Մատչելիության հղումներ

«ԹԻ»-ի հաղորդմամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում


«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը դեռեւս հունիսի սկզբին հաղորդում էր ուղարկել հանցագործության մասին Գլխավոր դատախազություն Երևանի կենտրոնի պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացման և մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքերի առիթով` խնդրելով անցկացնել ուսումնասիրություն:

Կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանն ասաց, որ Երևանի 2 տասնյակից ավելի պատմամշակութային հուշաձաններ ոչնչացված են:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ը Երևանի քաղաքաշինական գործընթացների դիտարկմամբ զբաղվում է 2004 թվականից եւ նկատել է, որ «քաղաքում հուշարձանների ոչնչացման գործընթացը սկսվել է հիմնականում Նարեկ Սարգսյանի պաշտոնավարման օրոք»:

«2009 թվականից սկսած մենք դիմել ենք ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ Ոստիկանություն, որպեսզի նրանք գործ հարուցեն Երևան քաղաքի պատմամշակութային հուշարձանների ոչնչացման առիթով, որը հենց դատախազության կողմից է հայտնաբերվել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Սոնա Այվազյանը:

«Դեռևս 2005 թվականին Երևանում ոչնչացված 26 հուշարձանների մասին խոսել է գլխավոր դատախազությունը, բայց փաստի առիթով գործ չի հարուցվել», - հիշեցնում է Սոնա Այվազյանը:

Վերջին տարիների ընթացքում հուշարձանների ոչնչացման գործով կենտրոնը մի քանի անգամ է դիմել ՀՀ ոստիկանություն, բայց որևէ արդյունքի չեն հասել: Այս անգամ դիմելիս մատնանշել են մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին` նշելով, որ «պաշտոնեական դիրքի չարաշահման իրենց նշած փաստերը պետք է ուսումնասիրվեն՝ քննությանը ներգրավելով նաև այլ պատասխանատու պաշտոնյաների, այդ թվում՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը համապատասխան տարիներին զբաղեցնող անձանց՝ Ալբերտ Բազեյանին, Ռոբերտ Նազարյանին եւ Երվանդ Զախարյանին»:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ը իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրել է երկու հիմնական խախտումներ վրա. նախ 1991 թվականին ստեղծված Երևանի պահպանվող պատմամշակութային հուշարձանների ցանկի մասին որոշումը 2000 թվականին Քաղաքապետարանի հատուկ որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել, ինչից հետո նման ցանկ ստեղծվել եւ հաստատվել է 2004 թվականին, որում արդեն տեղ չեն գտել տեղաշարժված կամ քանդված շենքեր:

«Այդ ընթացքում հիմնականում տեղի է ունեցել Հյուսիսային պողոտա գործընթացը, երբ կառուցապատողներին խոստացվել են հողամասեր, որտեղ դրանից առաջ եղել են պատմամշակութային հուշարձաններ, և հիմք է դրվել ոչնչացման գործընթացին», - ասաց Այվազյանը:

Հաջորդ քննության արժանի փաստը, ըստ կենտրոնի, այն է, որ քաղաքի գլխավոր ճարտապետը համատեղել է պաշտոնն ու բիզնեսը` հեղինակելով բազմաթիվ նախագծեր Հյուսիսային պողոտայում: Սոնա Այվազյանը ասաց, որ գլխավոր ճարտապետը չէր կարող լինել և՛ քաղաքի կառուցապատման նախագծերի հաստատողը, և՛ դրանք նախագծողը:

Այսօր Նարեկ Սարգսյանի հանրային կապերի գծով պատասխանատու Անահիտ Եսայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խնդրեց Նարեկ Սարգսյանի պատասխանը մեջբերել իրենց տարածած հաղոդագրություններից, որտեղ բացատրվում է, որ բոլոր ճարտարապետները «ունեն ստեղծագործական աշխատանքով զբաղվելու իրավունք», նշվում է, որ Երևանի բազմաթիվ գլխավոր ճարտապետեր՝ այդ թվում Ալեքսանդր Թամանյանը, համատեղել են պաշտոնն ու ստեղծագործական աշխատանքը: Նաև նշվում է, որ, այնուամենայնիվ, Նարեկ Սարգսյանի հեղինակած նախագծերի հիմնական մասը մշակվել է այն տարիներին, երբ նա որևէ պետական պաշտոն չէր զբաղեցնում:

Ոստիկանությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ Կենտրոնի քննչական բաժնում գործով նախապատրաստվում են նյութեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG