Մատչելիության հղումներ

ԼՂ-ում ռազմական գործողությունների վերսկսումը «քիչ հավանական է»


Ղարաբաղյան հարցով միջազգային առաջատար փորձագետներից Թոմաս դե Վաալի կարծիքով, ներկայում քիչ հավանական է ռազմական գործողությունների վերսկսումը Լեռնային Ղարաբաղում:

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Վաշինգտոնում գործող «Քարնեգի» հիմնադրամ ավագ փորձագետ Թոմաս դե Վաալը նշեց, թե Բաքվում շահագրգռված չեն ռիսկի դիմել, քանի որ «կարող են ընդամենը մեկ շաբաթում կորցնել կուտակած հարստությունը»:

«Ռազմական գործողությունների վերսկսումն այսօր քիչ հավանական է: Ակնհայտ է, որ այդ առումով մենք նախևառաջ հայացք են գցում ադրբեջանական կողմին. ավելի հավանական է, որ հենց այն կցանկանա վերսկսել ռազմական գործողությունները: Բայց մյուս կողմից, Ադրբեջանը շահագրգռված չէ ռիսկի դիմելու, որովհետև կարող է կորցնել այն հսկայական հարստությունը, որը կուտակել է և կարող է կորցնել այդ կուտակածը մեկ շաբաթում, եթե պատերազմն ընթանա ոչ ի նպաստ իրեն: Սակայն, մյուս կողմից, գտնում եմ, որ կա երկու վտանգ: Առաջինը` մտավախություն կա, որ ռազմատենչ հռետորաբանությունը կարող է ի վերջո հանգեցնել այնպիսի մի իրավիճակի, որ Բաքուն այլևս չկարողանա հետ կանգնել: Մյուս վտանգը այն է, որ շփման գծում փոքր մի պատահար կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը: Բացի այդ հայկական կողմից որոշ, այսպես ասած՝ տաքգլուխներ կարող են կարծել, թե շփման գծում տեղ գտած որևէ միջադեպին ի պատասխան ավելի ձեռնտու է ռազմական գործողություները սկսել շուտ, քան թե ուշ», - ասաց փորձագետը:


«Շատ քիչ վստահություն կա Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև»

Նրա բնութագրմամբ՝ ղարաբաղյան հարցում ստեղծված իրավիճակը «կայուն անկայունություն» է․ - «Այսօր շփման գծի երկու կողմերում էլ գտնվում են ավելի վտանգավոր սպառազինություններ, և յուրաքանչյուր տարի շփման գծում զոհվում են 30-40 հոգի: Սակայն ամենակարևոր խնդիրն այն է, որ շատ քիչ վստահություն կա Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև: Կարծում եմ` նրանց միջև մարդկային հարաբերություններն այդքան էլ լավ չեն: Օրինակ, ժամանակին Դմիտրի Մեդվեդևը փորձում էր երկու նախագահների նստեցնել նույն սեղանի շուրջ, սակայն չեմ տեսնում, որ նույնը ցանկանում է անել Վլադիմիր Պուտինը: Պուտինը, թերևս, փոքր-ինչ ցինիկաբար է տրամադրված ղարաբաղյան հակամարտության նկատմամբ, ինչպես շատ այլ բաների, և նա անձամբ լավ փորձ չունի միջնորդության առումով, երբ, օրինակ, 2004-ին փորձում էր այդ անել: ԱՄՆ-ի ներկայիս պետքարտուղար Ջոն Քերրին է ենթադրաբար շահագրգռված է այս հարցում: Սակայն կարծում եմ, որ դինամիկան դեռ նույնն է` Հայաստանում, Ադրբեջանում ու Լեռնային Ղարաբաղում դիմադրությունը փոփոխությունների նկատմամբ ավելի ուժգին է, քան միջազգային հանրության ճնշումը` այդ փոփոխությունները կյանքի կոչելու ուղղությամբ»:

Դե Վաալը անդրադարձավ նաև վերջերս Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մոտ միլիարդ դոլարի սպառազինության վաճառքին․ - «Սա հետաքրքիր զարգացում է: Ռուսաստանը նաև զենք է վաճառում Հայաստանին` զեղչված գներով: Մոսկվան սպառազինություն է վաճառում երկու կողմն էլ: Կա բավականին ցինիկ մի հայտարարություն, թե քանի դեռ չկա խաղաղություն, կարելի է գումար աշխատել` պահպանելով ուժերի հավասարակշռությունը: Կարող են լինել նաև այլ մոտիվներ: Օրինակ, սա կարող է ակնարկ լինել Հայաստանին, որ ճիշտ ժամանակն է անդամակցել Եվրասիական միությանը»:


«Իմ եզրակացություններն այս անգամ ավելի մռայլ են»

Տասը տարի առաջ լույս է տեսել ղարաբաղյան խնդրի վերաբերյալ Թոմաս դե Վաալի հայտնի «Սև այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության ու պատերազմի միջև» գիրքը: Այս տարի հեղինակը հանրության ուշադրությանն է ներկայացրել գրքի նոր` թարմացված տարբերակը:

«Ըստ էության, ոչինչ չի փոխվել և այս գիրքը կոչել եմ «Ավելի սև այգի», որովհետև ամեն ինչ նույնն է կամ միգուցե` փոքր-ինչ ավելի վատ ղարաբաղյան խնդրում: Խոսել եմ իմ հրատարակչի հետ, փորձել ենք ներկայացնել հիմնարար մի գիրք հակամարտության մասին և որոշեցինք, որ ժամանակն է թարմացնել գիրքը: Գրքի հիմնական մասը նույնն է, սակայն եզրակացությունների մասն է նոր, և կան մի քանի նոր լուսանկարներ: Եվ իմ եզրակացություններն այս անգամ ավելի մռայլ են»:

«Հակամարտության դինամիկան հիմնականում նույնն է: Այն, ինչ փոխվել է նախորդ տասը տարում հետևյալն է` Ադրբեջանն է դարձել ավելի հզոր, ավելի հարուստ: Երբ այցելեցի Ադրբեջան 1995-ին, այդ երկրի համախառն ներքին արդյունքը 3 միլիարդ դոլար էր, այժմ այն կազմում է 70 միլիարդ դոլար, և սա մեծ փոփոխություն է: Սակայն, մյուս կողմից, կարող եմ ասել, որ, ըստ էության, ոչինչ չի փոխվել, բացի Ադրբեջանի ընկալումից իր իսկ մասին. Ադրբեջանն իրեն ընկալում է որպես ավելի հզոր մի խաղացող ու հետևաբար Ադրբեջանը դարձել է սակավ ճկուն, քան տասը տարի առաջ էր», - նշեց «Քարնեգի» հիմնադրամի փորձագետը:
XS
SM
MD
LG