Մատչելիության հղումներ

Ալիևը հասկացնում է ընդդիմությանը՝ իշխանությունը չի նահանջելու


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւ, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւ, արխիվ

Ադրբեջանի նախագահը հստակ ուղերձ հղեց, ըստ որի՝ իր վարչակազմի գլխավոր հենարանը առաջիկա ամիսներին ուժայիններն են լինելու:

Ադրբեջանական ընդդիմության կողմից Ռուստամ Իբրահիմբեկովին որպես նախագահի միասնական թեկնածու առաջադրելուց հաշվված ժամեր անց Իլհամ Ալիևը հասկացրեց իր ընդդիմախոսներին, որ աշնանն ակնկալվող նախընտրական սրացումների ֆոնին իշխանությունը չի նահանջելու:

Երեքշաբթի օրը այցելելով երկրի ներքին գործերի նախարարություն` Ադրբեջանի նախագահը հստակ ուղերձ հղեց, ըստ որի՝ ադրբեջանական վարչակազմի գլխավոր հենարանը առաջիկա ամիսներին հենց ուժային կառույցների աշխատակիցներն են լինելու:

«2005 թվականին, հիշում եմ, որոշ ուժեր ցանկանում էին մեր երկրում տխրահռչակ նարնջագույն հեղափոխություն իրականացնել, սակայն ոստիկանության վճռական գործողությունները կանխեցին այդ անցանկալի երևույթների ծավալումը: Իրավիճակն այն ժամանակ շատ ավելի բարդ էր, քան այսօր: Մենք գտնվում էինք միջազգային որոշ ուժերի ճնշման տակ, որոնք մեզնից պահանջում էին պատժել ոստիկաններին, որոնք իբր գերազանցել են լիազորությունները, չարդարացված ուժ են կիրառել: Մեզ պայմաններ էին առաջ քաշում, որոնք մենք, բնականաբար, մերժեցիքն: Ասել եմ այն ժամանակ և կրկնում եմ այժմ` ոստիկանության որևէ աշխատակից չի պատժվելու», - հայտարարեց Ալիևը:

Խոսելով ընդդիմության գործողությունների մասին` Ադրբեջանի նախագահն իր քաղաքական հակառակորդներին ենթարկեց կատաղի քննադատության` ճիշտ է, առանց անուններ հնչեցնելու:

«Ադրբեջանն այսօր կայուն, կայացած պետություն է, որն անկախ քաղաքականություն է վարում: Իշխանությունը և ադրբեջանական հանրությունը միասնական են: Իսկ նրանք, ովքեր մեր դեմ են հանդես գալիս, կրկին բացահայտեցին իրենց իրական դեմքը: Այդ մարդիկ ստրուկի հոգեբանության կրողներն են, քանի որ գտնվում են ավագ եղբոր չդադարող փնտրտուքի մեջ: Նրանց ցանկությունն է մի որևէ արտաքին ուժ գտնել և կախվել դրա փեշից», - հայտարարեց Ալիևը՝ շարունակելով․ - «Մի խոսքով, այսօրվա Ադրբեջանի քաղաքական պատկերը հետևյալն է` մի կողմից՝ անկախ քաղաքականություն վարող, որևէ մեկի առջև գլուխ չխոնարհող իշխանություն, մյուս կողմից` ապազգային, ծախու, դավաճանական տարրեր, որոնք պատրաստ են ցանկացած ուղի ընտրել իրենց նպատակներին հասնելու համար»:

Ադրբեջանի նախագահի հայտարարությունը արդեն իսկ արժանացել է ընդդիմադիր ուժերի խիստ քննադատությանը:

Ընդդիմության միասնական Ազգային խորհրդի աշխատակազմը ղեկավարող Էլդար Նամազովը «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում նշել է․ - «Ցավոք սրտի, նախագահ Ալիևը հանդես է գալիս ադրբեջանցիների ուղեղներում յուրատեսակ «քաղաքացիական պատերազմի» հրձիգի դերում: Դա ավտորիտարիզմի դրսևորում է»:

Ադրբեջանում անցկացված հարցման համաձայն, երկրի բնակիչների 84 տոկոսը համոզված է` ընտրությունների՝ իրենց համար անցանկալի ելքի դեպքում իշխանությունները պատրաստ են լինելու ուժ կիրառել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG