Մատչելիության հղումներ

logo-print

Հուլիսի 7-ից Հայաստանում ուժի մեջ են մտել գազի ու էլեկտրաէներգիայի նոր՝ ավելի բարձր սակագները, իսկ կառավարության խոստացած սուբսիդավորման վերաբերյալ որևէ պաշտոնական որոշում կամ պայմանավորվածություն առայժմ չկա:

Հիշեցնենք՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 7-ին, հաստատեց գազի եւ էլեկտրաէներգիայի նոր սակագները: Ըստ այդմ` մինչեւ 10 հազար խորանարդ մետր գազ սպառողը հուլիսի 7-ից մեկ խորանարդ մետր գազի դիմաց վճարում է 156 դրամ` նախկին 132 դրամի փոխարեն: Անցած շաբաթներին վարչապետը, էներգետիկայի ու բնական պաշարների նախարարը, բազմիցս հայտարարել են, թե կառավարությունը միջոցներ է հատկացնելու գազի նոր գինը սուբսիդավորելու համար:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, օրինակ, վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել էր, թե բանակցություններ են վարում Ռուսաստանի հետ՝ դրամաշնորհ ստանալու նպատակով, որպեսզի կարողանան իրականացնել սուբսիդավորումը: Ճիշտ է, վարչապետի այդ խոսքերից հետո «Գազպրոմի» պաշտոնական կայքէջը բացահայտեց, որ իրենք Հայաստանի իշխանությունների բանակցություններ են վարում «Հայռուսգազարդում» Հայաստանի կառավարությանը պատկանող վերջին 20% բաժնեմասը վերցնելու համար, սակայն անգամ այդ հրապարակումից հետո որևէ վերջնական պաշտոնական որոշում կամ պայմանավորվածություն չեղավ սուբսիդավորման հարցում:

Հայաստանի կառավարության ներկայացուցիչները (ոչ պաշտոնապես իհարկե) ասում էին, թե նաև կա եվրաբոնդերի տարբերակը: Այսինքն՝ Հայաստանը պարտատոմսեր է թողարկելու եվրոպական շուկայի համար, որոնցից ստացված միջոցներով էլ մասնակիորեն սուբսիդավորելու է ռուսական գազի թանկացումը: Սակայն այստեղ ևս նորություն չունենք:

Ուշագրավ է, որ երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատում էր գազի նոր գինը, հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Նազարյանը հայտարարեց, թե գազի նոր սակագինը իրենք սահմանում են 156 դրամ և ոչ թե 221, ինչպես պահանջում է «Հայռուսգազարդը», քանի որ վարչապետ Տիգրան Սարգսյանը իրեն գրավոր հավաստիացրել է, որ կառավարությունը 30 տոկոսով սուբսիդավորելու է գազի սակագինը:

«Օրակարգ» պարբերականի տնտեսական մեկնաբան Արմենակ Չատինյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մտահոգիչ բնութագրեց ստեղծված իրավիճակը:

«Ստացվում է, որ հիմա վաճառվում է գազը մի գնով, որի հիմքում դրված է 189 դոլար, այն դեպքում, երբ «Հայռուսգազարդը» ձեռք է բերում 270-ով: Այդ 81 դոլարի ճակատագիրը մինչև հիմա հայտնի չէ», - մեկնաբանեց նա, - «Հայաստանի քաղաքացիները իրավունք ունեն գիտենալ, թե սուբսիդավորվելո՞ւ է արդյոք գազը, ինչքանո՞վ, ի՞նչ միջոցների հաշվին»:

Անդրադառնալով սուբսիդավորման համար Ռուսաստանի կողմից դրամաշնորհի հնարավոր տրամադրմանը՝ Չատինյանը նշեց, որ իր հաշվարկներով, խոսք է գնում մոտավորապես 150 միլիոն դոլարի դրամաշնորհի մասին:

«Մենք բոլորս գիտենք, որ մի պետություն մեկ այլ պետությանը նման գումար հենց այնպես երբեք չի տրամադրի: Դրա դիմաց ինքը ինչ-որ պայմաններ է դնելու», - համոզմունք հայտնեց Չատինյանը, - «Հայաստանի դեպքում դա կարող է լինել, որ մեզ կտրամադրեն դրամաշնորհներ եւ փոխարենը մեզ կպարտադրեն անդամակցել Մաքսային միությանը»:

Տնտեսագետ Սամվել Ավագյանը նույնպես տեսակետ հայտնեց, թե սուբսիդավորման հետ կապված նորության բացակայությունը պետք է բացատրել այն հանգամանքով, որ Հայաստանի կառավարությունը դեռ պայմանավորվածության չի հանգել Մոսկվայի հետ:

«Ռուսաստանը որոշակի ճնշում է գործադրում Վիլնյուսում նախատեսվող Ասոցացման պայմանագրի նախաստորագրման գործընթացից առաջ: Ռուսաստանը շահագրգռված չէ, որ Հայաստանի եւ Եվրամիության միջև ազատ առևտրի համաձայնագիրը կնքվի: Ու գազի գինը, հնարավոր է, որ որպես լծակ օգտագործվում է», - մեկնաբանեց տնտեսագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG