Մատչելիության հղումներ

Երկու կողմերն էլ կդիմեն Վճռաբեկ դատարան


Վերաքննիչ վարչական դատարանը, չորեքշաբթի օրը ուսումնասիրելով «Հինգերորդ աստղ» և «Հայր և որդի Ադամյաններ» ընկերությունների բողոքները, որոշեց «Հինգերորդ աստղ» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքը մերժել, «Հայր և որդի Ադամյաններ» ՍՊԸ-ի բողոքը բավարարել մասնակի:

«Հինգերորդ աստղ» ՍՊԸ-ի և շինարարական «Հայր և որդի Ադամյաններ» ՍՊԸ-ի միջև դատական վեճը սկիզբ է առել դեռևս երկուս ու կես տարի առաջ, երբ «Հինգերորդ աստղ» ՍՊԸ-ի սեփականատեր Վարդան Առաքելյանը, իր խոսքով, բացահայտել է, որ շինարարական կազմակերպությունը, որին ինքը պատվիրել էր Կոմիտասի պողոտայի վրա գտնվող շենքի կառուցումը, մեծ յուրացումներ է կատարել շինարարության ընթացքում:

Վարդան Առաքելյանի խոսքով՝ այն, որ շինարարական կազմակերպությունը յուրացումներ է կատարել, հաստատել է նաև դատարանի նշանակած փորձաքննությունը, որով փաստացի առկա են 258 մլն դրամի աշխատանքներ, որոնց համար կազմակերպությունը գումար է վերցրել, սակայն աշխատանքները չեն կատարվել:

«Տանիքի իզոգամը եթե երկու տակ պիտի քաշեին, մի տակ են քաշել, բայց կատարողականում գրել են երկու: Նախագծերի խախտումներ են արել: Հիմա էլ շենքը առկա է, բայց թերություններ կան», - ասում է Առաքելյանը:

Առաքելյանի փոխանցմամբ՝ շենքը դեռ մոտ 150 մլն դրամի աշխատանքի կարիք ունի:

Հենց այդ պատճառով էլ ինքը չի ստորագրել ընդունման-հանձման ակտը, որից հետո միայն, ըստ պայմանագրի, պետք է վճարեր շինարարությունն իրականացրած կազմակերպությանը:

Ավելին, Վարդան Առաքելյանի պնդմամբ, «Հայր և որդի Ադամյաններ» ՍՊԸ-ն իր գումարներով գնված շինարարական նյութերը օգտագործել է սեփական շենքը կառուցելու համար, որի սեփականատերը Ռաֆիկ Ադամյանի որդին՝ Դավիթ Ադամյանն է: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Դավիթ Ադամյանը հերքեց դա:


Շինարարական կազմակերպության փոխտնօրեն Մնացական Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իրենք կատարել են պայմանագրով նախատեսված աշխատանքները: Այն աշխատանքները, որոնք փաստացի կատարված չեն և որոնք շենքի լրիվ պատրաստ լինելու համար հարկավոր են, իրենց պայմանագրով նախատեսված չեն եղել:

«Նա փաստարկ է բերել, որ կատարողական ակտերում այսքան բաներ ավել են գրված: Եթե ես պայմանավորվել եմ, որ կառուցում եմ շենք, նրան ի՞նչ, թե ես որքան նյութ եմ օգտագործել, ամեն դեպքում նախագծից չեմ շեղվել: Փորձագիտական եզրակացության մեջ էլ դա կա, որ նախագծային շեղում չկա», - ասաց Մնացական Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանի պնդմամբ՝ շինարարական կազմակերպությունը ավարտել է պայմանագրով նախատեսված աշխատանքները, որի դիմաց սեփականատերը պետք է իրեն վճարեր 223 մլն դրամ: Գումարը չի վճարվել և հենց այդ հայցով էլ շինարարական կազմակերպությունը դիմել էր դատարան:

Առաջին ատյանի դատարանը որոշումը կայացրել էր հօգուտ շինարարական կազմակերպության, սակայն նրանց պնդմամբ 2.5 տարիների ընթացքում այդ մայր գումարի վրա տոկոսներ են ավելացել, և այն այժմ կազմում է 407մլն դրամ, որն էլ հենց պահանջում են սեփականատեր ընկերությունից:

«Հայր և որդի Ադամյաններ» ՍՊԸ-ն, բոլոր հարցերին ի պատասխան, վկայակոչում է սեփականատիրոջ հետ կնքած պայմանագիրը: Սեփականատեր ընկերության փաստաբանի պնդմամբ շինարարական ընկերությունը պարզապես խորամանկ պայմանագիր է կնքել:

Վերաքննիչ դատարանը փաստորեն ուժի մեջ թողեց առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը, ըստ որի «Հինգերորդ աստղ» ՍՊԸ-ն պետք է վճարի «Հայր և որդի Ադամյաններ» ՍՊԸ-ին։ Սակայն երկու կողմերն էլ մեզ փոխանցեցին, որ իրենց չի գոհացնում Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը և որ պատրաստվում են Վճռաբեկ դատարան դիմել՝ շինարարական ընկերությունը՝ 407 մլն դրամի պահանջով, սեփականատերը՝ փորձելու ապացուցել, որ շինարարները յուրացումներ են կատարել:
XS
SM
MD
LG