Մատչելիության հղումներ

logo-print

Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարները հակադարձում են ՎՊ-ի քննադատությանը


Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյան

Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյան

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն այդպես էլ չնշեց, թե ինչքան եկամուտ է ստացել պետբյուջեն կամ ինչքան գումար է մուտք եղել պետական գանձարան` հանրահայտ երկու բիոզուգարանների գնման հետեւանքով, որոնց ձեռք բերման համար կառավարությունը ծախսել է մոտ 124 միլիոն դրամ:

Այսօր կառավարության մամուլի կենտրոնում էկոնոմիկայի նախարարն ասուլիս էր տալիս` կապված Վերահսկիչ պալատի աղմուկ հանած հաշվետվության հետ:

Իշխան Զաքարյանի գլխավորած կառույցը մի շարք խախտումներ, թերություններ է հայտնաբերել նաեւ էկոնոմիկայի նախարարության գործունեությունում` պետբյուջեի միջոցները ծախսելու առումով։ Բացի այդ նախարարության իրականացրած այլ ծրագրեր (այդ թվում 124 միլիոնանոց երկու զուգարանների մասով) գնահատվել են անարդյունավետ:

Հունիսի կեսերին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը, օրինակ, նշել էր, թե զուգարանները ձեռք են բերվել դրանք բիզնես դարձնելու նպատակով: Այսինքն, 124 միլիոնանոց զուգարանները պետք է եկամուտ ապահովեն:

«Բոլորը գալիս են, ասում են՝ զուգարան չկա։ Տուրիզմ առանց զուգարանների հնարավոր չէ զարգացնել։ Հիմա էկոնոմիկայի նախարարությունը անհաջող փորձ է արել․ անհաջող փորձ։ Ասել է՝ պետք է մի հայեցակարգ ներդնել Հայաստանում, որպեսզի լինեն ինքնածախսածածկվող զուգարաններ, որպեսզի վրան գովազդներ լինեն, բանկոմատներ մեջը տեղադրվեն, վճարովի լինի, եւ այդ զուգարանները դառնան բիզնես, որ իրենք եկամուտ ստանան՝ ծախսերը փակեն»,- ասել էր վարչապետը։

Եվ ահա, այսօր խնդրեցինք էկոնոմիկայի նախարարին ներկայացնել, թե մի քանի ամիս է անցել զուգարանների տեղադրումից, ու ինչքան գումար է ստացել պետբյուջեն նման թանկարժեք զուգարաններ գնելով եւ նման բիզնես հիմնելով:

«Օգուտ ստանալու տեսակետից ես այդ կարծիքին չեմ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է զուգարաններից եկամուտ ստանա: Հայաստանի Հանրապետությունը կառուցում է նաեւ անցումներ եւ այլն։ Իմ անձնական կարծիքով՝ հանրային զուգարանները չեն տեղադրվում եկամուտ ստանալու նպատակով։ Հետագայում էլ տուրիզմի զարգացման բնագավառում, այդ թվում՝ նաեւ զուգարանների տեղադրման բնագավառում ավելի շատ հակվելու է այն կարծիքին, որ դրանք հանրային օգտագործման տեղեր են», -ասաց նախարարը:

Կառավարության մամուլի կենտրոնում լրագրողներին հաջորդը հանդիպեց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը։ Ազգային ժողովում իր ելույթներից մեկի ժամանակ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարել է, թե պետական բյուջեի 70 տոկոսը հայտնվել է ռիսկի ներքո, քանի որ կոռումպացված ձևով է ծախսվում։ Բացի այդ Վերահսկիչ պալատի եզրակացության մեջ նշված է, թե վիճակը գնումների համակարգում խիստ մտահոգի չէ եւ ակնհայտ է, որ խնդիրներն ունեն համակարգային բնույթ։
Ֆինանսների նախարարը այսօր չհամաձայնվեց այդ գնահատականների հետ։

«Համաձայն չեմ մի շարք պատճառններով։ Առաջինը՝ 700 միլիարդ պետական գնումներ մեզ մոտ գոյություն չունեն։ Մեր ընդհանուր գնումների ծավալը այդպիսին չէ ֆիզիկապես», - ասաց նախարարը՝ շեշտելով, որ պետբյուջեում գնումների համար նախատեսված է միայն 310 միլիարդ դրամ. - «Երկրորդ պատճառը՝ անգամ դա եթե լինի 700 կամ 300 միլիարդ, բնական է, որ ռիսկայնության մասին համատարած խոսել չի կարելի։ Որ մենք ունենք համակարգային մեծ խնդիրներ գնումների իրականացման առումով, ես չեմ կարծում, որ այսօր առկա են», - ասաց Սարգսյանը։
XS
SM
MD
LG