Մատչելիության հղումներ

logo-print

«Ներքաղաքական պայքարը տեղափոխվել է իշխանության ներս»


Վարչապետ Տիգրան Սարգսյանը Ազգային ժողովին է ներկայացնում կառավարության ծրագիրը, 20-ը մայիսի, 2013թ․

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Ազգային ժողովին է ներկայացնում կառավարության ծրագիրը, 20-ը մայիսի, 2013թ․

Փորձագետների կարծիքով՝ ներկայումս Հայաստանում ներքաղաքական պայքարը իշխանություն - ընդդիմություն հարթակից տեղափոխվել է իշխանության ներս, և որոշիչ է դարձել հենց այդ՝ ներիշխանական պայքարը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը համոզմունք հայտնեց, թե այստեղ որոշիչ դեր ունի այն, որ ներկայումս նախագահ Սերժ Սարգսյանի երկրորդ ժամկետն է, և իշխանական խմբավորումները, անհանգստանալով, թե ինչ է լինելու Սարգսյանի պաշտոնավարումից հետո, պայքար են սկսել իրենց իշխանությունն ու կարողությունը պահպանելու, իսկ միգուցե նաև՝ ընդլայնելու համար:

«Մեր կարգի երկրների նման երկրներում՝ հետխորհրդային շրջանի նկատի ունեմ, նախագահի երկրորդ ընտրությունից հետո միշտ էլ պայքարը տեղափոխվում է ներիշխանական․․․ Դա եղել է ե՛ւ Լևոն Տեր-Պետրոսյանի 96 թվականի ընտրությունից հետո, երբ 97 թվականին արդեն ներիշխանական պայքար էր միայն գրեթե, նույնը՝ 2003 թվականի Ռոբերտ Քոչարյանի ընտրությունից հետո էր, նույնը հիմա է կատարվում», - ասաց Քոչարյանը՝ մանրամասնելով․ - «Որովհետև սկսվել է ժառանգորդի այդ պայքարը՝ ով է լինելու հաջորդը: Որովհետև եթե առաջին հինգ տարին, բնական է, բոլորը գոնե իշխանությունում գիտեն, որ իրենց թեկնածուն ով է, ապա երկրորդ ընտրություններից հետո, երբ երրորդ անգամ արդեն, ըստ Սահմանադրության, իրավունք չկա, որ գործող նախագահը դնի իր թեկնածությունը, սկսվում է պայքար՝ իսկ ով է լինելու հաջորդը: Մնացած ամեն ինչ՝ դա արդեն ածանցյալներ են»:

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի ներկայացմամբ՝ իշխանության ներսում ծավալված պայքարի գլխավոր պատճառն այն է, որ Հայաստանի ռեսուրսները սկսել են չբավարարել իշխանական տարբեր կլաններին, թեև, ըստ Բադալյանի, չի կարելի ասել, որ պայքարը իշխանության և ընդդիմության միջև իսպառ վերացել է:

«Չնայած ընդդիմությունն էլ է պայքարում, օրինակի համար՝ Ազգային ժողովում ելույթներ են ունենում ընդդիմադիր տարբեր ուժեր, այնտեղ ինչ-որ դատախազություն հարցումներ են իրականացնում, այսինքն՝ նրանք էլ են պայքարում, բայց ամենամեծ խնդիրը հենց այն է Հայաստանի, որ այդ պայքարը չի սնուցվում հասարակությունից», - ասաց փորձագետը եւ շարունակեց․ - «Ոչ թե որ ընդդիմությունը հեղինակություն չունի, ոչ թե որ ընդդիմությունը, ասենք, ինչ-որ, սխալ է պայքարում՝ չնայած ունի ե՛ւ սխալներ, ե՛ւ ճիշտ կողմեր, բայց խնդիրը այն է, որ հասարակությունը այլևս այս երկրի հետ հույս չի կապում և ուղղակի հեռանում է»:

«Ի դեպ, երբ ասում են, որ հասարակությունը շատ պասիվ է, ես համաձայն չեմ դրա հետ՝ հասարակությունը շատ ակտիվ է, ուղղակի այդ ակտիվությունը զգացվում է «Զվարթնոց» օդանավակայանում, Բավրայում, Բագրատաշենում և Վերին Լարսում», - հայտարարեց Արմեն Բադալյանը:
XS
SM
MD
LG