Մատչելիության հղումներ

Ճաղավանդակները կփոխարինվեն ազատավանդակներով


Վայրի բնությանը սովոր, բայց կենդանաբանական այգու ճաղավանդակներում պահվող կենդանիների համար կառուցվում են նոր ազատավանդակներ:

Այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ գոյություն ունեն ստանդարտներ, որոնց համաձայն՝ վայրի բնությանը սովոր կենդանիներին ագելվում է պահել փոքր ճաղավանդակներում ու ծառայեցնել ժողովրդին:

Տնօրենը տեղեկացրեց, որ ազատավանդակների շահագործումը այն առաջին քայլերից է, որով Երևանի կենդանաբանական այգին փորձում է դառնալ «Եվրոպական կենդանաբանական այգիներ և ակվարիումներ» ասոցիացիայի լիիրավ անդամ:

Ասոցիացիան կենդանիների պահպանման պայմանների համար ստանդարտներ է մշակում և հետագայում հետևում է դրանց խնամքի ու բազմացման խնդիրներին։

Բորենու համար նախատեսված ազատավանդակի շինարարությունն արդեն ավարտված է: Ֆինանսական խնդիրները լուծվել են մասնավոր ներդրողի ու այգու միջոցներով: Այժմ ընթանում է 3500 քառակուսի մետր մակերես ունեցող վագրերի համար նախատեսված ազատավանդակի շինարարությունը:

«Ունենալու է փոքրիկ լճակ, ջրվեժ, առանձին ձմեռանոց, 2000 քմ-ից ավելի ժայռափոր մակերես՝ իր ծառերով: Սա առաջին լուրջ ազատավանդակն է լինելու, որպես օրինակ, թե հետագայում ինչ տեսք է ունենալու կենդանաբանական այգին»,- փոխանցեց Խաչատրյանը:

Հարցին, թե ազատավանդակները որքանո՞վ են անվտանգ այցելուների և կենդանիների համար, կենդանաբանական այգու տնօրենը պատասխանեց. - «Եթե բորենիների օրինակը վերցնեք, կտեսնեք, որ չկա ճաղավանդակ: Կենդանին կարող է երկինքը տեսնել, հողի վրա քայլել, ջրի մեջ թավալվել, այսինքն իր համար բնականոն միջավայր է ստեղծվել, որը նաև ապահով է մարդկանց համար: Դրա վրա, իհարկե, առաջին հերթին շատ կարևոր է, որ մասնագետներ աշխատեն։ Շնորհիվ Ամստերդամի կենդանաբանական այգու տնօրեն Հայկ Բալյանի, տարին մի քանի անգամ աշխարհի լավագույն մասնագետները գալիս են Հայաստան, և տեղում մանրակրկիտ քննարկվում են նոր ստեղծվելիք ազատավանդակներն ու այգու հատակագիծը: Իսկ Հայաստանում ու տարածաշրջանում չկան այդ մասնագետները»:

Երրորդ ազատավանդակը կկառուցվի առյուծների համար: Հարցին, թե արդյոք այգու տարածքը կբավականացնի՞ բոլոր վանդակները փոխելու համար, Խաչատրյանը պատասխանեց, որ փաստաթղթերով այգին ունի մոտ 34 հեկտար տարածք, այսօր օգտագործվում է 8 հեկտարը միայն: Սակայն տնօրենը հավելեց, որ այգին, այնուամենայնիվ, տարածքի խնդիր ունենալու է, որովհետև 34 հեկտարը ամրագրված է միայն փաստաթղթերով, իսկ իրականությունն այլ բան է փաստում:

«Ժամանակի ընթացքում նաև կենդանաբանական այգու կողմից աչքաթող են արվել այգու տարածքները, որտեղ ապօրինաբար մարդիկ զավթումներ են կատարել. կամ այգիներ են մշակել, կամ տներ են կառուցել, և այսօր խնդիր կա այդ մարդկանց հետ, որովհետև այգին չի կարողանում իր հասանելիք տարածքում շինարարություն անել>,-նշեց տնօրենը:

Անդրադառնալով այգու այլ կարևոր ու հրատապ լուծում պահանջող խնդիրներին՝ Խաչատրյանը նշեց. - «Արդեն երկար տարիներ կենդանաբանական այգին չունի տարածք, որտեղ նորմալ պայմաններում կարելի է խնամել կենդանուն, բժշկական միջամտություն իրականացնել: Սա ամենահրատապ խնդիրն է, որն այս տարի անպայման լուծելու ենք, և եթե մեր ֆինանսական միջոցները թույլ տան, կլուծվի կերախոհանոցի հարցը: Այսօր կենդանիների սննդակարգի տեղային լուծումներ ենք տալիս, իսկ իրականում դա ճիշտ ձևաչափը չէ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG