Մատչելիության հղումներ

Սուրիկ Խաչատրյանի կալանավորված որդուն ու թիկնապահին «փորձ է արվում օգնել»


Արտապատկերում` «Ա1պլյուս»-ի կայքում հրապարակված «Ինչ է տեղի ունեցել Սուրիկ Խաչատրյանի տան մոտ» վերնագրով տեսանյութից
Արտապատկերում` «Ա1պլյուս»-ի կայքում հրապարակված «Ինչ է տեղի ունեցել Սուրիկ Խաչատրյանի տան մոտ» վերնագրով տեսանյութից
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպի հետեւանքով ծանր վնասվածք ստացած Արտակ Բուդաղյանի պաշտպանական կողմը հայտարարում է, որ քննչական մարմինները փորձում են օգնել Սուրիկ Խաչատրյանի որդուն ու թիկնապահին:

Տիգրան Խաչատրյանն ու Զարզանդ Նիկողոսյանը, ինչպես հայտնի է, սպանության, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու եւ ապօրինի զենք-զինամթերք կրելու մեղադրանքներով կալանավորված են: Պաշտպանության նախարարությունը հունիսի 24-ին հետաձգեց Արտակ Բուդաղյանին տուժող ճանաչելու դիմումի քննությունը, ինչի դեմ նրա փաստաբան Հայկ Ալումյանը բողոք է ներկայացրել գլխավոր դատախազություն:

Ալումյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ քննիչի որոշման մեջ որեւէ հստակություն չկա, թե ինչու ապացույցները բավարար չեն հրազենից վիրավորում ստացած Բուդաղյանին տուժող ճանաչելու համար, մտավախություն հայտնեց, որ փորձ է արվում Բուդաղյաններին եւ կալանավորվածներին «հավասարապես մեղավոր ներկայացնել»:

Ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՀՀ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը չէր բացառել որեւէ զարգացում, այդ թվում` Արտակ Բուդաղյանին որպես մեղադրյալ գործում ընդգրկելը:

«Սա մի խայտառակ իրավիճակ է, երբ որ ակնհայտորեն անձը պիտի ճանաչվի տուժող, բայց այսպիսի պատճառաբանություններ բերելով նախ` հետաձգում են տուժող ճանաչելը, հետո էլ սկսում են հասարակական կարծիքը նախապատրաստել, որ «գիտեք ինչ կա, կարող է ինքը դեռ մեղադրյալ լինի»»,- ասաց Ալումյանը:

«Ես վախենում եմ, որ հետզհետե հասարակական կարծիքը մոտեցնում են նրան, թե իբր էստեղ տեղի է ունեցել մի գործողություն, որտեղ հավասարապես մեղավոր են երկու կողմերը: Այս ձեւով փորձ է արվում օգնել այն կողմին: Դա անհերքելի է: Ինձ տրամադրված նյութերի շատ փոքր ծավալի մեջ արդեն իսկ երեւում է, որ ի սկզբանե ամեն ինչ արվել է այն կողմին օգնելու համար: Փորձում են հիմիկվանից հասարակական կարծիք ձեւավորել, որպեսզի, հավանաբար, հետագայում հասարակության համար մեծ շոկ չլինի, երբ կայացվեն այնպիսի որոշումներ, որ մյուս կողմը կամ ամբողջությամբ կամ մասամբ ազատվի պատասխանատվությունից, կամ շատ մեղմ պատասխանատվություն կրի», - ենթադրում է փաստաբանը:

Հայկ Ալումյանի կարծիքով «հասարակական կարծիքի ապակողմնորոշման» գործընթացը սկսվել է դեպքից անմիջապես հետո` կատարվածի տեսագրության հրապարակումից եւ Սուրիկ Խաչատրյանի տան վրա կոնկրետ անձանց կողմից «զինված հարձակման», ապա փոխհրաձգության վերաբերյալ զինվորական դատախազի հայտարարություններից:

«Տեսանյութը այնպես է մոնտաժված, որ չի երեւում տեսանյութից, որ կրակոցները Բուդաղյանների վրա սկսել են արձակել այն ժամանակ, երբ նրանք որեւէ վտանգ չէին ներկայացնում մյուս կողմի համար, երբ արդեն հեռացել էին: Այն կողմից հինգ հոգի մարդ, Բուդաղյանները` երկուսը, ընդ որում այս երկուսը հեռացել էին հինգ հոգուց, եւ հենց այդ ժամանակ նրանց ուղղությամբ սկսվում են կրակոցներ: Այդ մասը մոնտաժված է, որից հետո Բուդաղյաններից մեկը ստացած հրազենային վնասվածքից ընկել է եւ այլեւս չի կարողացել վեր կենալ, որից հետո արդեն տպավորություն է, թե Ավետիք Բուղադյանը զինված հարձակվում է էս մարդկանց վրա, եւ նրանք ստիպված սկսում են պաշտպանվել», - ասաց փաստաբանը` պնդելով, որ թե Սուրիկ Խաչատրյանի վիրավորված թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանի հրազենային վնասվածքը Արտակ Բուղադյանի կողմից չի պատճառվել. - «Դա ակնհայտ եւ պարզ է, այդտեղ երկու կարծիք գոյություն չունի»:

Փաստաբանը ուշադրություն է հրավիրում նաեւ այն հանգամանքին, որ սպանված Ավետիք Բուդաղյաին հայրը տուժողի իրավահաջորդ է ճանաչվել դեպքից 24 օր անց միայն: «Սա նշանակում է, որ նախաքննական մարմինը փորձել է Էմիլ Բուդաղյանին եւ նրա ներկայացուցչին հեռու պահել քրեական գործի տվյալներից», - եզրակացնում է Ալումյանը:

Ի դեպ, Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի պաշտպանությունը ստանձնել է Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը: Սահակյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով Արտակ Բուդաղյանին տուժող ճանաչելու պահանջին, հայտարարեց, որ իր պաշտպանյալը չի կատարել Քրեական օրենսգրքով նախատեսված այնպիսի արարք, որի հետեւանքով լիներ նրա գործողություններից տուժող. - «Մենք ունենք փաստ. հանրապետության զինվորական դատախազը հայտարարել է, որ տեղի է ունեցել զինված հարձակում եւ փոխհրաձգություն: Եթե կա հարձակում, ուրեմն կարելի է նաեւ պաշտպանվել: Հարկավոր է պարզել` արդյոք կա՞ անհրաժեշտ պաշտպանության վիճակ, թե՞` ոչ: Այն նյութերը, որ տրամադրված են ինձ, համենայնդեպս, խոսում են այն մասին, որ կա հարձակում, իսկ եթե կա հարձակում, ուրեմն կա նաեւ պաշտպանվելու իրավունք: Իմ պաշտպանյալը գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում»:

Սահակյանը հավելեց, որ գործին մանրամասն կանդրադառնա փորձաքննությունների, այդ թվում` տեսաժապավենի փորձաքննության արդյունքները ստանալուց հետո. - «Կա մոնտաժ, թե` չկա… թեեւ իմ համոզմամբ` մոնտաժը բացառված է` որոշակի տեխնիկական պատճառներից ելնելով»:
XS
SM
MD
LG