Մատչելիության հղումներ

Հուլիսի 5-ի մամուլ


«Ժամանակ»-ը գրում է․ - «ՀՀԿ գործկոմի այդքան սպասված նիստը, ըստ էության, ավարտվել է ոչնչով, կամ գրեթե ոչնչով, եթե չհաշվենք Սյունիքի մարզպետի թեկնածության շուրջ որոշումը: Իսկ ինչ վերաբերում է Վերահսկիչ պալատի հաշվետվության խորհրդարանական քննարկման ընթացքում խորհրդարանական մեծամասնության պահվածքի, մասնավորապես Հովիկ Աբրահամյանի հարցի քննարկմանը, ապա այս առիթով կարծեք թե աղմկոտ որևէ բան, համենայնդեպս հրապարակային առումով չի եղել: Բայց այն, որ այս հարցը դրված էր ամենայն սրությամբ, վկայում էր այն փաստը, որ Հովիկ Աբրահամյանը այս նիստի համար նույնիսկ հետաձգել էր իր այցը Ուկրաինա՝ իր խնամի Գագիկ Ծառուկյանի ընկեր Վիկտոր Յանուկովիչի երկիր: Եվ սա այն դեպքում, երբ Հովիկ Աբրահամյանը շատ ավելի թեթև պատճառներով բացակայել է շատ անգամներ ՀՀԿ գործկոմի նիստերից: Պետք է ենթադրել, որ այս նիստը երևի թե ամառային շրջանի վերջին թեժ նիստը կլինի, հնարավոր թեժ աշնանից առաջ, որտեղ երևի թե առաջին անգամ թեժության սպասումները կամ ակունքները ոչ թե Հայաստանի ներսից են լինելու, այլ արտաքին քաղաքական ոլորտից: Այդ զարգացումներում ներիշխանական սուբյեկտների գործողությունները ցույց կտան, թե ՀՀԿ գործկոմի հուլիսի 4-ի նիստում ուժերի ինչ հարաբերակցություն է եղել և վերջապես ինչ հաշիվ է արձանագրվել»:

«Չորրորդ ինքիշխանություն» թերթում կարդում ենք․ - «Այսօր արդեն ակնհայտ է, որ Վերահսկիչ պալատի հաշվետվության հետ կապված ներիշխանական «մեծ ռազբորկան» հրահրել է անձամբ Սերժ Սարգսյանը, և հրահրել է բավականին վարպետորեն: Սկզբում Իշխան Զաքարյանին «դուխ է տվել», թե՝ «գնա ծերից ծեր բացահայտի», իսկ հետո Կառավարությանը հրահանգել է անցնել հակահարձակման ու գետնին հավասարեցնել ՎՊ-ի հաշվետվությունը»: Թերթը այսպես է բացատրում նախագահի վարքագծի պատճառը․ - «Բանն այն է, որ Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման վերջին ժամկետն է «վայելում», և հասկանալի է, որ համակարգի ներսում նրա դիրքերն աստիճանաբար թուլանալու են: Իսկ նա լավ գիտի, որ Հայաստանում իշխանափոխությունը ներսից է լինում: Ուրեմն ի՞նչ անել: Միակ ձևը ներիշխանական առճակատում հրահրելն է, որովհետեւ այդ դեպքում թուլանում են բոլորի՛ դիրքերը: Դատացեք ինքներդ: Վերահսկիչ պալատի բացահայտումներից ու օֆշորային սկանդալից հետո Տիգրան Սարգսյանի ու նրա թիմի դիրքերն ուժեղացա՞ն, թե՞ թուլացան: Իհարկե թուլացան: Բայց պատասխան գործողությունների արդյունքում թուլացան նաեւ Հովիկ Աբրահամյանի կողմնակիցների դիրքերը: Այսինքն, տուժեցին բոլորը, բացի Սերժ Սարգսյանից: Որովհետեւ մի բան է, երբ իշխանությունների համատարած կոռումպացվածության մասին ընդդիմությունն է խոսում, և բոլորովին այլ բան, երբ պետական կառույցներն են նման փաստեր հրապարակում: Կառավարության կոռումպացվածության վերաբերյալ փաստերը ներկայացրել էր ՎՊ-ն, որը պետական կառույց է, բայց մեկ այլ պետական կառույց էլ Հովիկ Աբրահամյանի գերդաստանի «արկածներն» է բացահայտել: Իսկ եթե կողմերը միմյանց հարվածում են պետական կառույցների միջոցով, Սերժ Սարգսյանը կարող է հանգիստ լինել․ որևէ պետական կառույց չի համարձակվի անձամբ իր ու իր գերդաստանի վերաբերյալ փաստեր հրապարակել: Մի խոսքով՝ ինչպես հայտնի անեկդոտում, բոլորն իրար վրա ցեխ են շպրտում, ու վերջում հայտնվում է ինքը՝ «սպիտակ կոստով»»:

«Հայոց Աշխարհ»-ի խմբագիրը գրում է․ - «ՎՊ֊ի հաշվետվության շուրջ եռացող բուռն կրքերի հետևում քչերն ուշադրություն դարձրեցին այն հանգամանքին, որ թերևս առաջին անգամ այդօրինակ քննարկումները մեզանում տեղի էին ունենում բաց, հրապարակավ, թափանցիկ։ Արտահայտվելու, սեփական տեսակետը հիմնավորելու ու պաշտպանելու հնարավորություն ունեին անխտիր բոլոր կողմերը։ Քննարկումները ցույց տվեցին մասնավորապես, որ բազմաթիվ բարձրաստիճան չինովնիկներ ակնհայտորեն չեն համապատասխանում զբաղեցրած պաշտոններին։ Ծանոթանալով նրանց մեկնաբանություններին, խոստովանեմ, շարունակ մտածում էի Հանրապետության հրապարակում կախաղանի մասին։ Հետո քիչ նահանջեցի։ Մտածում եմ. գուցե ցմահ տաժանակիր աշխատա՞նքն էլ բավական է՝ ունեցվածքի բռնագրավումով»:

Երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ ընդունվել է Վահե Հակոբյանին Սյունիքի մարզպետ նշանակելու մասին առաջարկությունը: «Հրապարակ»-ն այս կապակցությամբ գրում է․ - «Հակոբյանները տևական ժամանակ հակասություններ ունեին Սուրիկ Խաչատրյանի հետ և մարզի խնդիրների լուծմանը մասնակցելուց երբեմն ձեռնպահ էին մնում հենց այդ հողի վրա՝ մարզպետի ծրագրերին աջակից չլինելու մտայնությամբ: Այժմ, փաստորեն, մարզը Հակոբյաններին հանձնվեց, և նրանք այսուհետ ոչ միայն պղնձամոլիբդենային ոլորտը կտնօրինեն, այլեւ ամեն ինչ՝ տնտեսական, քաղաքական, սոցիալական խնդիրները»:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG