Մատչելիության հղումներ

Խորվաթիան դարձավ Եվրամիության 28-րդ անդամը


Խորվաթիա - Բրեգանայի սահմանային անցակետում հրավառությամբ տոնում են երկրի անդամակցությունը Եվրամիությանը, 1-ը հուլիսի, 2013թ․

Խորվաթիա - Բրեգանայի սահմանային անցակետում հրավառությամբ տոնում են երկրի անդամակցությունը Եվրամիությանը, 1-ը հուլիսի, 2013թ․

Մեկ տասնամյակի ընթացքում նախկին հարավսլավական երկիրը բարեփոխումներ էր կատարում՝ հասնելու համար իր նպատակին:

Այսօր Խորվաթիան անդամակցում է Եվրամիությանը:

Այսպիսով, հուլիսի 1-ից Եվրամիության ընտանիքը եւս մեկ անդամով ընդլայնվում է՝ հասնելով 28-ի:

Վերջին անգամ Եվրամիությանը 2007 թվականին անդամակցել էին Բուլղարիան եւ Ռումինիան: Վեց տարի անց Եվրոպական միությունը համալրվում է եւս մեկ երկրով:

Եվրամիությանը Խորվաթիայի անդամակցության գործընթացը տեւեց 10 տարի: Մեկ տասնամյակի ընթացքում նախկին հարավսլավական երկիրը բարեփոխումներ էր կատարում՝ հասնելու համար իր նպատակին:

Եվրահանձնաժողովը, որը վերջապես կանաչ լույս վառեց Խորվաթիայի անդամակցության համար, իր մոնիթորինգային զեկույցում նշում է, որ Խորվաթիան ապագայում պետք է լրացուցիչ միջոցներ ձեռնարկի կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի դեմ պայքարի գործում:

Անցած երեքշաբթի օրը Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում հայտարարեց․ - «Մենք համոզված ենք, որ Խորվաթիան պատրաստ կլինի 2013 թվականի հուլիսի 1-ին միանալու Եվրամիությանը»:

Միաժամանակ, Ֆյուլեն ասել է, որ Եվրահանձնաժողովի զեկույցը Խորվաթիային նաեւ զգուշացնում է՝ չհանգստանալ ձեռք բերածով:

«Եվրամիությանը անդամակցությունը բարեփոխումների իրականացման լրացուցիչ խթան է: Խորվաթիան պետք է շարունակի հաջողությունները՝ երկրում ապահովելու օրենքի գերակայությունը, եւ հատկապես շարունակի պայքարը կոռուպցիայի դեմ», - ընդգծել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան:

Նա գովաբանել է Խորվաթիային Եվրամիության պահանջները իրականացնելու համար՝ ասելով, որ Խորվաթիան Եվրամիությանը մոտենալու լավ օրինակ է տարածաշրջանի երկրների համար:

Առայժմ Խորվաթիան չի ընդգրկվում ազատ ճամփորդության Շենգենի գոտում՝ դա նախատեսված է երկու տարի անց:

Խորվաթիայի սահմանի որոշ հատվածներում վերահսկողությունը արդիականացնելու կարիք կա, մասնավորապես՝ Մոնտենեգրոյի հետ սահմանը, որը անօրինական ներգաղթյալների ուղիներից մեկն է, ինչպես նաեւ սահմանը Բոսնիա եւ Հերցեգովինայի հետ: Օրինակ, Մետկովից քաղաքում փողոցի մի կողմը Խորվաթիան է, մյուս կողմը՝ Բոսնիա եւ Հերցեգովինան․ նախկին հարավսլավական այս երկու պետությունների սահմանը հսկվում է:

Տեղի բնակիչները, ինչպես, օրինակ, բեռնատարի վարորդ Իվո Պրիմորաչը, դժգոհում են՝ այնքան էլ հեշտ չէ այստեղ ապրել, ազատ չեն, չեն կարողանում ցանկացած պահի քաղաք գնալ անցակետերի հսկողության եւ երթեւեկության խցանումների պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG