Մատչելիության հղումներ

Եթե Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկումներն ԱԺ-ում այսօր տեղի ունենային, Հովիկ Աբրահամյանը կկրկներ իր հայտնի խոսքերը, թե «գործ ունենք թալանչիների հետ»:

«Ես ներկայացրել եմ իմ տպավորությունը, ևս մեկ անգամ կրկնում եմ: Տպավորությունը պետք է նաև հիմնավորվի, դրա համար մենք ուղարկել ենք այդ հաշվետվությունը Գլխավոր դատախազություն: Գլխավոր դատախազությունը կքննի և կտա եզրակացություն՝ կա՞ն չարաշահումներ, մսխումներ, թե՞ ոչ», - լրագրողներին այսօր ասել է խորհրդարանի խոսնակը:

Անցած շաբաթավերջին, հիշեցնենք, հենց խորհրդարանի խոսնակն է Գլխավոր դատախազություն ուղարկել ՎՊ֊ի հաշվետվությունը:

«Իմ կարծիքով, այստեղ մեղավորներ, այլ խնդիրներ պետք չէ փնտրել: Հարկավոր է այնպես անել, որ բյուջեի գումարները ծախսվեն արդյունավետ», - հավելեց նա:

Անդրադառնալով ՎՊ-ի աղմկահարույց հաշվետվությանը՝ նախագահ Սերժ Սարգսյանը, հիշեցնենք, հայտարարել էր, որ թեման ամենեւին փակված չէ և խորհրդարանում մեծամասնության պահվածքի մասին քննարկումները դեռ առջեւում են: Եվ սա, նկատենք, այն դեպքում, երբ նախագահի նստավայրում տեղի ունեցած խորհրդակցությանը ներկա էին մի շարք բարձրաստիճան ՀՀԿ-ականներ:

Հովիկ Աբրահամյանը, ով այդ հանդիպմանը ներկա չէր, քանի որ, իր խոսքով՝ քաղաքում չի եղել, չի կարծում, որ Սերժ Սարգսյանի զրույցը քաղաքական մեծամասնության հետ կոշտ կլինի․ - «Ես կարծիք չեմ ուզում հայտնել: Կսպասենք»:

«Տիգրան Սարգսյանը իր պաշտոնավարման օրոք իրականացված թալանի նկատմամբ անտարբեր է եղել, նախագահը նրան չի քննադատում, քննադատում է [ապօրինությունները] բացահայտած Վերահսկիչ պալատի ղեկավարին», - նշեց պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը (ՀԱԿ)՝ հավելելով, թե Զաքարյանի ուզում են քավության նոխազ դարձնել․ - «Ես համարում եմ, որ դա քաղաքական գնահատականներ չէր, դա ընդամենը իրավիճակի ներկայացում էր՝ զուգահեռ էմոցիաներով: Իսկ եթե թալան է տեղի ունենում, ի՞նչ ուրիշ բառով կարող ես դա ասել: Դա, բնականաբար, դուր չի գալիս իշխող կլանին»:

Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով, նախագահ Սարգսյանի հայտարարությունները «կոնկրետ ուղերձներ էին պարունակում»․ մասնավորապես, երբ խոսեց 200-300 միլիոնից՝ հայտարարելով, թե դրանք են կասկածելի, այլ ոչ թե Իշխան Զաքարյանի բարձրաձայնած 700 միլիարդը․ - «Եթե դատախազությունը նյութերի վերաբերյալ դեռ իր գնահատականը չի հնչեցրել, չի պարզել, թե իրական թալանը ինչքան է, որտեղի՞ց Սերժ Սարգսյանը որոշեց, որ այդ թվերն են մոտավորապես: Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ իր մեսիջն ուղղված էր դատախազությանը՝ այնպես շտկեք իրավիճակը, որ արդյունքում թալանի պատկերը այլեւս գոյություն չունենա, եւ ընդամենը 200-300 միլիոնի չարաշահումների մասին խոսք գնա: Իսկ դա կարող են ինչ-որ կերպ արդարացնել, եւ կլինեն մարդիկ, որոնց իրենք կզոհաբերեն, բայց դա չեն լինի հիմնական թալանողները: Քանի որ հիմնականը հենց իրենց կլանի ներսում է»:

Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն») նշեց, որ Հայաստանում կոռուպցիայի խայտառակ չափերի մասին նաև Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովն է խոսել: Պատգամավորին արդար չի թվում Իշխան Զաքարյանի գործունեությունից դժգոհելը, որովհետև «անհերքելի փաստեր են ներկայացվել»․ ֊ «Փաստերը ընդունվել էին բոլոր գերատեսչությունների կողմից: Երկու դեպքում էր, որ չէին ընդունվել»:

Փոստանջյանի համոզմամբ՝ Հայաստանում ամեն ինչ մեկ անձ է որոշում՝ նախագահը, և նրանից է կախված, թե դատախազությունն ինչպես կարձագանքի ՎՊ-ի զեկույցին:

«10 օրվա ընթացքում պարտավոր են հարուցել քրեական գործ կամ մերժել քրեական գործի հարուցումը: Հիմա տեսնենք: Եթե չեն անի, ապա կտեսնենք նաև քաղաքական իրենց տրամադրությունը․ պատրաստվո՞ւմ են գնալ առաջ՝ իրենց խղճի հետ համահունչ․․․ Չե՞ն հարուցի՝ թող բողոքարկի Գլխավոր դատախազի անգործությունը դատարանում», - եզրափակեց Զարուհի Փոստանջյանը:
XS
SM
MD
LG