Մատչելիության հղումներ

logo-print

ՀԱԿ-ը հայտարարում է նախագահին իմպիչմենտի ենթարկելու հիմքերի մասին


Լևոն Զուրաբյան

Լևոն Զուրաբյան

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) Վերահսկիչ պալատի վերջին բացահայտումների կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանի անցկացրած խորհրդակցությունը համարում է նախագահին իմպիչմենտի ենթարկելու հիմք։

Կոնգրեսի փոխնախագահ, խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հինգշաբթի լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ըստ Սահմանադրության՝ անկախ մարմին հանդիսացող Վերահսկիչ պալատին ուղղված դիտողություններով և իրավապահ մարմիններին տրված ցուցումներով նախագահը գերազանցել է սահմանադրական լիազորությունները։

Սերժ Սարգսյանը, հիշեցնենք, շաբաթ օրը բարձրաստիճան պաշտոնյաների և Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցությանը «սխալ ու անհեռատես» որակեց Զաքարյանի այն հայտարարությունները, որ պետբյուջեի 70 տոկոսը՝ 701 միլիարդը վտանգված է։ Դիմելով Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ նախագահն ասաց. - «Ձեզ ընդամենը պետք էր 2-3 օր անցնել այդ հաշվետվությամբ և հայտարարությամբ հանդես գալ, ասելով հարգելի՛ քաղաքացիներ, Վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ ընդամենը 200 կամ 300 միլիոն դրամի հափշտակման կասկածանքի դեպքեր կան, մնացած բոլորը հեքիաթներ են»։

«Ամբողջ ազգի առջև գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ըստ էության, ցուցումներ տվեց դատախազությանը, թե որտեղ և ինչ քանակով է պետք հարուցել քրեական գործեր և ինչ ծավալի չարաշահումների մասին է պետք խոսել, ըստ էության, կանխատեսելով քննության արդյունքները, սա՝ մեկ, և երկրորդը, որը միգուցե ավելի խայտառակ բան է, նա, ըստ էության, հրապարակայնորեն ճնշում գործադրեց Վերահսկիչ պալատի նախագահի վրա, ընդհանրապես ամբողջ Վերահսկիչ պալատի ինստիտուտի վրա։ Սահմանադրական այդ ինստիտուտը, փաստորեն, հավասարեցրեցին հողի հետ, և հավասարեցնողը ոչ այլ ոք էր, քան Սերժ Սարգսյանը» - հայտարարեց Զուրաբյանը. - «Եթե մենք ապրեինք նորմալ դեմոկրատական երկրում, սա բոլորի կողմից կորակվեր որպես սահմանադրական լիազորությունների գերազանցում երկրի նախագահի կողմից, ապօրինի ճնշում իրավապահ մարմինների վրա և արդարադատության խոչընդոտում։ Սերժ Սարգսյանի գործողությունները հիմք են ստեղծում նրան իմպիչմենտի ենթարկելու համար»։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան՝ Զուրաբյանը հնարավոր համարեց խորհրդարանում նախագահի իմպիչմենտի գործընթաց սկսելը, սակայն ոչ թե հենց հիմա, այլ հարմար պահի։

«Մենք պետք է ընտրենք ճիշտ պահը, երբ քաղաքականապես հասունացած է այդ պրոցեսը, այսինքն՝ դրան պատրաստ են մեր դաշնակից խմբակցությունները։ Չի բացառվում, որ միգուցե այնպիսի ճգնաժամային իրավիճակ լինի, որ Հանրապետական կուսակցության որոշ անդամներ նույնպես կանցնեն այդ նախաձեռնության կողմը։ Մենք ամեն ինչ տեղավորելու ենք քաղաքական հաշվարկների մեջ, փիարի համար չենք անում։ Որտեղ որ մենք կտեսնենք լուրջ քաղաքական գործընթացի որևէ շանս, մենք անմիջապես կանցնենք գրոհի»,- ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը։

Իշխանության ներսում լարվածության ուժեղացում և պառակտումներ ընդդիմադիր պատգամավորը կանխատեսում է. Վերահսկիչ պալատի հաշվետվության շուրջ այս մեծ աղմուկը նա արդեն իսկ համարում է դրա արտահայտությունը՝ վկայակոչելով, որ պալատը նախկինում ավելի աղաղակող բացահայտումներ է արել, օրինակ, 2008-ին արձանագրել է շուրջ կես միլիարդ դոլարի չարաշահումներ, բայց այն ժամանակ այդ փաստերն անտեսվել են։

Այսօրվա աղմուկը Զուրաբյանը համարում է նաև ընդդիմության նվաճումը. իշխանությունը, պատգամավորի խոսքով, չդիմացավ Ազգային ժողովում ընդդիմության հետ այդ «առերեսմանը», ինչից սկսվեցին ներիշխանական խմորումները։

«Իշխանության ներսում սկսվել է քավության նոխազների փնտրտուք, որը գնալով ինտենսիվանալու է երկու պատճառով. առաջինը՝ գնալով Հայաստանի իշխանությունները հայտնվում են ավելի խորը ճգնաժամի մեջ, և երկրորդը՝ սկսել է գործել հայտնի «կաղ բադի սինդրոմը»։ Դա ամերիկյան քաղաքագիտության մեջ հայտնի է, այսինքն` այն նախագահը, որը երկրորդ և վերջին ժամկետն է պաշտոնավարում, հայտնվում է «կաղ բադի» կարգավիճակի մեջ, նա արդեն կորցնում է իշխանության չափը, որովհետև բոլորը հասկանում են, որ նրա իշխանության ժամկետն ավարտվում է, որ նրանից հետո մեկ այլ մարդ է լինելու իշխանության գլուխ, և այդ ժամանակ նրա շրջապատում սկսվում է լոյալության դեֆիցիտ։ Ահա այս սինդրոմի հետ է, որ Սերժ Սարգսյանը հիմա բախվել է։ Ակնհայտ է, որ ներիշխանական պառակտումները և լարվածությունները գնալով աճելու են, սկսվել է պայքար լիդերության համար»,- համոզմունք հայտնեց պատգամավորը։

Թե ովքեր են լինելու «քավության նոխազները», Կոնգրեսի փոխնախագահը չցանկացավ գուշակել, միայն նշեց, որ Իշխան Զաքարյանին «խփելը» բարոյական չի լինի. - «Քանի որ նա 5 տարի հենց այնպես չի գործել, իմանալով այս իշխանությունների բնույթը, կատարել է հրահանգներ։ Իսկ այս հաշվետվությունը, մինչ հանրության ուշադրությանն արժանացնելը, եղել է Սերժ Սարգսյանի սեղանին», - ասաց նա՝ շարունակելով. - «Այսինքն՝ եթե որևէ մեկին կարելի է մեղադրել որևէ սխալ նախադասության համար այդ հաշվետվության մեջ, նրանցից մեկը պիտի լինի Սերժ Սարգսյանը։ Ուրիշ բան է, որ նա չէր հաշվարկել, որ այդ զեկույցի քննարկումը նման ընդդիմության առկայության պայմաններում կարող էր ստեղծել մի նևրոզ իրավիճակ, որտեղ շատերը կկորցնեն հավասարակշռությունը և անձնական կամ ներիշխանական քաղաքական նպատակներով կանցնեն գրոհի»։

Ինչ վերաբերում է ընդդիմության անելիքներին, Լևոն Զուրաբյանը դեռ հնարավոր համարում է «թավշյա հեղափոխության» սցենարը։
XS
SM
MD
LG