Մատչելիության հղումներ

Նախագահը Զաքարյանի հայտարարությունը «սխալ ու անհեռատես» է համարում


Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ շաբաթ օրը տեղի է ունեցել քննարկում բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման եւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված հարցերի շուրջ:

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը, վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը, գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Արմեն Նիկողոսյանը, վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանը:

Իր խոսքում նախագահ Սերժ Սարգսյանը որոշակի դիտարկումներ է ներկայացրել կառավարության ղեկավարին, գլխավոր դատախազին եւ Վեհահսկիչ պալատի նախագահին:

«Արագ արեք դա, արեք բաց, թափանցիկ»

«Պարո՛ն վարչապետ, ես տեսա, որ Դուք արդեն հանձնարարել եք բոլոր գերատեսչությունների պատասխանատուներին՝ հատ առ հատ քննարկել եւ անդրադառնալ նշված հարցերին: Իմ հորդորն է, արա՛գ արեք դա, արե՛ք բաց, թափանցիկ: Մենք որեւէ փաստից վախենալու կամ մտահոգվելու առիթ չունենք: Այս խնդիրները՝ լինեն դրանք կառուցվածքային, լինեն դրանք քրեական բնույթի կամ որեւէ այլ, պետք է լուծվեն եւ պետք է լուծվեն արագ: Կա՞ն պրոբլեմներ, որտեղ գերատեսչությունների ղեկավարները կամ կառավարությունը դժվարանում են կողմնորոշվել՝ սա քրեակա՞ն բնույթի է, թե՞ զուտ կազմակերպչական, արագ ուղարկեք համապատասխան մարմիններ: Դա կլինի Ձեր ամենաճիշտ, ամենալավ պատասխանը հնչող քննադատություններին»,- Տիգրան Սարգսյանին դիմելով ասել է նախագահը:

Սերժ Սարգսյանը հորդորել է քայլեր կատարել էլեկտրոնային գնումների ոլորտում խնդիրների վերացման, գնումների հաշվետվությունների ստացման, վարման եւ սահմանված կարգով հրապարակման, գնումների աջակցման կենտրոնի, ֆինանսների նախարարության եւ պատվիրատուների համակարգված գործունեության ուղղություններով:

«Պարոն Զաքարյան, որեւէ մեկը Ձեր կարծիքը չի ակնկալում լսել»

Նախագահը նաեւ անդրադարձել է Վերահսկիչ պալատի աղմկահարույց հաշվետվությանը եւ մի շարք դիտողություններ արել ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին` հորդորելով նրան զերծ մնալ գնահատականներ հնչեցնելուց:

«Պարո՛ն Զաքարյան, ես ունեմ մի քանի դիտարկումներ, որոնք անպայման պետք է հաշվի առնել: Նախ, աշխատանքի տեմպը չպետք է գցել անկախ որեւէ քննարկումներից: Բոլորը պիտի զգան Վերահսկիչ պալատի տեսանելի կամ նույնիսկ անտեսանելի ներկայությունը: Երկրորդ, պալատը պետք է սկզբունքային լինի բոլոր ծրագրերի նկատմամբ եւ հավասարապես օբյեկտիվ լինի բոլոր դեպքերում: Չափազանց կարեւոր է, որ թերությունները հայտնաբերվեն ոչ թե 1, 2, 3 տարի հետո, այլ ընթացքում: Սա նորմալ, կանխարգելիչ գործողություն է, որ պետք է իրականացնել եւ դա շատ ավելի արդյունավետ կլինի: Եվ վերջապես, քանի որ մենք աշխատում ենք բաց, հրապարակային դաշտում, պիտի կարողանանք առավել հավասարակշիռ լինել մեր արտահայտություններում եւ որակումներում, որպեսզի չվնասենք մեր գործառույթից դուրս այլ գործընթացներին, որպեսզի ավելորդ ընկալումներ չլինեն հասարակությունում: Պալատի գործը խնդիրները վեր հանելն է՝ դրանք առաջ բերող բոլոր կառուցվածքային, կանոնակարգային եւ մարդկային գործոնների հետ միասին», - ասել է Սերժ Սարգսյանը:

«Ես ընդհանրապես Վերահսկիչ պալատի գործունեությունը պատկերացնում եմ որպես ուժեղ աուդիտորական ընկերության գործունեություն: Ցավոք սրտի, շատ դեպքերում մեր Վերահսկիչ պալատը վեր է ածվել տեսչական մարմնի, վեր է ածվել պարզ ռեւիզորի: Եվ եթե նայենք հաշվետվությունները եւ ստուգումների արդյունքները, անմիջապես կտեսնենք՝ խոսքը զուտ միայն ֆինանսական խախտումների մասին է: Վերջը եթե այդպես է, մենք ինչի՞ ենք Վերահսկիչ պալատ ստեղծել: Եթե ՎՊ-ն կատարելու է նույն աշխատանքը, ինչ կատարում է ֆինանսների նախարարության վերստուգիչ, վերահսկող վարչությունը, ապա էլ ինչո՞ւ ենք ստեղծել, ինչո՞ւ ենք անունը դրել անկախ մարմին, ինչո՞ւ ենք մեր երկրում ամենաբարձր աշխատավարձը վճարում», - շարունակել է նախագահը` հորդորելով լրջորեն զբաղվել ՎՊ-ի գործունեության վերակառուցմամբ:

Սերժ Սարգսյանը նաեւ ասել է` Իշխան Զաքարյանը պետք է հասկանա, որ «որեւէ մեկը չի ակնկալում լսել նրա կարծիքը». - «Բոլորի համար մեկ է, թե Դուք ինչ կարծիք ունեք դատախազության մասին կամ մեկ ուրիշի մասին: Դուք հիասթափված եք, ոգեւորված եք, դա Ձեր անձնական խնդիրն է: Ձեր տանը կարող եք դրա մասին խոսել: Երբ գաք իմ կաբինետ, իմ կաբինետում կարող եք դրա մասին խոսել: ՎՊ նախագահն ի՞նչ իրավունք ունի այդպիսի հրապարակային արտահայտություններ անել: Եվ եթե այդպիսի արտահայտություն ինչ-որ դեպքում չի եղել, դրա մասին մամուլը գրում է, ՎՊ նախագահը պարտավոր է բացատրություններ տալ մամուլին: Այդ դեպքում ինչպե՞ս կլինի, ի՞նչ ասեմ, օրինակ, երբ ՀՔԾ ղեկավարը սկսի գնահատել ՎՊ-ի աշխատանքը: Այդպես մենք ո՞ւր կհասնենք: Եվ ընդհանրապես խոսքը միայն ՎՊ-ին չի վերաբերում: Պետք է պաշտոնատար անձը պատասխանատու լինի իր արտահայտությունների համար»:

«Դատախազությունը պարտավոր է իրավական գնահատական տալ»

Դիմելով գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` նախագահ Սարգսյանը ասել է, որ դատախազությունը, անկախ նրանից, թե ՎՊ-ն իրենց հաշվետվություն է ուղարկել, կամ չի ուղարկել, պարտավոր էր ուսումնասիրել եւ դրան իրավական գնահատական տալ:

«Եթե ՎՊ նախագահը հայտարարում է, որ մեր պետական բյուջեի 70 տոկոսը՝ 701 մլրդ վտանգված է, ակնհայտ է, որ դա շատ սխալ ու անհեռատես հայտարարություն է: Ձեզ ընդամենը պետք էր 2-3 օր անցնել այդ հաշվետվությամբ եւ հայտարարությամբ հանդես գալ, ասել՝ ՀՀ հարգելի՛ քաղաքացիներ, ՎՊ-ի հաշվետվության մեջ ընդամենը 200 կամ 300 մլն դրամի հափշտակման կասկածանքի դեպքեր կան, մնացած բոլորը հեքիաթներ են: Դա Ձեր ուղղակի պարտականությունն է: Եվ ճիշտը դա է, այլ ոչ թե զանգել ՎՊ նախագահին եւ ասել՝ ինչո՞ւ ես այսպիսի բան արել: Դա իմացար դու, իմացավ ՎՊ նախագահը: Բայց ամբողջ հասարակությունը խոսում է նրա մասին, որ 700 մլրդ փող են լափել: Պարզ քաղաքացին իրավունք ունի այդպես մտածելու, բայց մեզնից յուրաքանչյուրը հասկանում է, չէ՞, որ դա մեր բյուջեի 70 տոկոսն է եւ այդ 700 մլրդ ծառայություններ կամ շինարարություն կատարելու համար չէ, ծառայություններ կամ ապրանքներ ձեռք բերելու կամ շինարարություն կատարելու համար չէ: Ակնհայտ է, չէ՞, այդ թիվը հնչել է միտումնավոր, որպեսզի բոլորի համար հասկանալի լինի, այդ թվի 1/3-րդը գրեթե տնօրինում է պաշտպանության նախարարությունը, իսկ ՊՆ-ի տնօրինած միջոցների գրեթե 50 տոկոսը աշխատավարձ է: Այսինքն՝ ո՞վ է իրեն իրավունք վերապահում այդպիսի հայտարարություններ անել ու դրանից հետո պատասխան չստանալ: Անթույլատրելի է սա: Բայց դա ձեր գործն է, դուք պետք է դա անեք: Իսկ այն դեպքերում, որտեղ հանցագործություններ կան, խնդրեմ, այլապես հարցեր են առաջանում՝ ո՞վ է այս նյութն ուղարկել դատախազություն, ինչո՞ւ են ուղարկել կամ ինչո՞ւ չեն ուղարկել: Ի՞նչ է նշանակում ուղարկել, չուղարկել: Հնչել է, հրապարակվել է՝ պետք է ստուգել: Բայց ոչ թե պետք է ստուգել, լռել, այլ ստուգել եւ դրա մասին հայտարարություն անել», - ասել է Սարգսյանը:

Կուսակցական խնդիրները` կուսակցությունում

«Եվ վերջապես, իհարկե, մենք կխոսենք նաեւ, բայց ոչ այստեղ, խորհրդարանում քաղաքական մեծամասնության պահվածքի մասին: Մենք դա կքննարկենք մեր կուսակցությունում, որովհետեւ դա զուտ կուսակցական խնդիր է: Հետո կպայմանավորվենք, թե այսպիսի դեպքերում ինչպես կվարվենք», - իր խոսքի վերջում ասել է նախագահ, իշխող Հանրապետականի ղեկավար Սերժ Սարգսյանը:

Նախագահի բացման խոսքից հետո վարչապետը, գլխավոր դատախազը եւ ՎՊ նախագահը ներկայացրել են ԱԺ-ում ՎՊ-ի հաշվետվության մեջ ներկայացված ուսումնասիրությունների արդյունքների, քննարկվող խնդիրների վերաբերյալ իրենց տեսակետը, գնահատականներն ու առկա խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները:
XS
SM
MD
LG