Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահի հրաժարականի հարց ՀՀԿ-ն չի քննարկել


Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկման ժամանակ ինչպե՞ս է իրեն պահել ՀՀԿ-ն, որ նախագահ Սերժ Սարգսյանն ուզում է այդ վարքագիծը դարձնել ներկուսակցական քննարկման առարկա:

Իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չցանկացավ այդ մասին խոսել, քանի դեռ հարցը չի քննարկվել կուսակցության ներսում:

Հանրապետականները կարծում են, որ կուսակցության եւ երկրի ղեկավարը ՎՊ-ի հաշվետվությանն առնչվող հարցերն իրենց հետ կքննարկի Գործադիր մարմնի նիստում:

«Երկրի նախագահն է: Ճիշտ է, որ կարող են լինել տարբեր խնդիրներ, որոնք դուր չգան: Եվ պետք է նաեւ քննադատել, ջղայնանալ, ուղղորդել, ասել․․․ Անընդհատ պետք է գովա՞նք, ասենք, որ լա՞վ է: Չէ՛», - նշեց Սահակյանը:

Ազգային ժողովում ՎՊ-ի հաշվետվության քննարկման ընթացքում, հիշեցնենք, խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը բավական կոշտ արձագանքեց պալատի բացահայտումներին՝ նկատելով, թե գործ ունենք թալանչիների հետ: Մամուլում ավելի ուշ վերլուծություններ հայտնվեցին, թե Հովիկ Աբրահամյանը կարող է հրաժարական ներկայացնել, քանի որ, ըստ, օրինակ, «168 ժամ»-ի վերլուծության, նախագահի ելույթից հետո Աբրահամյանը հասկացել էր, որ «անցել է Ռուբիկոնը»:

Սահակյանն ասաց, որ ԱԺ նախագահի հրաժարականի հարց ՀՀԿ-ն չի քննարկել․ - «Եթե նման անհրաժեշտություն կամ խնդիր լիներ, ապա վստահ եմ, որ կուսակցությունում կքննարկվեր»:

Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ենթադրեց, թե ինչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը, երբ խոսում էր Հանրապետական պահվածքի մասին․ - «Տարբերակներից մեկը՝ որ իշխանության ներսում ձևավորված որևէ կողմ, որևէ թիմ ուզում է օգտագործել այդ հաշվետվությունը մյուս թիմի դեմ: Եվ ահա այս ամբողջ խառնաշփոթի մեջ ժողովուրդը տեսնում է, որ խորհրդարանի ընդդիմության բառամթերքը հանկարծ վերցնում են շատ ավելի կտրուկ ձեւակերպումներով մեծամասնության ներկայացուցիչները՝ թե այս ինչ է կատարվում, լափում են պետական բյուջեն, փոշիացնում են»:

Հակոբյանը կարծում է, որ Հանրապետականում թևեր կան, բայց միայն դատախազության պատասխանից հետո պարզ կդառնա, թե իշխանության ներսում ովքեր են իրար դեմ պայքարում․ - «Նույնիսկ ֆինանսաբյուջետային հանձնաժողովը եզրակացություն չէր տվել, ինչը նոնսենս է․․․ Արդեն այստեղ պարզ էր, որ ինչ-որ բան այն չէ: Եվ այդ ինչ-որ բանն այն էր, որ իսկապես իշխանության ներսում վերադասավորումներ են գնում»:

Նախագահի ելույթը զարմացրել է Հակոբյանին, բայց «Ժառանգություն»-ը հետևողական է լինելու՝ մեղավորները պետք է պատժվեն․ - «Սա օրենքի շրջանակներում ապրող պետության կեցվածք չի կարող լինել: Խոսում ենք ժողովրդավարությունից, խոսում ենք այն մասին, որ մենք օրենքի և Սահմանադրության սահմաններում ենք ապրում: Բայց հաջորդ պահին արդեն գուցե անուղղակիորեն ցույց ենք տալիս, որ չէ, այնքան այդպես չէ»:
XS
SM
MD
LG