Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը հորդորում է Էկվադորին ապաստան չտալ Սնոուդենին


Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը Էկվադորի նախագահ Ռաֆայել Կոռեայի հետ հեռախոսազրույցում քննարկել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից, փախուստի մեջ գտնվող Էդվարդ Սնոուդենի հետագա ճակատագիրը:

Մասնավորապես` ԱՄՆ փոխնախագահը կոչ է արել Էկվադորի իշխանություններին քաղաքական ապաստան չտալ Սնոուդենին, ով բացահայտել էր, որ ամերիկյան հատուկ ծառայությունները լրտեսում են քաղաքացիներին սոցիալական ցանցերում, ինտերնետում եւ գաղտնալսում են նրանց խոսակցությունները բջջային կապի օպերատորների միջոցով:

Սնոուդենը վերջին տեղեկությունների համաձայն գտնվում է Մոսկվայի Շերեմետեւո օդանավակայանի տրանզիտային գոտում:

Ավելի վաղ Էկվադորի իշխանությունները հայտարարել էին, որ ստացել են Սնոուդենի դիմումն ու հիմա քննարկում են վերջինիս քաղաքական ապաստան տալու հարցը:

Մինչ այդ Սնոուդենը նոր բացահայտումներով է հանդես գալիս. նա գերմանական «Շպիգել» թերթին հաղորդել է, որ Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները գաղտնալսող սարքեր են տեղադրել Եվրամիության տարբեր գերատեսչությունների գրասենյակներում, ինչպես նաեւ մուտք են ունեցել աշխատակիցների համակարգիչներ: «Շպիգել»-ը նշում է, որ Սնոուդենը այս ամենը հաստատող փաստաթղթեր է ներկայացրել:

Գերմանական պարբերականի այս հրապարակումից հետո քաղաքական սկանդալ է հասունանում, քանի որ Եվրոպական Խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է, որ ամերիկյան հատուկ ծառայությունների գաղտնալսումների վերաբերյալ կարող են լուրջ հետեւանքներ ունենալ երկու կողմերի հարաբերությունների վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG