Մատչելիության հղումներ

Տոլմայի համահայկական փառատոնը կանցկացվի երրորդ անգամ


Փառատոնն անցկացվում է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում:

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ փառատոնին մասնակցության հայտ են ներկայացրել Երևանի և մարզերի մի շարք ռեստորաններ և խոհարարներ: Տաղավարներում ներկայացվելու է տոլմայի 60-ից ավելի տեսակներ:

«Այս տարի թիմերին տրվելու է առաջադրանք՝ պատրաստել ամենաերկար տոլման։ Այն հնարավոր է գրանցվի նաև Գինեսի ռեկորդների գրքում», - ասաց Մամուլյանը:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջոցառումների կազմակերպիչ Վարդան Հակոբյանի խոսքով՝ կինոփառատոնների համար, որոնք 50-60 երկրներից հյուրեր են ունենում, և որոնք դեռևս այնքան էլ հայտնի չեն, շատ կարևոր է հյուրասիրությունը, այն տպավորությունները, որ կստանան հյուրերը: Տոլմայի փառատոնը, Հակոբյանի կարծիքով, այս առումով շատ կարևոր է:

«Այն տպավորությունները, որ ստանում են հյուրերը Սարդարապատում՝ ժողովրդի հետ անմիջական շփման ընթացքում, հնարավոր չէ փոխանցել ռեստորաններում կամ հյուրանոցներում հյուրասիրության ընթացքում», - ասաց Հակոբյանը։

Ազգագրագետ Սվետլանա Պողոսյանն էլ ասաց, որ փառատոնի անցկացման վայրը՝ Սարդարապատի հուշահամալիրը, պատահական չի ընտրվել, այն ազգային մշակույթ ու ավանդույթները ներկայացնելու լավագույն վայրերից է: Ազգագրագետի կարծիքով՝ ապացուցելու կարիք չկա, որ տոլման հայկական ուտեստ է, պարզապես պետք է այն ևս մեկ անգամ ներկայացնել:

Սեդրակ Մամուլյանը տեղեկացրեց, որ տոլմայի փառատոնը կմեկնարկի հուլիսի 10-ին, ժամը 18-ին: Այս տարի իրենք չեն լուծելու մարդկանց տեղափոխման հարցը: Նորություններից մեկն էլ այն է, որ տոլմայի համտեսը վճարովի է լինելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG