Մատչելիության հղումներ

Պրոֆեսոր Վինհովենի «երջանկության մեխանիկան»


Հետազոտության արդյունքները վկայում են` մենք կարող ենք երջանկանալ, սակայն հաճախ չենք տեսնում դեպի երջանկություն տանող արահետը։

Կարո՞ղ ենք արդյոք մեր կյանքն ավելի երջանիկ դարձնել։ Ռոտերդամում տեղակայված «Համաշխարհային երջանկության տվյալների բազա» կենտրոնն ամփոփել է մի հետազոտություն, որի արդյունքները վկայում են` այո, մենք կարող ենք երջանկանալ, սակայն հաճախ չենք տեսնում դեպի երջանկություն տանող արահետը։

«Համաշխարհային երջանկության տվյալների բազայի» տնօրեն, պրոֆեսոր Ռուուտ Վինհովենը Ռոտերդամի Էրազմուսի համալսարանից ասում է, թե կա տարածված կարծիք, որ երջանիկ կյանքի համար անհրաժեշտ են նպատակներ, սակայն հետազոտության արդյունքները դա միանշանակ չեն հաստատում։

«Հավանաբար, պատճառն այն է,որ ոչ երջանիկ մարդիկ էլ ունեն հստակ նպատակներ և փորձում են փոխել իրենց կյանքը», - ասել է Վինհովենը։

BBC ռադիոկայանի փոխանցմամբ, այս հետազոտության ամենաշփոթեցնող հետևություններից մեկն այն է, որ կյանքի իմաստը որոնելու և երջանիկ լինելու մեջ, փաստորեն, կապ չի երևում։

«Զարմանալի էր, որ կապ չբացահայտվեց», - ասել է պրոֆեսորը։ Նրա խոսքերով, հետազոտության արդյունքները հաստատում են, որ երջանիկ ապրելու համար պետք է ակտիվ ապրել։

«Ներգրավված լինելը երջանկության համար ավելի կարևոր է, քան կյանքի իմաստի բացահայտումը, «ինչու ենք ապրում» հարցի պատասխանը գտնելը», - ասել է Վինհովենը։

BBC-ն նշում է, թե այդ հետազոտության առավել ուրախալի եզրակացություններից մեկն այն է, որ մենք կարող ենք լինել ավելի երջանիկ առանց արտաքին փոփոխության, ինչպիսին, օրինակ, մեծ գումար ձեռք բերելն է։

«Մենք կարող ենք դառնալ երջանիկ, քանի որ բուն երջանկությունը, դրա ընկալումը ժամանակի ընթացքում փոխվում են։ Այդ փոփոխությունները կապված են ոչ այնքան ավելի լավ պայմանների, որքան կյանքը ավելի լավ տնօրինելու հետ։ Տարեցները, որպես կանոն, ավելի իմաստուն են, հետևաբար` ավելի երջանիկ», - ասել է պրոֆեսորը։

Հետազոտության համաձայն, մարդ ավելի երջանիկ է դառնում, երբ անձնական կյանքում երկարատև հարաբերություններ է հաստատում, ակտիվորեն հետաքրքրվում է քաղաքականությամբ, ակտիվ է աշխատում և ակտիվ է հանգստանում, սիրում է դրսում ճաշել և ունի լավ ընկերներ։

Հետազոտությունը նաև մի շարք անսպասելի, գուցե` վիճելի գործոններ է բացահայտել։ Մարդիկ, ովքեր չափավոր խմում են, ավելի երջանիկ են, քան ժուժկալները, տղամարդիկ ավելի երջանիկ են այն հասարակություններում, որտեղ կանանց հավասարությունն ապահովված է։

Հաճելի արտաքինը տղամարդուն ավելի երջանիկ է դարձնում, քան կնոջը, մարդը ավելի երջանիկ է, եթե մտածում է, որ ունի հաճելի արտաքին այն մարդու համեմատությամբ, ով իրականում ունի հաճելի արտաքին։

Երեխաներ ունենալը նվազեցնում է երջանկության մակարդակը, որը, սակայն, բարձրանում է, երբ երեխաները ոտքի են կանգնում և հեռանում են տնից։

Որքան երկար է աշխատատեղ հասնելու ճանապարհը, այնքան ավելի է նվազում երջանկության մակարդակը, նույնիսկ եթե աշխատողը լավ գումար է վաստակում։

Եվ մի շատ կարևոր բացահայտում. մարդ չի կարող միշտ լինել երջանիկ, տխրությունը պետք է, այն կարմիր լույսի պես նախազգուշացնում է ապրելակերպը փոխելու անհրաժեշտության մասին։

Ըստ պրոֆեսոր Ռուուտ Վինհովենի հետազոտության, իրականում օգտակար է ժամանակի 10 տոկոսի կտրվածքով լինել տխուր։

Եվ ամենավերջին եզրակացությունը, որը վաղուց է հաստատվել ուրիշ հետազոտություններով` երկար աշխատելուց հետո մարզանքը, ֆիթնեսը ավելի է երջանկացնում, քան բազմոցին պառկած գարեջուր ըմպելը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG