Մատչելիության հղումներ

Կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ անցած տարվա սեպտեմբերին կառավարությունում Հանրապետության նախագահ և իշխող քաղաքական ուժի ղեկավար Սերժ Սարգսյանի հրավիրած հայտնի խորհրդակցությանը, որտեղ երկրի ղեկավարը խոսել էր «ատկատների» մասին:

«Այդ խորհրդակցությունից հետո բավականին մեծ ծավալի աշխատանք ենք մենք կատարել: Ընդունվել են բազմաթիվ որոշումներ, տրվել են հանձնարարականներ, գերատեսչությունների աշխատակիցներն անցել են վերապատրաստում: Եկել է պատասխան տալու ժամանակը: Ֆինանսների նախարարությունն իրականացրել է դիտարկումներ, թե ինչպիսին է իրավիճակն այսօր: Այդ բոլոր նյութերը տրամադրվելու են ձեզ, որպեսզի դուք ուսումնասիրեք: Եկել է պատասխան տալու ժամանակը, եւ այսուհետև մենք լինելու ենք չափազանց խիստ ցանկացած խախտման վերաբերյալ», - ասաց վարչապետը:

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին վարչապետը հանձնարարեց, որ այսուհետև նախարարության ֆինանսական վերահսկողության ծառայության կողմից բոլոր բացահայտումներն ու ակտերն անհապաղ ուղարկվեն իրավապահ մարմիններին․ - «Միեւնույն ժամանակ, պարբերաբար, տարեկան ծրագրին համահունչ, հենց հերթական ստուգումն ավարտվում է, ակտերը կազմվում են, հանրությանը ներկայացնել արդյունքները: Կառավարության հաջորդ նիստերից մեկում մենք կանդրադառնանք դիտարկումների արդյունքներին ըստ գերատեսչությունների»:

Հիշեցնենք, անցած տարվա սեպտեմբերին նախագահ Սարգսյանը խստորեն քննադատեց կառավարությանը՝ կապված պետական բյուջեի միջոցների օգտագործման արդյունավետության հետ:

Սերժ Սարգսյանը Կառավարությունում անցկացրած այդ խորհրդակցության ժամանակ, մասնավորապես, ասել էր․ - «Այս առումով ես կառավարության աշխատանքը, Տիգրա'ն, շատ բացասական եմ գնահատում, շա'տ բացասական: Մենք չորս տարի է քեզ հետ խոսում ենք էս թեմայով, չորս տարի ուղիղ, բայց պրոցեսները շարունակվում են: Հետո գնալու են մարդկանց հետեւից, ովքեր ատկատներ են վերցնում, գնալու են մարդկանց հետեւից, ովքեր իրենց քեռու տղային են բերում տենդերում հաղթեցնում կրկնակի բարձր գներով: Տարօրինակ է, մենք տենդերով ապրանք են ձեռք բերում, որ շուկայում ավելի էժան է: Մե՞կը դրա համար պիտի պատասխան տա, թե չէ»:

Այդ խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը հորդորել էր Կառավարության անդամներին ոչ թե ձևականորեն, այլ իրականում ձեռնամուխ լինել շտկելու այդ բացթողումները:

Ազգային Ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ, պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը գտնում է, որ այդ ամենը ձևական բնույթ է կրում․ - «Անկեղծ ասած՝ շատ ուրախ կլինեի, եթե այն վճռականությամբ, որ Սերժ Սարգսյանն այդ մտքերն արտահայտեց եւ ասաց, որ պետք է ատկատների դեմ համառ պայքար տանել եւ բռնել մեծ շնագայլերին հիմնականում, եթե իրողություն դառնար, դրանից կշահեին և՛ իշխանությունը, և՛ժողովուրդը, և՛ պետությունը: Բայց մեկ տարի անցել է, և մենք հասկանում ենք, որ այն, ինչ ասվել էր հիմնականում իմիտացիա էր, լայն լսարանի աչքերին թոզ փչելու միտում ուներ: Ես չեմ կարծում, որ այսօր Հայաստանում կա մի միամիտ մարդ, որը կարող է հավատալ, որ այսուհետեւ այն, ինչ կհնչի իշխանությունների շուրթերից, որևէ հավատ կարող է ներշնչել»:
XS
SM
MD
LG