Մատչելիության հղումներ

Սաֆարյան․ «Քաղաքական մյուս ուժերը կաշկանդված են և չեն կարող դատապարտել այս գործարքը»


Ադրբեջանի բանակը իր զինտեխնիկան է ցուցադրում Բաքվում անցկացվող զորահանդեսի ժամանակ, 26-ը հունիսի, 2013թ․

Ադրբեջանի բանակը իր զինտեխնիկան է ցուցադրում Բաքվում անցկացվող զորահանդեսի ժամանակ, 26-ը հունիսի, 2013թ․

«Ժառանգության» վարչության գլխավոր քարտուղարը բեռլինյան խորհրդաժողովում բարձրացրել է Մոսկվայի կողմից Բաքվին զենքի վաճառքի հարցը:

Բոլորն էլ հասկանում են, որ սպառազինությունները ձեռք են բերվում` պատերազմի միջոցով խնդիրը լուծելու համար, ինչը չի կարող չմտահոգել աշխարհին: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այդ մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, ով մի քանի օր առաջ է վերադարձել Բեռլինում կայացած «Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկողության ապագան» թեմայով երկօրյա միջազգային խորհրդաժողովից:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ արդյոք Բեռլինում քննարկվե՞լ է վերջերս Ռուսաստանի կողմից Ադրբեջանին շուրջ 1 միլիարդ դոլարի զինտեխնիկայի վաճառքի հարցը, Սաֆարյանն ասաց, որ ինքը խորհրդաժողովի ընթացքում բարձրացրել է այն, սակայն հարցը քննարկվել է Կովկասի ռազմականացման համատեքստում՝ մի գործընթաց, որը տեղի է ունենում տարիներ շարունակ:

Սա մտահոգում է Եվրոպային, հատկապես երբ 2007 թվականից Ռուսաստանը առկախեց իր մասնակցությունը Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրում, ասաց Սաֆարյանը և շարունակեց․- «Այդ պայմանագիրն էր, լավ թե վատ, կանոնակարգում, թե որ տարածաշրջանում որքան սպառազինություն կարող է կուտակվել: Եվ դրանից հետո, իհարկե, եղան շատ այլ գործարքներ Ադրբեջանի ու այլ պետությունների միջև, որի արդյունքում Ադրբեջանը սկսեց խախտել Սովորական սպառազինությունների մասին պայմանագրով տարածաշրջանում թույլատրելի քվոտան: Եվ այս առումով, իհարկե, վերջին գործարքը, որը կնքվեց Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, գալիս է է՛լ ավելի խախտելու Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագիրը»:

«Բոլորն էլ հասկանում են, որ այդ սպառազինությունները ձեռք են բերվում՝ պատերազմի միջոցով խնդիրը լուծելու համար, և չի կարող, բնականաբար, չմտահոգել աշխարհին», - ընդգծեց «Ժառանգության» վարչության գլխավոր քարտուղարը:

Մտահոգությունների առանցքը Ռուսաստան - ՆԱՏՕ առկա անվստահությունից է գալիս, ասաց Սաֆարյանը՝ ավելացնելով․- «Բոլորն էլ հրաշալի հասկանում են, որ Կովկասը՝ որպես էներգետիկ միջանցք, որպես Եվրոպան Միջին Ասիային կապող օղակ, ուղղակի կարող է շատ պայթյունավտանգ վիճակում հայտնվել, և այս առումով, իհարկե, բոլորը ուղղակի մտահոգված են: Բայց վերտարածաշրջանային լուծումներ փնտրելուց զատ ինչ կարող է առաջարկվել, օրինակ, Կովկասի համար: Բոլորը մտածում են՝ ինչպես գալ համաեվրոպական մի նոր համաձայնագրի, կամ թարմացված համաձայնագրի, որը կլուծի բոլոր անվստահության խնդիրները»:

Հայաստանյան քաղաքական ուժերից առայժմ միայն «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցություններն են իրենց կարծիքը հրապարակել Ռուսատանի կողմից Ադրբեջանին ձեռք վաճառելու փաստի առնչությամբ:

Սաֆարյանի խոսքով՝ «Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվել է այնպիսի զինատեսակ, որը ուղղակի, ինչպես մասնագետներն են դա ասում, միջուկային զենքից հետո երկրորդն է իր հզորությամբ»: «Եվ սրա մասին չխոսել՝ այն դեպքում, երբ այդ զենքը, Աստված մի արասցե, կարող է մի օր իսկապես օգտագործվել Հայաստանի դեմ կամ Լեռնային Ղարաբաղի դեմ, սրա մասին, սրա դեմ չխոսել՝ սա, իհարկե, պիտի լուրջ բացատրություններ ունենա», - շեշտեց «Ժառանգության» գլխավոր քարտուղարը և կարծիք հայտնեց, որ «մնացած քաղաքական ուժերը ուղղակի կաշկանդված են, անկախ չեն և ունեն ինչ-ինչ թելեր ինչ-ինչ շրջանակների հետ, որի պատճառով չեն կարող ուղղակի դատապարտել այս գործարքը»:
XS
SM
MD
LG