Մատչելիության հղումներ

Երևանում մեկնարկել է հոբելյանական «Ոսկե ծիրանը»


Շարլ Ազնավուրը իր աստղի բացմանը, 7-ը հուլիսի, 2013

Շարլ Ազնավուրը իր աստղի բացմանը, 7-ը հուլիսի, 2013

Կիրակի երեկոյան Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային օպերային թատրոնում տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» 10-րդ հոբելյանական միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։

Լեփ լեցուն դահլիճը հոտնկայս ծափահարեց Շարլ Ազնավուրին, երբ «Ոսկե ծիրանի» պատվավոր տնօրեն, կանադահայ անվանի կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը նրանց հանձնեց փառատոնի ամենապատվավոր հյուրերի համար նախատեսված բարձրագույն պարգևը՝ Փարաջանովյան թալերը՝ համաշխարհային կինոարվեստում ունեցած բացառիկ վաստակի և ներդրման համար։

Ցուցադրվեց նաև ուղիղ հիսուն տարի առաջ Հայաստան Ազնավուրի կատարած առաջին այցի մասին պատմող ֆիլմը։ Ատոմ Էգոյանն էլ ասաց, որ Ազնավուրը աշխարհում ամենահայտնի հայն է, և բոլորն են նրան սիրում, իսկ նա էլ իր ժողովրդին է շատ սիրում։

Հանդիսավոր երեկոն եզրափակվեց 1960 թվականին ֆրանսիացի հանրահայտ կինոռեժիսոր Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակել դաշնակահարին» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությամբ։ Ֆիլմի գլխավոր դերակատարը Շարլ Ազնավուրն է։

Մինչ այդ էլ Ազնավուրի հրապարակում բացվեց Ազնավուրի անվանական աստղը՝ համալրելով կինոփառատոնին տարբեր տարիներին մասնակից համաշխարհային հռչակի այլ արվեստագետների այլ անվանական աստղերի շարքը։

Ազնավուրը, ով շրջապատված էր պաշտոնյաներով, թիկնապահներով, օպերատորներով, նկատի ունենալով իր փոքրամարմին արտաքինը, ասաց. - «Ինձ անընդհատ մեծացնում են ու մեծացնում, բայց ես փոքր եմ մնում»։

Երեկ առավոտվանից «Ոսկե ծիրանի» մամլո կենտրոնը ծանուցում է փառատոնին մասնակից հայ և արտասահմանցի կինոռեժիսորների ասուլիսների մասին։ Թե Ազնավուրը, թե Ատոմ Էգոյանը, և թե Արտավազդ Փելեշյանը մամուլի ներկայացուցիչների հետ շփումներից կարծես թե խուսափում են. նրանք նույնիսկ ներկա չէին այսօր «Գոլդեն թյուլիփ» հյուրանոցում մամուլի ներկայացուցիչների հետ ավանդական կոկտեյլ հանդիպմանը։ Սակայն հուլիսի 12-ին նախատեսված է Արտավազդ Փելեշյանի մամուլի ասուլիսը։

Փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանն էլ հորդորում է լրագրողներին հանգիստ թողնել 89-ամյա Ազնավուրին։ «Պարզապես վայելեք նրա ներկայությունը, չէ որ նա ընդամենը մի քանի օրով է եկել», - ասաց Խաչատրյանը։

Վաղն Ազնավուրը կմեկնի Հայաստանից։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG