Մատչելիության հղումներ

Հունիսի 29-ի երեկոյան Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ անցկացվեց բողոքի ակցիա` այս նույն ռեստորանի տարածքում տեղի ունեցած դաժան ծեծի հետեւանքով մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հիշատակին:

Բողոքի ակցիայի մասնակիցները կազմակերպեցին մոմավառություն, որից առաջ փորձեցին տեղադրել մի հուշաքար: «Այս տարածքում դրվելու է... «Հարսնաքարում» սպանված հայոց բանակի սպա, բժիշկ Վահե Ավետյանի հուշաքարը» գրված էր քարի վրա:

Հիշեցնենք, գործարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող ռեստորանում դաժան ծեծից 12 օր անց` հունիսի 29-ին այդպես էլ գիտակցության չգալով մահացավ ռազմական բժիշկ Վահե Ավետյանը: Մինչ այդ Ավետյանի կյանքի փրկության համար աղոթող եւ ապաքինմանը սպասող հասարակության մեջ կուտակված բողոքի ալիքը պայթեց, տեղի ունեցան բողոքի երթեր, մոմավառություն «Հարսնաքարի», Ռուբեն Հայրապետյանի տան մոտ: Հասարակական ճնշման հետեւանքով անցյալ տարվա հուլիսի 3-ին Հայրապետյանը հրաժարվեց պատգամավորի իր մանդատից: Վահե Ավետյանի մահվան գործով դատավարությունը դեռ շարունակվում է, մեղադրյալի աթոռին վեց հոգի է նստած:

Այսօր մոմավառությունից հետո բողոքի ակցիայի մասնակիցները փորձեցին երթ անցկացնել, սակայն Բաբաջանյան փողոցում նրանց երթը կանխվեց ոստիկանական պատի շնորհիվ: Շուրջ քառասուն րոպե մարդիկ փորձում էին ամեն գնով ճեղքել պատը, սակայն դա նրանց չհաջողվեց: Հետո «Վահե Ավետյան» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները հայտարարեցին, որ կվերադառնան «Հարսնաքար» ռեստորանի տարածք` բողոքի ակցիան կրկին շարունակելու եւ այնտեղ ավարտելու համար: Երբ նրանք վերադարձան, նկատեցին, որ այն քարը, որ տեղադրել էին երթի գնալուց առաջ, անհետացել էր:

Երեւանի ոստիկանապետի տեղակալ Վալերի Օսիպյանը, «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան, ասաց` ոստիկանները իրեն տեղեկացրել են, որ այդ քարը այդտեղից հեռացրել են հենց ակտիվիստները: Մինչդեռ ակցիայի մասնակիցները բացառում էին դա եւ ասում էին, որ այդ ամենի պատասխանատուն հենց ոստիկանությունն է:

Նշենք, որ հենց այն պահին, երբ քաղաքացիական ակտիվիստները փորձում էին տեղադրել հուշաքարը, Վալերի Օսիպյանը հայտարարում էր, որ դա հակաօրինական է, դա մասնավոր սեփականության մաս հանդիսացող տարածք է, եւ մարդիկ իրավունք չունեն այնտեղ ինչ-որ բան տեղադրելու:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե այս դեպքում ոստիկանությունը ի՞նչ քայլեր է ձեռնարկելու, փորձելո՞ւ է պարզել, թե ովքեր են հեռացրել հուշաքարը, Օսիպյանը ասաց, որ եթե ակցիայի կազմակերպիչները դիմեն ոստիկանություն, իրենք համապատասխան քայլեր կձեռնարկեն:

«Վահե Ավետյան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Գարեգին Չուգասզյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ այս միջադեպի հետ կապված հետագա քայլերը կորոշեն քննարկումից հետո: Ակնկալվում է, որ վաղը նախաձեռնության անդամները համապատասխան հայտարարությամբ հանդես կգան:

Ակցիայի ավարտից մոտ կես ժամ անց մի քանի ակտիվիստներ, ինչպես իրենք ասացին, փորձում էին տուն գնալ, սակայն մոտ երեսուն ոստիկաններ չէին թողնում, որ նրանք անցնեն Բաբաջանյան փողոցով: Այստեղ տեղի ունեցավ վեճ, եւ ակտիվիստները շուրջ 22:30-ի սահմաններում զանգահարեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ` աջակցության ակնկալիքով:

Նկատենք, որ «Հարսնաքարի» հարակից փողոցներում ոստիկանական տասնյակ մեքենաներ կային, որոնք ակցիայից ժամեր անց դեռ շարունակում էին մնալ այդ վայրում:

Երբ օմբուդսմենի գրասենյակի արագ արձագանքման բաժնի մասնագետ Հաբեթ Մարտիրոսյանը ժամանեց ահազանգից մոտ կես ժամ անց, նա ակցիայի մասնակիցներին առաջարկեց դիմում ներկայացնել պաշտպանի գրասենյակ: «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան, թե արդյոք այդտեղ խախտում կա՞ր, Մարտիրոսյանը դրական պատասխանեց:

Ի վերջո կեսգիշերին մոտ Երեւանի փոխոստիկանապետը այդ վեց-յոթ ակտիվիստներին ուղեկցեց այն վայրը, ուր նրանք պատրաստվում էին գնալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG