Մատչելիության հղումներ

logo-print

«Ֆրանսիան իր ներդրումը կունենա Ղարաբաղի խնդրում»


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ, Երևան, 24-ը մայիսի, 2013թ․

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ, Երևան, 24-ը մայիսի, 2013թ․

Իսկ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը ապագայում կփոխվի։

Ալիևը առաջարկել է կազմակերպել իր հանդիպումը Սարգսյանի հետ

Ադրբեջանում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկիր Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն հինգշաբթի օրը Բաքվում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հավաստիացրել է, որ պաշտոնական Փարիզը կշարունակի ակտիվորեն աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին։

«Ֆրանսիան իր ներդրումը կունենա հայ - ադրբեջանական հակամարտության խնդրում», - ասել է Մոնյեն՝ ավելացնելով, որ մինչ այդ էլ իր երկիրը լուրջ ջանքեր է գործադրել այդ ուղղությամբ։

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դեսպանն անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների թեմային։

«Վերջերս տեղի է ունեցել Իլհամ Ալիևի հանդիպումը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ։ Զրույցի ժամանակ կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների անմիջական շփումը։ Իլհամ Ալիևն առաջարկել է մոտ ապագայում կազմակերպել նման հանդիպում», - ասել է Պասկալ Մոնյեն։

Նրա խոսքերով, դեռ անցյալ տարվա աշնանը Ալիևի հետ հանդիպման ժամանակ ֆրանսիացիները քննարկել են Ղարաբաղի վերաբերյալ Փարիզի ստանձնած հիմնական պարտավորությունները։ Հարցը արծարծվել է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ ֆրանսիական կողմի քննարկումներում։

«Ֆրանսիան, ինչպես և մնացած երկրները, ապագայում էլ պետք է սատարի խաղաղ գործընթացին», - ասել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը։

MILAN-ի մատակարարումը` անհավանական

Ի դեպ, լրագրողների խնդրանքով դեսպանն անդրադարձել է նաև հայկական որոշ կայքերում տեղ գտած մի հաղորդագրության, որից կարելի է հետևություն անել այն մասին, որ հայկական կողմը MILAN տեսակի հակատանկային հրթիռային համակարգեր է ձեռք բերել: Դրանք համատեղ արտադրում են Ֆրանսիան և Գերմանիան։

Պասկալ Մոնյենի հավաստիացմամբ, այդ երկու երկրները չեն խախտում Հայաստան և Ադրբեջան զենք ուղարկելու էմբարգոյի ռեժիմը։

«Ես ստույգ ինֆորմացիա չունեմ, սակայն խիստ անհավանական եմ համարում նման մատակարարման տարբերակը, քանի որ այն կհակասեր սահմանված արգելքին։ Ֆրանսիական կողմը կքննի այդ հարցը», - ասել է ֆրանսիացի դիվանագետը։

Ո՞վ կփոխարինի Իեն Քելլիին

Նշենք, որ երեկ Բաքվում լրագրողների հետ շփվել է նաև Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը։

Նրա խոսքերով, ԱՄՆ-ում պատրաստվում են նշանակել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նոր համանախագահ։

«Դա անպայման տեղի կունենա, սակայն ստույգ ժամկետ չեմ կարող հայտնել։ Ամերիկայում քիչ չեն արժանի թեկնածուները, ովքեր կարող են զբաղեցնել այդ պաշտոնը»,- ասել է Մորնինգսթարը՝ միաժամանակ հավելելով, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում Միացյալ Նահանգների ներկայիս համանախագահ Իեն Քելլին լավ է կատարում իր աշխատանքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG