Մատչելիության հղումներ

Խորհրդակցությունը մտահոգություններ է առաջացրել ՀՅԴ-ում


Վերահսկիչ պալատի վերջին բացահայտումների կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանի անցկացրած խորհրդակցությունը մտահոգություններ է առաջացրել Հայ հեղափոխական դաշնակցության շրջանակներում:

Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մտավախություն հայտնեց, որ նման քննարկումները կարող են հանգեցնել Վերահսկիչ պալատի ինստիտուտը «խեղդելուն»՝ հայտարարելով, որ որեւէ մեկը իրավունք չունի անկախ այս մարմնին ցուցումներ տալ եւ սովորեցնել:

«Մեզ համար կարեւոր է պետական կառույցների կայացումը, մենք այսօր լուրջ խնդիր ունենք իշխանական համակարգում հակակշռման եւ զսպման մեխանիզմներ առաջացնելու, մյուս կողմից էլ` չպիտի այնպես խեղդենք Վերահսկիչ պալատին, որ ըստ էության, այսուհետեւ որեւէ մեկը խուսափի ինչ-որ բանի մասին խոսելուց: Ես ավելի շատ այդ մտահոգություն ունեմ, որովհետեւ նման քննարկումը նման ձեւով անցկացնելը կարող է նաեւ հանգեցնել նրան, որ որեւէ հաջորդ Վերահսկիչ պալատի հաշվետվություն ի սկզբանե լինի այնքան լղոզված եւ անորոշ, որ իմաստ էլ չունենա ընդհանրապես դա քննարկելը»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Շաբաթ օրը նախագահի մոտ բարձրաստիճան պաշտոնյաների եւ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, հիշեցնենք, Սերժ Սարգսյանը անդրադառնալով մի շարք ոլորտներում բյուջետային միջոցների մսխման վերաբերյալ Իշխան Զաքարյանի սկանդալային հաշվետվությանը, վարչապետին հորդորեց հատ առ հատ բաց եւ թափանցիկ քննարկել բարձրացված հարցերը, ճշտել՝ չարաշահումների վերաբերյալ պնդումները քրեական հանցագործություններ, թե՝ կառուցվածքային խնդիրներ են: Միաժամանակ նախագահը դիտողություններ արեց Իշխան Զաքարյանին՝ հորդորելով զերծ մնալ գնահատականներ հնչեցնելուց: «Որեւէ մեկը Ձեր կարծիքը չի ակնկալում լսել»,- հայտարարեց նա՝ հավելելով. - «Ցավոք սրտի, շատ դեպքերում մեր Վերահսկիչ պալատը վեր է ածվել տեսչական մարմնի, վեր է ածվել պարզ ռեւիզորի»:

Արմեն Ռուստամյանը հիշեցրեց, որ Վերահսկիչ պալատի անկախությունը երաշխավորված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.4 հոդվածով:

«Պետք է շատ լավ գիտակցենք, որ Վերահսկիչ պալատը անկախ մարմին է: Մենք լավ չենք երեւի ընկալում, ինչ է նշանակում անկախ մարմին․ անկախ մարմիններին այս կամ այն կողմից ցուցումներ տալը արգելված է: Այդ անկախության հետ կապված խնդիրներ են նաեւ առաջանում»,- ընդգծեց պատգամավորը:

Հարցին, թե համարո՞ւմ է, որ Իշխան Զաքարյանը Ազգային ժողովում քաղաքական հայտարարություններ է հնչեցրել, ինչի իրավունքը չուներ, եւ նախագահը դրա համար դիտողություն արեց նրան, պատգամավորը պատասխանեց. - «Գիտեք, այդտեղ շատ ազատ մեկնաբանության խնդիր է, քաղաքականը իրավականից դժվար է տարանջատել, հիմա մեկը կարող է նույն հայտարարությունը իրավական համարել, մյուսը՝ քաղաքական: Անկախ հենց նրանով է, որ որեւէ մեկը իրավունք չունի այդ մարմնին սովորեցնելու, նրա ազատությունը պետք է լիարժեք երաշխավորված լինի: Թե չէ` ամեն մեկն էլ կարող է գնահատել, մեկը մյուսի խոսքի մեջ ինչ ասես գտնի»:
XS
SM
MD
LG