Մատչելիության հղումներ

Տիգրան Վիրաբյանը ձերբակալված չէ


«Ազատություն» ռադիոկայանի գրավոր հարցմանն ի պատասխան Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը տեղեկացրել է, որ Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Տիգրան Վիրաբյանը ներկա պահին ձերբակալված չէ.

Տիգրան Վիրաբյանի ձերբակալության լուրերը տարածվել են երեկվանից՝ կապված Ֆինանսների նախարարության վերահսկողության տեսչության վերջերս հրապարակած չարաշահումների հետ։
Դրանք վերաբերում էին Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզպետարաններին։

Տեսչությունը նաև արձանագրել էր, որ Արարատի մարզի Մխչյան գյուղին տրամադրված 70 հազար լիտր դիզվառելիքից 48 հազարը տրամադրվել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբորը։

Հատուկ քննչական ծառայության գրավոր պատասխանի համաձայն, Կառավարության 2012 -2013 թվականների մի շարք որոշումներով հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութ և ազոտական պարարտանյութ տրամադրելու գործընթացում Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզի մարզպետարանների պաշտոնատար անձանց կատարած յուրացման, պաշտոնեական կեղծիքի և պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքերի առիթով հիշյալ 4 քրեական գործերը միացվել են մեկ վարույթում։

«Այս քրեական գործով մեղադրվում են ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը, ինչպես նաև Վայոց ձորի նախկին մարզպետի մտերիմ անձանցից մեկը, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված կալանավորումը։ Իսկ Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանը քննության ներկա պահին ձերբակալված չէ։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է», - նշված է «Ազատություն» ռադիոկայանին Հատուկ քննչական ծառայության ուղարկած գրավոր պատասպանում։


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG