Մատչելիության հղումներ

Եգիպտոսի բանակը կրակել է ցուցարարների վրա


Եգիպտոս - Ցուցարարները տանում են բանակի հետ բախման հետեւանքով զոհված իրենց ընկերոջ դին, Կահիրե, 8-ը հուլիսի, 2013թ․

Եգիպտոս - Ցուցարարները տանում են բանակի հետ բախման հետեւանքով զոհված իրենց ընկերոջ դին, Կահիրե, 8-ը հուլիսի, 2013թ․

Առավոտյան բռնությունը, որի հետեւանքով մի քանի տասնյակ մարդիկ են զոհվել եւ վիրավորվել, ներքաղաքական ճգնաժամը երկրում է՛լ ավելի սրվեց:

Լուսադեմին Կահիրեում տեղի ունեցած արյունահեղության զոհերի թիվը ժամ առ ժամ աճում է: Եգիպտոսի պետական հեռուստաընկերության տվյալներով՝ մի քանի ժամ առաջ տեղի ունեցած բախումների ընթացքում առնվազն 42 ցուցարար է զոհվել: Պաշտոնանկ արված նախագահ Մոհամադ Մուրսիի կողմնակիցները այլ թիվ են նշում` առնվազն 53 զոհ:

Հերթական ողբերգությունը Կահիրեում տեղի ունեցավ վաղ առավոտյան, երբ բանակային ստորաբաժանումները հրաման ստացան ցրել Նախագահական գվարդիայի զորանոցի առջև նստացույց անցկացնող Մուրսիի կողմնակիցներին: «Մահմեդական եղբայրություն» կուսակցության անդամները պատահաբար չէին հավաքվել հենց այդտեղ, քանի որ, Կահիրեում համառորեն շրջանառվող լուրերի համաձայն, զինվորական հրամանատարությունը զորանոցի տարածքում գտնվող ակումբում է պահում ձերբակալված նախագահ Մուրսիին:

Զինվորականները պնդում են, թե ցուցարարները, որոնց բանակի ներկայացուցիչները, ի դեպ, «ահաբեկիչ» են անվանում, փորձել են գրոհել զորանոցը: «Մահմեդական եղբայրության» ներկայացուցիչները, սակայն, հերքում են դա՝ նշելով, որ բանակայինների հարձակումը անակնկալ է եղել, քանի որ իրականացվել է առանց նախազգուշացման` լուսադեմի աղոթքի` Ֆաջրի ժամանակ:

Հարձակման արդյունքում նաև բազմաթիվ վիրավորներ կան, որոնց տեղափոխում են ոչ թե պաշտոնական հիվանդանոցներ, այլ Կահիրեի արվարձաններից մեկում` Նասր-Սիթիում բացված դաշտային հոսպիտալ:

«Ավելի քան 100 վիրավոր կա, բոլորը՝ հրազենային վնասվածքներով: Զոհերի թիվը ևս մեծ է, նրանցից հինգը երեխաներ են», - նշել է «Մահմեդական եղբայրության» կողմնակից բժիշկներից մեկը:

Վիրավորներից մեկն էլ Reuters-ի թղթակցին պատմել է․ - «Զինվորներն արցունքաբեր գազի նռնակով կրակեցին ուղիղ իմ դեմքին: Երբ ես հայտնվեցի գետնին, զինվորներից մեկը սկսեց ոտքիս հարվածել իր ավտոմատի խզակոթով` ասելով, որ բոլորիս պետք է մաքրել այդ հրապարակից»:

Առավոտյան բռնության արդյունքում ներքաղաքական ճգնաժամը Եգիպտոսում է՛լ ավելի սրվեց:

Ծայրահեղ իսլամիստների շահերը ներկայացնող «Նուր» կուսակցությունը, որ ընդամենը մի քանի օր առաջ պաշտպանել էր բանակի գործողությունները, հայտարարեց, որ դուրս է գալիս նոր կառավարության ձևավորման շուրջ բանակցություններից:

Ազատական ուժերի առաջնորդ Մոհամադ Էլ-Բարադեին ևս դատապարտել է կատարվածը` կոչ անելով անկախ հետաքննություն իրականացնել: Բարադեին Twitter-ի իր էջում գրել է. - «Եգիպտոսը հաշտեցման ծայրահեղ անհրաժեշտություն ունի»:

Ինչ վերաբերում է «Մահմեդական եղբայրության» դեռևս ազատության մեջ գտնվող ղեկավարներին, ապա նրանք կոչ են արել իրենց կողմնակիցներին չհեռանալ փողոցներից` շարունակելով դիմադրել բանակային ստորաբաժանումներին: «Մահմեդական եղբայրության» ներկայացուցիչների պնդմամբ` «Եգիպտոսի բանակի հրամանատարությունը երկիրը տանում է սիրիական ուղով»:

Ուշագրավ է, որ երեկ Աստանա կատարած աշխատանքային այցի շրջանակներում նույնն էր ասել Ռուսաստանի նախագահը: «Սիրիայում քաղաքացիական պատերազմ է: Ցավալի է դա ասել, բայց կարծես թե Եգիպտոսը ևս այդ նույն ուղղությամբ է շարժվում: Լավ կլիներ, որ Եգիպտոսի ժողովուրդը կարողանար խուսափել այդ բացասական հետևանքներից», - նշել է Վլադիմիր Պուտինը:

Եգիպտոսի նոր իշխանությունների հասցեին խիստ քննադատություն է հնչեցրել նաև պաշտոնական Անկարան: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն նշել է․ - «Ես խստորեն դատապարտում եմ Եգիպտոսում առավոտյան աղոթքի ժամանակ տեղի ունեցած կոտորածը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG