Մատչելիության հղումներ

Վերահսկիչ պալատի լրատվական ծառայությունը հերքում է, թե Պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հրաժարական է տվել:

Մամուլում լուրեր են շրջանառվում, թե Իշխան Զաքարյանն արդեն հրաժարականի դիմում է գրել, սակայն պաշտոնապես այդ մասին կհայտարարվի այսօր երեկոյան Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունենալիք իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո: Սակայն ՎՊ լրատվականից փոխանցեցին, որ «այդ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում և Իշխան Զաքարյանը այս պահին էլ շարունակում է իր բնականոն աշխատանքը»:

Ազգային ժողովի լրատվական վարչությունից էլ «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ իրենք հրաժարականի հետ կապված որևէ դիմում ՎՊ-ից չեն ստացել:

Նշենք, որ Վերահսկիչ պալատի մասին օրենքի համաձայն, ՎՊ-ի նախագահը հրաժարականի մասին դիմումը գրավոր ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին` նախապես տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության նախագահին:

Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված է նաև, որ Վերահսկիչ պալատն անկախ մարմին է, որը վերահսկողություն է իրականացնում բյուջետային միջոցների և պետական ու համայնքային սեփականության օգտագործման նկատմամբ։

Վերահսկիչ պալատի նախագահը նշանակվում է Հանրապետության նախագահի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի կողմից` վեց տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել Վերահսկիչ պալատի նախագահ: Ըստ ՎՊ մասին օրենքի, ՎՊ նախագահին որևէ մեկը չի կարող պաշտոնանկ անել: Վերահսկիչ պալատի նախագահի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել Վերահսկիչ պալատի նախագահի հրաժարականի դեպքում, Վերահսկիչ պալատի նախագահի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարելու կամ օտարերկրյա քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում, Պալատի նախագահի ազատազրկման դատապարտվելու կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա:

Հավելենք, որ այսօր ՎՊ-ն պաշտոնական հայտարարություն է տարածել, անդրադառնալով ՎՊ հաշվետվության շուրջ երեկ մի շարք նախարարությունների հրավիրած ասուլիսներին:

Պալատը նախ տեղեկացնում է, որ 2012 թվականի հաշվետու ժամանակաշրջանում իրականացված վերահսկողության արդյունքների հաստատումից մեկ ամսվա ընթացքում վերահսկվող մարմինների բոլոր ղեկավարների ստորագրությամբ պաշտոնապես Վերահսկիչ պալատ է ներկայացվել արձանագրված խախտումների և թերությունների վերացման վերաբերյալ տեղեկատվություն և ժամանակացույց: Այսինքն, ըստ ՎՊ-ի, ստուգված բոլոր այդ մարմինները ոչ միայն համաձայնել են արձանագրված խախտումների հետ, այլև այդ խախտումները վերացնելու ժամանակացույց են մշակել: Անհամաձայնություն հայտնել է միայն «Դատաիրավական բարեփոխումների» ԾԻԳ-ը, որի վերաբերյալ այս պահին ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ:

ՎՊ-ն իր տարածած հայտարարության մեջ անդրադարձել է նաև նախարարների հնչեցրած մի շարք գնահատականներին. - «Իսկ ինչ վերաբերում է մամուլի ասուլիսներում հնչեցված այն պնդումներին, թե համաձայն չեն ՀՀ վերահսկիչ պալատի` «բյուջեի 701 միլիարդ դրամը մսխվում, թալանվում և լափվում է» հայտարարությանը, ապա հարկ ենք համարում նշել, որ ՀՀ վերահսկիչ պալատի ո՛չ արձանագրություններում, ո՛չ ընթացիկ հաշվետվություններում, և ո՛չ էլ տարեկան հաշվետվությունում այդպիսի արտահայտություն, պարզապես չկա: Դեռ ավելին, նման կամ համանման արտահայտություն չի հնչել նաև ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի ՀՀ Ազգային ժողովում ունեցած ելույթում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG