Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյանը այցելել է ԱՄՆ դեսպանատուն, շնորհավորական ուղերձ հղել Բարաք Օբամային


Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի

Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի

Նախագահ Սերժ Սարգսյանը Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ այսօր այցելել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատուն և շնորհավորել դեսպան Ջոն Հեֆերնին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց Միացյալ Նահանգների ժողովրդին՝ ԱՄՆ-ի Անկախության օրվա առթիվ:

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը տոնի կապակցությամբ նաև շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ-ի Նախագահ Բարաք Օբամային:

«Մեծարգո պարոն Նախագահ, Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ ջերմ շնորհավորանքներ և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին», - ասված է, մասնավորապես, ուղերձում, - «Մեր երկրների միջև գործընկերային սերտ կապերը վերջին տարիներին զգալի վերելք են արձանագրել, և այսօր մենք գտնվում ենք միջպետական հարաբերությունների բարձրակետում, տարբեր ոլորտներում ունենք համագործակցության աննախադեպ մեծ ծավալ: Մենք բարձր ենք գնահատում այն գործնական աջակցությունը, որ Միացյալ Նահանգները ցուցաբերում է Հայաստանին՝ ինչպես տնտեսական զարգացման, այնպես էլ ժողովրդավարական հաստատությունների և քաղաքացիական հասարակության ամրապնդման գործում: Մենք մեծապես շահագրգռված ենք ամբողջությամբ օգտագործելու երկկողմ հարաբերություններում առկա պատկառելի ներուժը և նոր մակարդակի բարձրացնելու մեր հարաբերությունները»:

«Հատուկ դրվատանքի է արժանի Միացյալ Նահանգների ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Համոզված ենք, որ Ձեր վարչակազմը կշարունակի իր ակտիվ միջնորդական առաքելությունը և կնպաստի մեր տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատմանը», - Օբամային գրել է Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG