Մատչելիության հղումներ

Ներգաղթյալների նկատմամբ ռուսաստանցիների վերաբերմունքը «ավելի ու ավելի բացասական է դառնում»


Ռուսաստան - Մոսկվայում ձերբակալված 952 ապօրինի ներգաղթյալներ, մայիս, 2013թ․
Ռուսաստան - Մոսկվայում ձերբակալված 952 ապօրինի ներգաղթյալներ, մայիս, 2013թ․

«Լեւադա» կենտրոնը հրապարակել է իր անցկացրած հերթական հարցման արդյունքները:

Ռուսաստանցիների 84 տոկոսը կողմ է Հարավային Կովկասի և Միջին Ասիայի հանրապետությունների հետ վիզային խիստ ռեժիմ սահմանելու գաղափարին: Սա են վկայում անցած շաբաթավերջին մոսկովյան ամենահեղինակավոր սոցիոլոգիական ծառայություններից մեկի` «Լևադա» կենտրոնի հրապարակած հարցման արդյունքները:

Ռուսաստանցի սոցիոլոգները հարցումն անցկացրել են հունիսի 20-24-ը` երկրի 45 մարզերի և երկրամասերի 1600 չափահաս բնակիչների շրջանում:

Մոսկվացի մասնագետները, ամփոփելով հետազոտության արդյունքները, հանգում են հետևության, որ «ներգաղթյալների նկատմամբ ռուսաստանցիների վերաբերմունքը գնալով ավելի ու ավելի բացասական է դառնում»:

Այսպես, հարցվածների 69 տոկոսը պնդել է, որ այն քաղաքում կամ մարզում, որտեղ բնակվում են, կովկասցի և միջինասիացի ներգաղթյալների թիվը չափազանց մեծ է: Հարցվածների միայն 41 տոկոսն է կարծում, որ այն աշխատանքը, որ կատարում են ներգաղթյալները, օգուտ է բերում նաև Ռուսաստանի Դաշնությանը:

«Լեւադա»-ի մասնագետների վկայությամբ՝ այսօր ռուսաստանցիները դեմ են ներգաղթյալներին ցանկացած, թեկուզ փոքր արտոնություն տրամադրելուն: Այսպես, հարցին՝ «կո՞ղմ եք արդյոք, որ ռուսական բանակում մեկ տարի ծառայած ներգաղթյալներին Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն շնորհվի», դրական է պատասխանել հետազոտության մասնակիցների միայն 35 տոկոսը: Հարցվածների 54 տոկոսի համար նման տարբերակն անընդունելի է:

Ռուսաստանցիների համար անընդունելի է նաև ներգաղթյալների երեխաներին մշտական կեցության իրավունքի տրամադրումը այն բանից հետո, երբ նրանք հաջողությամբ ավարտեն ռուսական դպրոցները: Սրան դեմ է հարցվածների ուղիղ կեսը: Փոխարենը, ըստ «Լեւադա»-ի մասնագետների, հարցվածների 74 տոկոսը կարծում է, որ ներգաղթյալներին Ռուսաստանի տարածքում աշխատելու հնարավորություն պետք է տրամադրվի միայն մի դեպքում` եթե նրանք հաջողությամբ հանձնեն ռուսաց լեզվի քննությունը:

Ի դեպ, ռուսաստանցիների ճնշող մեծամասնությունը պնդում է, որ ներգաղթյալներին բնորոշ հիմնական գծերն են ռուսերենի վատ իմացությունը, աշխատանքային ցածր որակավորումն ու տհաճ արտաքին տեսքը: Ռուսաստանցիների միայն 27 տոկոսն է նշել, որ նախկին խորհրդային հանրապետություններից Ռուսաստան ներգաղթածներն ի վիճակի են որակյալ աշխատանք իրականացնել` դրա դիմաց բավական ցածր վարձատրություն ակնկալելով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG