Մատչելիության հղումներ

Իբրահիմբեկովը հրաժարվում է ռուսական անձնագրից


Ռուստամ Իբրահիմբեկով, արխիվ
Ռուստամ Իբրահիմբեկով, արխիվ

Ադրբեջանական ընդդիմության միասնական թեկնածուն բացատրում է նաեւ, թե ինչու չի շտապում վերադառնալ հայրենիք:

Հոկտեմբերի 16-ին կայանալիք նախագահական ընտրություններում ադրբեջանական ընդդիմության միասնական թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովը հրաժարվում է Ռուսաստանի քաղաքացիությունից: Այդ մասին այսօր տեղեկացրել է «Թուրան» լրատվական գործակալությունը` մեջբերելով Իբրահիմբեկովի հետևյալ խոսքերը`- «Ռուսական անձնագրից ես հրաժարվում եմ, քանի որ դա է Ադրբեջանի ընտրական օրենսգրքի պահանջը: Նախագահի պաշտոնի հավակնորդը չպետք է երկքաղաքացիություն ունենա, ինչպես նաև պարտավորություններ ստանձնած լինի որևէ այլ պետության առջև՝ բացի Ադրբեջանից»:

Ի դեպ, «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին տված հարցազրույցում Իբրահիմբեկովը բացատրել է, թե ինչու չի շտապում հայրենիք վերադառնալ` չբացառելով, որ Ադրբեջան վերադառնալու դեպքում կարող է բանտում հայտնվել:

«Ես դեռ պետք է զբաղվեմ ընտրություններում միջազգային դիտորդների մասնակցության հարցով: Ադրբեջանում ընտրությունները մշտապես կեղծվել են: Կարծում եմ, որ առաջիկա ընտրությունները ևս նույն ճակատագրին կարժանանան: Ես արդեն մեկնել եմ Միացյալ Նահանգներ, հանդիպել Կոնգրեսի և Պետդեպարտամենտի պաշտոնյաների հետ, առաջիկայում մեկնելու եմ նաև Եվրոպա, կհանդիպեմ Եվրախորհրդարանի անդամներին», - նշել է Իբրահիմբեկովը՝ հավելելով, որ միայն արտերկրյա այցերի ավարտից հետո կմեկնի Ադրբեջան:

Ընդդիմադիր թեկնածուն ակնարկում է, որ վերադառնալով Բաքու՝ կարող է արդեն զրկվել Ադրբեջանը լքելու հնարավորությունից: «Ադրբեջանում հիմա այնպիսի կացություն է, որ ինձ կարող են նույնիսկ ձերբակալել», - նշում է Իբրահիմբեկովը:

Վերջին տարիներին Իբրահիմբեկովը հիմնականում բնակվում էր հայրենիքից դուրս` կամ Մոսկվայում, կամ էլ Միացյալ Նահանգներում: Մի քանի տարի առաջ հայտնի սցենարիստը Կալիֆորնիայում անգամ առանձնատուն էր գնել:

Ռուսական թերթին տված հարցազրույցում Իբրահիմբեկովը նաև բացատրում է քաղաքականություն մուտք գործելու իր դրդապատճառները:

«Այսօրվա իրադարձությունները նախապատմություն ունեն: Մի քանի տարի առաջ յոթ հոգով, բոլորս՝ լուրջ մտավորականներ` բանաստեղծներ, արձակագիրներ, ստեղծեցինք Մտավորականության ֆորումը: Լսել եք երևի Աքրամ Այլիսլիի հետ տեղի ունեցած պատմության մասին, երբ նրա «Քարե երազներ» վեպը հայամետ ստեղծագործություն հռչակեցին, գրողին էլ սկսեցին հալածել: Ընդհանրապես մեր այդ ֆորումի ստեղծմանը հետևած իշխանությունների արձագանքը շատ տարօրինակ էր և ես կասեի անգամ` վայրագ: Հալածանքներ սկսվեցին, անգամ քրեական գործեր կան հարուցված», - նշում է Իբրահիմբեկովը:

Միշտ չէ, որ Իբրահիմբեկովի և ադրբեջանական իշխանության հարաբերությունները այսքան սրված են եղել: Ժամանակին պաշտոնական Բաքուն ամեն կերպ փորձում էր ընդգծել Իբրահիմբեկովի կարևորությունը երկրի իշխանությունների համար: Վերջերս էլ համացանցում մոտ 10 տարի առաջ նկարահանված սիրողական մի տեսանյութ է հայտնվել, որում նախագահ Իլհամ Ալիևը` օղու բաժակը ձեռքին, երկարաշունչ մի բաժակաճառ է ասում ի պատիվ Իբրահիմբեկովի: «Տասը, անգամ քսան տարի առաջ, երբ դեռ անձամբ ծանոթ չէինք, ես արդեն իսկ հպարտանում էի, որ Ռուստամ Իբրահիմբեկովը նույնպիսի ադրբեջանցի է, ինչպիսին և ես եմ: Ռուստամ Իբրահիմբեկովը մեզնից մեկն է` նա պարզապես ավելի է տեսնում և հասկանում: Այդ ավելին տեսնելու հատկությունը, այդ տարբերությունն էլ հենց կոչվում է տաղանդ», - նշում էր Ալիևը:

Այսօր արդեն Ադրբեջանի նախագահն Իբրահիմբեկովի մասին տրամագծորեն հակառակ տեսակետն ունի: Երկու օր առաջ ոստիկանության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ Ալիևն իր ընդդիմախոսներին որակեց որպես «ապազգային տարրեր, որոնց միակ նպատակն օտարերկրյա հովանավոր գտնելն ու դրա փեշից կախվելն է»:

Սրան ի պատասխան՝ «Թուրան»-ին տված հարցազրույցում Իբրահիմբեկովը նշում է․ - «Ալիևը նման հայտարարություններով ադրբեջանական հանրության ներսում է՛լ ավելի է խորացնում թշնամանքի ու վախի մթնոլորտը: Քաղաքական ընդդիմախոսներին դավաճաններ ու թշնամական տարրեր անվանելով` Ալիևը ոչ միայն վիրավորում է մարդկանց, այլև հասկացնում, որ իր հակառակորդների հետ շփվելը հավասարազոր է դավաճանության: Սրանք ոչ միայն ընտրողների դեմ կիրառվող պարզ ճնշումներ են, այլև իսկական բարոյական հալածանքներ»:

Առաջիկա մի քանի ամիսները Իբրահիմբեկովի համար բավական դժվարին են լինելու: Ադրբեջան վերադառնալուց հետո թեկնածուն պետք է առնվազն 40 հազար ստորագրություն հավաքի` առնվազն 60 ընտրատարածքներում: Հակառակ պարագայում նրա թեկնածությունը պարզապես չի գրանցվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG