Մատչելիության հղումներ

Սահմանադրության տոնը՝ առանց տոնի զգացողության


Հայաստանի շարքային քաղաքացիները, որոնք, ըստ Սահմանադրության, ունեն քաղաքական, սոցիալական, տնտեսական, կյանքի և այլ իրավունքներ, այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում ասում էին, թե Սահմանադրության օրվա առթիվ տոնական զգացողություններ չունեն։

Քաղաքացիները բողոքում էին, որ Սահմանադրությունը «իրենց համար չի գործում». - «Ընտրյալների համար է Սահմանադրությունը, ամեն բնագավառում էլ խախտվում են մեր իրավունքները, ոչ բոլորն են օրինապաշտ, վերևները պետք է օրինակ լինեն»։

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ո՞րն է Սահմանադրության օրվա կապակցությամբ քաղաքացիների նման վերաբերմունքի պատճառը, ՍԴ-ն ինչ-որ դերակատարություն ունի՞ ստեղծված իրավիճակում, ասաց. - «Մշտապես դերակատարություն ունեցել է։ Կարևոր է, թե այդ դերակատարությունը ով ինչպես է հասկանում՝ յուրաքանչյուրը իր պատկերացումներով, իր գիտելիքներով, իր դաստիարակությամբ»։

Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը ափսոսանք հայտնեց, որ Սահմանադրության օրը առայժմ որպես տոն պատշաճ ձևով չի նշվում. - «Սա առաջին կարևոր խնդիրն է, որին իշխանությունները, ըստ ինձ, պետք է առավել ուշադիր լինեն, որպեսզի մեր ժողովուրդը ընկալի Սահմանադրությունը ոչ միայն որպես իրավական փաստաթուղթ, այլ որպես կենդանի իրավունք», - ասաց Թոխյանը։

Անդրադառնալով ընտրական գործընթացների ժամանակ ՍԴ-ի դերակատարությանը՝ Թոխյանը այդ դերակատարությունը որակեց որպես «մեծագույն պրոբլեմ». - «Ես կարծում եմ և հիմա էլ եմ շեշտում, որ միայն հանրաքվեի արդյունքների վերաբերյալ վեճը կարող է լուծել Սահմանադրական դատարանը։ Մնացած բոլոր՝ այդ թվում նախագահական և խորհրդարանական ընտրությունների հարցը, Սահմանադրական դատարանի իրավասություններից պետք է հանել»։

Ի դեպ, քաղաքացիներն այսօր մեր հարցումների ժամանակ չէին մոռանում նշել իրենց քաղաքական իրավունքների ոտնահարումների մասին։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, անդրադառնալով մարդկանց ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հարցին, համոզմունք հայտնեց, որ ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը «լիարժեքորեն պաշտպանված է»։

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն էլ ասաց. - «Երկար ժամանակ պետականություն չենք ունեցել, չենք ընկալում Սահմանադրության դերակատարությունը պետական հարցում»։

Նշենք, որ ամեն տարի Հայաստանից Եվրոպական դատարան է հասնում մոտ 200 դիմում: Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Ալվինա Գյուլումյանը հիշեցրեց, որ այս դատարան դիմում են ներպետական ատյանները սպառելու հետևանքով։

«Որպես կանոն՝ յուրաքանչյուր դիմում առաջինը, քանի որ արդյունքի չեն հասել ներպետական դատական ատյանում, լինում է ներպետական դատավարական խախտումների դիմումների վերաբերյալ և արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ։ Դիմումներ կան միջդատական կալանքի, սեփականության իրավունքի վերաբերյալ», - ասաց Գյուլումյանը։
XS
SM
MD
LG