Մատչելիության հղումներ

Նվազագույն աշխատավարձի չափը «խայտառակություն է»


Ընդդիմադիր գործիչները համոզված են` տասը հազարը դրամը որևէ բան չի փոխելու մարդկանց կյանքում:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը 45 հազար դրամ նվազագույն աշխատավարձը խայտառակություն է համարում՝ մատնացույց անելով աշխատավարձի բարձրացմանը զուգահեռ գնաճը․ - «Այս գնաճի շրջանում որևէ մեկը չի կարող ասել, որ 10 հազար դրամով կարող է ինչ-որ կերպ իր սոցիալական վիճակը բարելավի: Ուղղակի ծաղրանք է մեր հասարակության, մեր ժողովրդի նկատմամբ ասելը, որ մենք աշխատավարձ ենք բարձրացրել»:

Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը հիշեցնում է, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումը չի նշանակում, որ կավելանա նաև նրանց աշխատավարձը, ովքեր մինչև այսօր 45 հազար և ավելի էին ստանում․ - «Ընդհառակը, անհամապատասխանություններ տեղի կունենան, նույնիսկ անբացատրելի երևույթներ․․․ Եթե ինչ-որ տրամաբանություն կար գործող աշխատավարձի, վճարման համակարգի մեջ, հիմա այդ տրամաբանությունն էլ է վերանում»:

Նա օրինակ բերեց գրադարանները, որտեղ նվազագույն աշխատավարձ են ստանում․ ինչպես հավաքարարը, այնպես էլ գրադարանավարն ու վարիչը նույնչափ գումար կստանան: Ընդդիմադիր գործիչը տարակուսած է` ինչն է հաշվի առել Կառավարությունը այս քայլին գնալով. - «Պատեհապաշտական քայլեր են, պոպուլիստական, որով Կառավարությունը փորձում էր գազի և էլեկտրաէներգիայի [սակագների] բարձրացման այս խոսակցությունը շեղել: Եվ ոնց որ թե ստացվեց, որովհետեւ շատերի մտածեցին, թե 10 հազար դրամով բոլորի աշխատավարձն են բարձրացնում: Այդպես չէ: Այսինքն, այս քայլերով հակառակն են անում, եւ մարդկանց մոտ շահագրգռվածությունն ավելի լավ աշխատելու կամ ավելի բարձր աշխատավարձ ստանալու կվերանա»:

Խաչատրյանը պնդում է, թե մեկ շնչին Հայաստանում ամսական նվազագույնը 100-110 հազար դրամ է անհրաժեշտ, այն էլ` առանց որևէ շռայլության, ասենք ավտոմենքենա գնելու, տունը վերանորոգելու կամ հանգիստի մեկնելու:

Զարուհի Փոստանջյանը հավելում է, թե այդ գումարով անգամ խոսքը արժանապատիվ կյանքի մասին չէ. - «Ես հիմա խոսում եմ արժանապատվության մասին՝ քաղցածության շեմը նկատի ունենալով, մինչդեռ դա էլ բավարար չէ: Բայց մենք այսօր գիտենք, որ մեկ միլիոնից ավելի մարդ քաղցած է: Սա ցավալի եւ անթույլատրելի փաստ է, որը մենք ունենք, արձանագրված է»:

Կառավարության այս բարեփոխման հասցեատերերը ևս գոհ չեն. տասը հազար դրամը բան չի փոխելու, այս ամսվանից արդեն գազի ու էլեկտրաէներգիայի համար պիտի ավելի վճարեն:

«45 հազարը ինչին պիտի բավարար լինի, երբ օրեցօր թանկացումներ են: Ոչ մի հարց էլ չի կարող լուծել: Միայն կոմունալ վարձերի համար դարձյալ 45 հազարը քիչ է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց միջին տարիքի մի կին:

Եթե պետության բարիքները թեկուզ նվազագույն արդարությամբ բաշխվեն, ըստ Զարուհի Փոստանջյանի, Կառավարությունը կարող է աշխատավարձն ու կենսաթոշակը բարձրացնել: Նրա խոսքով՝ արտոնյալ մի քանի մարդիկ մնում են ստվերում, նույնիսկ գործադիրն է այդ մասին խոսում, բայց՝ միայն խոսում:

«Ստվերը վերանալու դեպքում այս գումարները գալու են պետական բյուջե: Գալով պետական բյուջե՝ բարձրանալու են և՛ աշխատավարձերը, և՛ թոշակները: Մենք տեսանք, թե ինչքան է նաև յուրացվում, փոշիացվում գումարները: Ասում են՝ 900 միլիարդից կարո՞ղ է 700 միլիարդը յուրացվի: Իհարկե կարող է: Հենց այդպես էլ տեղի է ունենում: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ մարդը մի քանի տարվա մեջ դառնում է հսկայական միլիոնների տեր», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:
XS
SM
MD
LG