Մատչելիության հղումներ

Հուլիսի 4-ի մամուլ


«Ժամանակ» օրաթերթը գրում է․ - «Սերժ Սարգսյանը կարծես թե որոշել է ներիշխանական կրակը բորբոքել փուլերով: Նախ` նա թույլ տվեց, որ Վերահսկիչ պալատի հաշվետվությունը հնչի և դառնա խորհրդարանական բուռն քննարկումների և ներիշխանական հարձակումների պատճառ: Հետո` հունիսի 29-ին, արեց հայտնի հայտարարությունները, որից հետո Սերժ Սարգսյանը հետևում է ներիշխանական հարձակումների երկրորդ մասին, այս անգամ կառավարության կատարմամբ, որն անցել է ՎՊ-ի հանդեպ հակագրոհների: Ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանն այս պարտիան կընդհատի արդեն ՀՀԿ գործկոմի նիստով, որի մասին խոստացել է դեռևս հունիսի 29-ին, և ակնարկել, որ լուրջ խոսակցություն է ունենալու խորհրդարանական մեծամասնության հետ: Ամենայն հավանականությամբ, այդ հանդիպմանը Սերժ Սարգսյանը կամփոփի այս պարտիայի արդյունքները և կտա նորի մեկնարկ: Հետո էլի մի քիչ դադար կվերցնի, մինչև ներիշխանական կրքերը կրկին կթեժանան, ու կրկին անգամ կորոշի միջամտել ու շտկումներ մտցնել ուժերի բալանսում: Այս մարտավարությունն արդեն վաղուց երևակված մարտավարություն է, որ կիրառում է Սարգսյանը, և որը արդեն պարզ է բոլորին ինչպես ցերեկվա լույսը՝ նա կառավարում է շահերի բախում առաջացնելով»:

Ներիշխանական վերջին վայրիվերումներին է անդրադառնում նաև «Հայոց Աշխարհ»-ը․ - «Պայմանականորեն, չափազանց պայմանականորեն ասած, կառավարության և Վերահսկիչ պալատի պայքարը մոտենում է միջանկյալ վերջնագծին։ Միջանկյալ, քանզի ինչպիսին էլ լինեն որոշումներն ու լուծումները, չեն հանգեցնի դրանք աշխարհի վերջին։ Պետական միջոցների մսխման և թալանի հետ կապված խնդիրներ այսուհետ էլ կառաջանան։ Վերջնագծին, քանզի արտահայտվեցին բոլորը. և՛ հանրապետության նախագահը, և՛ ՎՊ-ն, և՛ պատգամավորները, և՛ նախարարները՝ Կառավարության մամուլի կենտրոնում կազմակերպված ասուլիսների միջոցով։ Ցավոք, ոչ մի բանավեճ, բառի սովորական իմաստով, ՎՊ-ի և կառավարության միջեւ չստացվեց։ Սովորական բանավեճում այն բանից հետո, երբ A մասնակիցը ասաց, թե բյուջեն հսկայական գումարներ է կորցրել, իսկ B մասնակիցը ներկայացրեց տվյալներ, համաձայն որոնց, կորուստներն այնքան էլ մեծ չեն, A մասնակիցը պետք է կա՛մ որևէ լրացուցիչ փաստարկ բերի իր տեսակետի օգտին, կա՛մ ընդունի սխալը»։

«Առավոտ»-ը, օրինաչափ համարելով իշխանության տարբեր թևերի միջև առաջացած լարվածությունը, գրում է․ - «Ինքնին դա դրական երեւույթ է՝ ո՞վ ասաց, որ խորհրդարանը և կառավարությունը, պատգամավորները և նախարարները պետք է առավոտից մինչև երեկո աղունիկների նման ղունղունեն: Ցանկալի է, որ այդպես չլինի՝ նրանք պետք է մշտապես իրար հետ վեճի մեջ լինեն, իրար հավասարակշռեն: Ցանկալի է նաեւ, որ խորհրդարանական մեծամասնությունը հնարավորություն չունենա միայնակ հաստատելու կառավարության որոշումները, ինչպես որ դա, ցավոք, Հայաստանում է: Շատ լավ կլիներ, որ այդ քննարկումներին մասնակցեին ոչ միայն հանրապետական պատգամավորները և հանրապետական նախարարները, այլև ընդդիմության և «այլընտրանքի» ներկայացուցիչները: Բայց մենք ունենք այն, ինչ ունենք, ավելի լավ է՝ նույնիսկ այս պայմաններում քննարկել գործադիրի հնարավոր չարաշահումները, քան լռել դրանց մասին: Ի դեպ, բոլոր երկրներում պատգամավորները պարտավոր են լինել ավելի «պոպուլիստ», քան նախարարները: Որովհետև պատգամավորները ընտրվում են կամ, համենայնդեպս, պետք է որ ընտրվեն, իսկ նախարարները նշանակվում են: Իհարկե, ամենաճիշտը կլինի, որ Հայաստանում էլ պատգամավորներն իրականում ընտրվեն»:

«Հրապարակ»-ը գրում է․ - «20 տարում երբևէ իշխանության ներսում այսպիսի լարում, այսքան հակամարտություն, այսչափ ինտրիգներ չեն եղել, ինչպես հիմա է: Անգամ 90-ականներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի նախօրեին, այսքան սրված չէին ներիշխանական հակասությունները, այսքան բացասական էներգիա չկար: Երբ իշխող ուժի ներսում մի քանի հոսանքներ են ձևավորվել, երբ պետական բարձր ատյանների ղեկավարներն իրար տանել չեն կարողանում և երազում են մեկը մյուսի «մահը», երբ թաքուն կամ ափաշկարա իրար սեւացնում են ու իրար տակ փորում, երբ գործի են դրվում պայքարի բոլոր՝ թույլատրելի և անթույլատրելի մեթոդները: Գուցե մարդկանց համբերության ու հույսի պաշարն այսքան սպառված չէր այն ժամանակ: Գուցե մարդիկ այսքան հասուն ու պայքարող չէին: Գուցե պաշտոնյաներն այսքան տգետ, ագահ ու «հաբռգած» չէին»:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG