Մատչելիության հղումներ

Զանգվածային թունավորում Դավթաշենում


Հունիսի 28-30-ն Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղի բնակիչներն ահազանգել են Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ հայտնելով, որ գյուղացիների մոտ նկատվել է ընդհանուր թուլություն, գլխապտույտ, փսխում և այլ ախտանիշներ:

Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության անցկացած ստուգումների արդյունքում պարզվել է, որ գյուղի բնակիչներն ունեցել են աղիքային խանգարումներ, 79 քաղաքացու ցուցաբերվել է առաջին բուժօգնություն եւ մեկ մարդ հոսպիտալացվել է:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գյուղացիներից մեկը՝ Անահիտ Մովսիսյանն ասաց, որ սա առաջին դեպքը չէ․ այս խնդիրը պարբերաբար գլուխ է բարձրացնում իրենց գյուղում, սակայն այդպես էլ որևէ հստակ լուծում չի ստանում:

Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության աշխատակիցները գյուղի խմելու ջրից վերցրել են փորձանմուշներ: Տեսչության վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ բնակչության մոտ հայտնաբերված թունավորումը՝ աղիքային ինֆեկցիան, առաջացել է հենց խմելու ջրից:

Բնակիչները պնդում են, որ սարից գյուղ իջնող խմելու ջրի գլխավոր խողովակատարները հին են՝ շուրջ 40 տարվա, ու վնասված:

Ջրից թունավորման վարկածը դեռ նախնական է: Ուսումնասիրություններն ու հետազոտությունները շարունակվում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG