Մատչելիության հղումներ

«Կառուցվում է անկախ Հայաստանի պատմության ամենամեծ վարչական համալիրը»


Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյան

Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյան

Երեւանի գլխավոր ճարտարապետ, կառավարության նոր վարչական համալիրի նախագծի հեղինակ Նարեկ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ արտաքին գործերի, էներգետիկայի եւ արդարադատության նախարարությունների համար կառուցվող շենքը բաղկացած կլինի 3 մասից:

«Ամբողջ ճակատային մասը արտաքին գործերի նախարարությունն է, մեծ բացվածք է նախատեսված, որը Հանրապետության հրապարակի կապի նախարարության բացվածքից ավելի մեծ է: Սա կնպաստի, որ շենքը ավելի թեթեւ ու թափանցիկ լինի, եւ նաեւ դառնա հիմնական մուտք բոլոր նախարարությունների համար, որովհետեւ ետեւի մասում են գտնվելու մյուս երկու նախարարությունները», - ասաց Սարգսյանը:

30 հազար քմ մակերեսով շենքի 60 տոկոսից ավելին հատկացվելու է արտաքին գործերի նախարարությանը: Մյուս երկու նախարարությունները տեղակայված կլինեն արդեն շենքի ետեւի բակային հատվածում: Կառավարության նոր շենքը արտաքինից պատված կլինի տեղական սպիտակ քարով, որը ըստ Սարգսյանի` տուֆի եւ բազալտի խառնուրդ է:

«Նախատեսվում է կառուցել նաեւ մեծ ավտոկայանատեղի, որը կլինի Շահումյանի հրապարակի տակ», - փոխանցեց Սարգսյանը:

Գլխավոր ճարտարապետն ասաց, որ նախագծելիս հաշվի են առել նաեւ շենքը հարակից տարածքին ինտեգրելու հարցը: Այդ նպատակով ճակատային մասը կլինի 6 հարկ, իսկ այնուհետեւ այն աստիճանաբար կբարձրանա մինչեւ 9 հարկ: Կկառուցվի նաեւ աշտարակ, որը նման կլինի արդարադատության նախարարության նախկին շենքի աշտարակին: Սա կլինի շենքի ամենաբարձր հատվածը: Երեւանի գլխավոր ճարտարապետի խոսքով` կառավարության շենքի ավարտի հետ ամբողջական տեսք կստանա նաեւ Շահումյանի հրապարակը. - «Դիմացի «Ամերիա» բանկի հատվածում եւս շինարարություն է լինելու, այնտեղ բիզնես կենտրոն է կառուցվելու, նաեւ, բնականաբար, ամբողջական տեսք ստանալու համար կկառուցվի «Սեւան» հյուրանոցը: Աայդ մասով նախագծեր են մշակվում»:

Նարեկ Սարգսյանի խոսքով` մինչ տարվա վերջ նախատեսվում է ավարտել շենքի երկաթբետոնի հիմնակմախքի աշխատանքները, իսկ եթե ձմեռը բարենպաստ լինի, ապա կփորձեն երեսպատումը իրականացնել ձմռան ամիսներին: Այն հարցին, թե ի՞նչն է շտապելու պատճառը, եւ արդյոք դա չի ազդի՞ շենքի որակի վրա, Երեւանի գլխավոր ճարտարապետը ասաց, որ ամեն չափորոշիչ պահպանում են, իսկ արագ կառուցումը ստացվում է նոր տեխնոլոգիաների միջոցով:

Կառավարության նոր շենքը շահագործման կհանձնվի 2015 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG