը՝ երկրի նախագահը, տեսնելով խնդիրները այս կամ այն ոլորտներում, փորձել է տալ գնահատական և նաև որոշակի առումով կարգավորել: Ո՞րն է այստեղ լիազորությունների անցումը կամ սահմանադրական նորմի խախտումը, որ մեր որոշ գործընկերներ ոգևորվել, եկել են ինչ-որ չգիտեմ ինչ խնդիրներ են ուզում բարձրացնեն», - ընդգծեց իշխող կուսակցության խմբակցության քարտուղարը:

Սահմանադրության 57-րդ հոդվածը սահմանում է. - «Հանրապետության Նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար»:

Հովհաննես Սահակյանը չի կիսում այս օրերին հնչող այն մտահոգությունները, որ իշխանությունները ծրագրել են սահմանափակել Վերահսկիչ պալատի լիազորությունները։ Մտահոգությունները ընդդիմադիրները հնչեցում են Վերահսկիչ պալատի մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի առաջարկից հետո, որով նախագահը հանդես էր եկել Հանրապետականի գործադիր մարմնի անցած շաբաթվա նիստում։

Իշխող կուսակցության խմբակցության քարտուղարի կարծիքով, նախ՝ օրենսդրական փոփոխությունները միանշանակորեն չեն ենթադրում լիազորությունների սահմանափակում, և երկրորդ՝ «եթե որևէ լուրջ առաջարկ լինի նաև ընդդիմադիրների կողմից, մեր ընդդդիմադիր գործընկերները գիտեն, որ ցանկացած կառուցողական առաջարկ Ազգային ժողովում անպայման քննարկվում է, և եթե իսկապես դա կառուցողական է, ոչ թե էժանագին դիվիդենտներ հավաքելու գործընթաց, ապա արժանանում է մեծամասնության հավանությանը, և համատեղ կյանքի են կոչում այդ նախաձեռնությունը»:

Ինչ վերաբերում է Հանրապետականի առաջարկներին, ապա, Սահակյանի փոխանցմամբ, հիմնական առաջարկներից մեկն այն է, որ Վերահսկիչ պալատը օրենքով պարտավորված լինի իր հաշվետվություններն ուղարկել քննչական մարմիններին, որոնք էլ կորոշեն չարաշահումներում հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը։
XS
SM
MD
LG