Մատչելիության հղումներ

«Ուկրաինան կաջակցի ղարաբաղյան գործընթացին»


ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարա, արխիվ

ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարա, արխիվ

ԵԱՀԿ-ի գործող նախագահի և Ադրբեջանի արտգործնախարարի բանակցություններում մանրամասն քննարկման թեման ղարաբաղյան խնդիրն էր:

Մամեդյարով. «Համանախագահները պետք է ավելի ակտիվ աշխատեն»

Ադրբեջանը ԵԱՀԿ-ին կոչ է անում ակտիվացնել Մինսկի խմբի աշխատանքը։ Այդ մասին, ըստ «Թրենդ» լրատվական գործակալության, այսօր Բաքվում ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարայի հետ բանակցություններից հետո ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։

Նա հայտնել է, որ բանակցությունների ընթացքում մանրամասն քննարկման թեման ղարաբաղյան խնդիրն էր։ Մամեդյարովի խոսքերով, Ուկրաինան` որպես ԵԱՀԿ-ի նախագահող երկիր, մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը և կաջակցի դրան։

Մամեդյարովն ասել է, որ համանախագահները պետք է ավելի հաճախ հանդիպեն, քանի որ դա կօգնի կարգավորմանը։

«Ես տեղեկություններ եմ փոխանցել գործընկերոջս բանակցային գործընթացի մասին։ Մենք ծրագրում ենք առաջիկայում ևս մեկ հանդիպում համանախագահների հետ», - ասել է Մամեդյարովը և ավելացրել. - «Այսօրվա դրությամբ, գլխավոր բարդությունը Ադրբեջանի տարածքում հայկական ուժերի ներկայությունն է, դրանք անհրաժեշտ է հեռացնել այնտեղից»։

Մամեդյարովը հավաստիացրել է, որ Ադրբեջանը Մադրիդի Հիմնարար սկզբունքների եղանակով խնդիրը խաղաղ կարգավորելու կողմնակից է և ցանկանում է հնարավորինս արագ սկսել աշխատանքը մեծ համաձայնագրի վրա։

Կոժարա. «Կոնֆլիկտի հետևանքով ճակատագրեր են կործանվում»

Բաքվում խնդիրը մեկնաբանել է նաև ԵԱՀԿ-ի գործող նախագահը։ Նրա հավաստիացմամբ՝ Ուկրաինան անհրաժեշտ է համարում ակտիվացնել Մինսկի խմբի գործունեությունը, որը վերջին ժամանակաշրջանում փոքր-ինչ նվազել է։

Նա ասել է, որ Լեռնային Ղարաբաղի համակարտության կարգավորումը ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության առաջնահերթություններից մեկն է։

«Մեզ մտահոգում է այդ հարցը, մենք սատարում ենք Մինսկի խմբին և գտնում ենք, որ այն պետք է ավելի ակտիվ աշխատի», - ասել է Լեոնիդ Կոժարան և ավելացրել, որ պաշտոնական Կիևը խիստ կարևոր է համարում հայ և ադրբեջանական համայնքների հանդիպումները և ամեն կերպ կնպաստի դրանց կազմակերպմանը։ Նրա խոսքերով, հումանիտար շփումները կարող են օգնել կարգավորման գործընթացին։

«Ցանկացած կոնֆլիկտի հետևանքով մարդկային ճակատագրեր են կործանվում, այդ վերքերը շատ երկար չեն բուժվում, մեր համոզմամբ, Հայաստանի և Ադրբեջանի հասարակական կազմակերպությունները պետք է ավելի հաճախ հանդիպեն, հանդիպումների իմաստը մարդասիրական աղետը մեղմելու մեջ է», - ասել է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG