Մատչելիության հղումներ

Մխիթարյանի համար միակ առաջարկը «Շախտյոր»-ը ստացել է «Բորուսիա»-ից


Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում խաղի ժամանակ, արխիվ

Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում խաղի ժամանակ, արխիվ

Ըստ Դոնեցկի թիմի տնօրենի՝ «Բորուսիա»-ն հայ ֆուտբոլիստի համար 30 միլիոն դոլար է առաջարկել, բայց իրենք 30 միլիոն եվրո են պահանջել:

Դոնեցկի «Շախտյոր» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը ասել է, որ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի համար միակ առաջարկը ստացել են Դորտմունդի «Բորուսիա»-ից: Այս մասին հաղորդում է գերմանական DPA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Պալկինի հարցազրույցը Football.ua կայքին:

Սերգեյ Պալկինն ասել է, որ «Բորուսիա»-ն 30 միլիոն դոլար է առաջարկել «Շախտյոր»-ին Հենրիխ Մխիթարյանի համար, բայց իրենք 30 միլիոն եվրո են պահանջել, ինչը մոտավորապես 37 միլիոն դոլար է կազմում:

«Շախտյոր»-ի գլխավոր տնօրենը հայտնել է, որ 24-ամյա Մխիթարյանի համար ուրիշ առաջարկ չեն ստացել՝ միակ առաջարկը «Բորուսիա»-ից է, չնայած, ըստ հաղորդագրությունների, հայ ֆուտբոլիստով հետաքրքրվել են անգլիական «Լիվերպուլ» և «Տոտենհեմ» ակումբները, բայց նրանց կողմից որևէ առաջարկ «Շախտյոր»-ին չի եղել:

«Շախտյոր»-ի գխավոր տնօրենը անդրադարձել է նաև պայմանագիրը միակողմանի խզելու հարցին՝ հայտնելով, որ «Շախտյոր»-ի և Մխիթարյանի միջև կնքված պայմանագրով 30 միլիոն դոլարի տուգանք է նախատեսված այն միակողմանի խզելու համար:

«Եթե Մխիթարյանը ցանկանում է խզել պայմանագիրը, նա կարող է «Շախտյոր»-ին վճարել 30 միլիոն դոլար և գնալ ցանկացած ակումբ, բայց եթե մենք ֆուտբոլիստի տրանսֆերի քաղաքակիրթ ճանապարհով ենք գնում և նա չի խզում պայմանագիրը, ապա մեր պահանջը 30 միլիոն եվրո է», - ընդգծել է Պալկինը:

Նա ասել է, որ Մխիթարյանից որևէ լուր չկա, նա չի ներկայացել թիմի հավաքներին, և նշել է, որ ֆուտբոլիստը անպայման կպատժվի: «Պայմանագրով բոլոր դեպքերի համար տուգանքներ նախատեսված են, այնպես որ՝ դա մեզ համար խնդիր չէ», - նշել է Պալկինը:

Ուկրաինական մամուլը, բլոգերները աշխուժորեն քննարկում են Ուկրաինայի ֆուտբոլի անցած առաջնությունում լավագույն ռմբարկու, լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Մխիթարյանի հետ կապված հարցերը:

Ըստ հրապարակումներից մեկի՝ Մխիթարյանը դժգոհ է աշխատավարձից, որը տարեկան մոտավորապես մեկ միլիոն եվրո է, նշվում է, որ նույնչափ աշխատավարձ է ստանում բրազիլացի Ալան Պատրիկը, ով Ուկրաինայի առաջնությունում ընդամենը 5 խաղի է մասնակցել:

Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը մեկնաբանել է Ուկրաինայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին մարզիչ Սաբոն: «Երբեք չեմ հասկացել ու չեմ հասկանում այպիսի արարքները: Եթե ցանկանում ես հեռանալ, ապա պետք է պայմանավորվել: Ինչո՞ւ այրել կամուրջները», - ասել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG