Մատչելիության հղումներ

Դատարանը Թաքսիմ հրապարակի շինարարությունը հակաօրինական է համարել


Թուրքիա - Հերթական բողոքի ակցիան Ստամբուլի Թաքսիմ հրապարակում, հունիս, 2013թ․

Թուրքիա - Հերթական բողոքի ակցիան Ստամբուլի Թաքսիմ հրապարակում, հունիս, 2013թ․

Դեռ հունիսի 8-ին կայացված որոշման մասին հայտնի է դարձել միայն երեկ երեկոյան:

Ստամբուլի դատարանը որոշել է չեղյալ համարել Թաքսիմ հրապարակի վերակառուցման բոլոր ծրագրերը, ինչպես նաև Գեզի այգում նախատեսված շինարարությունը, որով պետք է վերականգնվեր Oսմանյան կայսրության հրետանային գնդի պատմական զորանոցների շենքը, սակայն արդեն այլ կիրառական նշանակությամբ այդտեղ պետք է տեղակայվեին առևտրի կենտրոն և մզկիթ:

Թուրքական Hurriyet Daily News պարբերականը հայտնում է, որ որոշումը կայացվել է դեռ հունիսի 8-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հուլիսի 3-ի երեկոյան:

Դատարանի վճռում նշվում է, որ վերակառուցման ծրագրերը, որոնք նախագծի հիմքն են, չեն համապատասխանում օրենսդրությանը, այդ պատճառով, քանի դեռ քաղաքապետարանը քաղաքի զարգացման, իսկ ավելի կոնկրետ` Թաքսիմ հրապարակի զարգացման նոր նախագիծ չի ներկայացրել, հրապարակի ու այգու տեսքը փոխող յուրաքանչյուր շինարարություն համարվում է հակաօրինական:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, շարունակվող բողոքի ցույցերի ճնշման տակ տեղի տալով մինչ այդ կոշտ իր դիրքորոշումից, հայտարարել էր, որ կհամաձայնի դատարանի որոշմանը, եթե անգամ այն լինի ոչ կառավարության օգտին, հակառակ դեպքում` խոստացել էր այգու հետագա ճակատագրի հարցը քվեարկության դնել հանրաքվեի ընթացքում:

Գեզի այգու և Թաքսիմ հրապարակի տարածքում շինարարություն ծավալելու իշխանությունների ծրագրերի դեմ դատական հայց էր ներկայացրել Ստամբուլի ճարտարապետների պալատը:

Թուրքիայում Գեզի այգու և Թաքսիմ հրապարակի պաշտպանության համար բնապահպանների նստացույցը այգում սկսվեց մայիսի 28-ին: Չորս օր անց, երբ ոստիկանությունը կոպտորեն հեռացրեց ակտիվիստներին այգուց, ցույցերը ահագնացան, Թաքսիմ հրապարակը լցվեց արդեն երկրի վարչապետի հրաժարականի պահանջներ հնչեցնող ցուցարարներով: Բողոքի ալիքը ծավալվեց Թուրքիայի այլ խոշոր քաղաքներում` ուղեկցվելով ամենօրյա բախումներով ոստիկանության հետ: Բախումների ըթնացքում 5 հոգի զոհվեց, հազարավոր մարդիկ վիրավորվեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG