Մատչելիության հղումներ

logo-print

Կարծես թե ավարտվում են Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ ամիսներ տևած խոսակցությունները։

Կարծես թե ավարտվում են Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ ամիսներ տևած խոսակցությունները։ BBC-ն հայտնում է, որ «Լիվերպուլ»-ը կորցրեց իր հիմնական տրանսֆերային նպատակներից մեկին, քանի որ Դոնեցկի «Շախտյոր»-ը 21.5 միլիոն ֆունտ ստեռլինգով համաձայնության է եկել Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ։

Մարզական մեկնաբան Ֆիլ ՄըքՆալթին գրում է, որ 24-ամյա հայ ֆուտբոլիստի հետ շատ էր ցանկանում պայմանագիր կնքել «Լիվերպուլ»-ը, սակայն գործարքը ձախողվել է։ BBC-ի տվյալներով, արդեն երեկ «Լիվերպուլ»-ին հայտնել են, որ ուկրաինական կողմը համաձայնության է եկել չեմպիոնների լիգայի եզրափակչում հանդես եկած «Բորուսիա»-ի հետ։

Մխիթարյանի «Բորուսիա» տեղափոխմանն է անդրադարձել նաև «Շախտյոր»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը։ Ռուսական «Спорт День за Днем» պարբերականի փոխանցմամբ, այսօր երեկոյան կայանալիք «Շախտյոր»-«Զենիթ» հանդիպումից առաջ կայացած մամլո ասուլիսում նա ասել է, որ ֆուտբոլիստների հեռացումը անխուսափելի գործընթաց է, բայց իրենք ամեն ինչ պետք է անեն ակումբը ավելի ուժեղ դարձնելու համար։

«Շախտյոր»-ի գլխավոր տնօրենի խոսքով, Մխիթարյանը ակումբի հետ որևէ կապ չի հաստատել, և եթե տեղափոխումը չկայանա, ապա նրա հանդեպ պատժամիջոցներ կկիրառվեն։

Պալկինը ասել է, որ բանակցությունները «Բորուսիա»-ի հետ դեռ շարունակվում են։ Գերմանական ակումբը Մխիթարյանի համար առաջարկում է 25 միլիոն եվրո, մինչդեռ իրենց դա չի գոհացնում։

«Հնարավոր է փոխզիջումների գնանք, շատ հնարավոր է, որ մոտ ժամանակներս որևէ ընդհանուր որոշման գանք», - ասել է Պալկինը։

Գերմանական մամուլը, մինչդեռ, գրում է, որ գործարքն արդեն կայացել է։ «Բիլդ» հանդեսի փոխանցմամբ, Մխիթարյանի հետ պայմանագիրը կնքվում է հինգ տարով` մինչեւ 2018 թվականը։ «Բորուսիան» հայ ֆուտբոլիստի համար կվճարի 24 միլիոն եվրո։

Թեև «Շախտյոր»-ը կամ «Բորուսիան» դեռ պաշտոնապես չեն հաստատում Մխիթարյանի տեղափոխման լուրը, բայց երեկ Մխիթարյանի անունը որպես ակումբի ֆուտբոլիստ հայտնվել է Բորուսիայի Վիքիպեդիայի էջում, թեև մի քանի ժամ անց հեռացվել է։

«[Մխիթարյանի] Գերմանական առաջատար ակումբ տեղափոխվելը մեծ ձեռքբերում է հայկական ֆուտբոլի համար», - կարծում է մարզական մեկնաբան Արմեն Մելիքբեկյանը։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա ասաց, որ «Բորուսիա» տեղափոխվելը Մխիթարյանին նոր հնարավորություններ է տալիս։

Արմեն Մելիքբեկյանը կարծում է, որ «Բորուսիա»-ն Մխիթարյանին ձեռք է բերում կոնկրետ դիրքում խաղալու համար, և պետք չէ մտածել, որ նա կարող է մնալ պահեստայինների նստարանին։

«Ժամանակի ընթացքում կբարձրանա Մխիթարյանի խաղամակարդակը, ինչն էլ կնպաստի նրա Հայաստանի ազգային հավաքականի կազմում ավելի լավ հանդես գալուն», - եզրափակեց Մելիքբեկյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG