Մատչելիության հղումներ

ԼՂ-ում երկու երիտասարդի մեղսագրվում է պետական դավաճանություն


ԼՂ Պաշտպանության բանակի զորամասերից մեկում:

ԼՂ Պաշտպանության բանակի զորամասերից մեկում:

Լեռնային Ղարաբաղի ընդհանուր իրավասության դատարանում անցած շաբաթ մեկնարկել է պետական դավաճանության և լրտեսության մեջ մեղադրվող Պաշտպանության բանակի 22-ամյա պայմանագրային զինծառայող Ռաֆայել Ավագյանի և վերջինիս ընկեր Դավիթ Բարսեղյանի գործը:

Ըստ մեղադրանքի, Ավագյանն ու Բարսեղյանը շուրջ մեկ տարի առաջ «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում ծանոթացել են Ստամբուլում բնակվող ոմն Սամվել Ազատյանի հետ: Վերջինս ներկայացել է Թուրքիայի մայրաքաղաքում տեղակայված բարեգործական կազմակերպության անդամ:

Այսօրվա նիստում մեղադրյալներից Ռաֆայել Ավագյանը դատարանում ասաց, թե կասկածելի ոչինչ չեն նկատել․ Ազատյանը վարժ գրում էր հայերեն, սոցցանցում նրա ընկերները հայ մարդիկ էին: Նա, իբր բարեգործական ծրագրեր իրականացնելու նպատակով, Ավագյանից որոշակի տեղեկություններ է խնդրել Պաշտպանության բանակի մասին, արտակարգ պատահարների ժամանակ զոհվածների ու վիրավորների մասին, բժշկական սպասարկման, սննդի, շինությունների վիճակի և այլնի մասին:

Մեղադրյալն ասաց, որ 3-4 անգամ նման տեղեկություններ ուղարկել է, ինչի դիմաց որպես նվեր ստացել է ձեռքի ժամացույց, դրամապանակ, այլ իրեր, ինչպես նաեւ շուրջ 1000 ԱՄՆ դոլար: Այդ գումարից 800 դոլարով Ավագյանը, Ազատյանի խորհրդով, բջջային հեռախոս է գնել, իսկ 200-ը տվել է ընկերոջը՝ Դավիթ Բարսեղյանին, որպեսզի նա Կովսականից լուսանկարներ ուղարկի սիրիահայերի վերաբերյալ:

Ավագյանը ասաց, նաև, որ իր «սփյուռքահայ բարերարի» խնդրանքով մի շարք այլ տեղեկություններ և լուսանկարներ էր պատրաստել, սակայն դրանք չի ուղարկել, քանի որ Սամվելից ստանում է մի գրություն, որն ըստ էության երդման տեքստ էր, որի կետերից մեկով ինքը պիտի խոստանար կատարել գաղտնի հանձնարարություններ՝ դրանցից յուրաքանչյուրի դիմաց 300 դոլար ստանալու պայմանով:

Մեղադրյալը նաև ասաց, թե կարծում էր, որ փոխանցած տեղեկությունները ռազմական գաղտնիքներ չեն պարունակում: Իր թույլ տված սխալը հասկացել է միայն ձերբակալությունից հետո:

Դատական նիստը կշարունակվի վաղը:
XS
SM
MD
LG