Մատչելիության հղումներ

«Բանակն իրականում»-ի անդամը ակնկալիքներ չունի աշխատանքային խմբից


Քաղաքացիական ակտիվիստների բողոքի ակցիան Զինված ուժերում խաղաղ պայմաններում մահվան դեպքերի առնչությամբ, արխիվ

Քաղաքացիական ակտիվիստների բողոքի ակցիան Զինված ուժերում խաղաղ պայմաններում մահվան դեպքերի առնչությամբ, արխիվ

Հայաստանի զինվորական դատախազությունը մտադիր է աշխատանքային խումբ ստեղծել՝ նպատակ ունենալով ուսումնասիրել զինված ուժերում մահվան դեպքերը:

Զինդատախազությունն այսօր տարածած հաղորդագրությունում մանրամասնում է իր մտադրությունը՝ շեշտելով, որ ուսումնասիրության առարկա կդառնան միայն այն քրեական գործերը, որոնց վերաբերյալ որոշում է կայացվել 2011 թվականի հունվարի 1-ից հետո: Ստեղծվելիք աշխատանքային խմբի քննարկման արդյունքում տվյալ քրեական գործի ուսումնասիրությունից հետո խմբի եզրակացության հիման վրա կկայացվեն դատավարական որոշումներ, ասված է զինդատախազության հաղորդագրությունում:

Վերջին տարիներին բանակում մահվան դեպքերով զբաղվող «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Ծովինար Նազարյանը նման խմբի ձեւավորումը անիմաստ է համարում: Նազարյանի եղբայրը եւս մահացել է զինված ուժերում: Առաջին ատյանի դատարանը որոշել է, որ Արտակ Նազարյանը ինքնասպանություն է գործել, մինչդեռ ընտանիքը համոզված է, որ տեղի է ունցել դաժան սպանություն: Նազարյանը կարծում է, որ այս խմբի ստեղծմամբ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը իր գործունեությունն է ուզում լավ լույսի ներքո ցույց տալ` հնարավոր առաջխաղացման նպատակով: Այդ պատճառով էլ, ըստ Նազարյանի, զինդատախազությունը մտադիր է քննել միայն այն գործերը, որոնց վերաբերյալ որոշում է կայացվել 2011 թվականի հունվարի 1-ից հետո, երբ զինդատախազ էր նշանակվել Գեւորգ Կոստանյանը:

«Ես դա կապում եմ նրա հետ, որ գլխավոր դատախազի պաշտոնավարման ժամանակն է սպառվում, եւ հնարավոր է` վերանշանակում լինի, կամ չլինի, կամ դրա հետ կապված ներքին մղումներ կան, եւ Կոստանյանը հնարավոր է, որ իր կարիերայի առաջընթացն է պատրաստում», - կարծում է Նազարյանը:

Նազարյանը մեծ ակնկալիքներ չունի ստեղծվելիք աշխատանքային խմբի գործունեությունից՝ հաշվի առնելով նաեւ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ եղբոր գործով ունեցած հանդիպումը: Հանդիպման արդյունքում բանակում մահացած սպայի քրեական գործի հետ կապված հարցերը լուծում չեն ստացել:

Աշխատանքային խմբում, ինչպես զինդատախազությունն է նախատեսում, կընդգրկվեն Փաստաբանների պալատի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ինչպես նաեւ բանակում մահվան դեպքերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ընդ որում, հասարակական կազմակերպության հայտը կբավարարվի, եթե այն այս ոլորտում առնվազն երեք տարվա փորձ ունի եւ մասնագիտությամբ իրավաբան ունի, ով էլ կներառվի աշխատանքային խմբում:

Մինչ «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Ծովինար Նազարյանը ակնկալիքներ չունի զինդատախազության կողմից ստեղծվելիք աշխատանքային խմբից, ու հասարակական կառույցներին ներառելը համարում է իմիտացիա, խմբի մեկ այլ անդամ` իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը կարծում է, որ առիթը պետք է բաց չթողնել եւ ընդունել առաջարկը:

Սաքունցը մտադիր է իր կազմակերպության ներկայացուցչին առաջադրել այս խմբում: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտ ներկայացնելիս մտադիր է խմբում առաջադրել կազմակերպության իրավաբան Արայիկ Զալյանին, ով Մատաղիսի աղմկահարույց գործով արդեն նախկին մեղադրյալներից էր: Սաքունցն ասում է, որ իրավապահ մարմինը նման ձեւաչափով աշխատանք առաջին անգամն է առաջարկում:

«Մի քանի անհասկանալի պահեր կան, որոնք պետք է պարզաբանում ստանան. առաջինը` ինչու է դա միայն 2011 թվականի հունվարի 1-ից հետո հարուցված քրեական գործերին վերաբերվում, որովհետեւ վերջին հաշվով ավելի շատ դժգոհություններ կան մինչ 2011-ը տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ», - ասաց Սաքունցը:

Իրավապաշտպանի հաջորդ մտահոգությունը կապված է ստեղծվելիք խմբի որոշումների հետ՝ ով է կայացնելու վերջնական որոշումը եւ ինչպես կլուծվեն խմբի ներսում հակասությունները: Սրանք հետագա քննարկան հարցեր են, նշում է Սաքունցը: Նա ասում է` եթե ստեղծվելիք խումբը չարդարացնի իրեն ու սխալներ թույլ տա, ապա իրենք այդ մասին չեն լռի:

Աշխատանքային խմբում ընդգրկվելու համար զինվորական դատախազությունը հայտերն ընդունում է մինչեւ հուլիսի 15-ը:
XS
SM
MD
LG