Մատչելիության հղումներ

Ծիրանը փչանում է մթերման հերթում. գյուղացիները հուսահատ են


Ծիրանը փչանում է մթերման հերթում. գյուղացիները հուսահատ են
please wait

No media source currently available

0:00 0:04:41 0:00
Այս օրերին տոննաներով ծիրանը պարզապես փտում է Երվանդաշատ-Բագարան ճանապարհին: Հենց այս ճանապարհն է տանում դեպի «Նոյան» հյութերի գործարան, որը, գյուղացիների պնդմամբ, այս պահին ծիրան մթերող միակ գործարանն է:

Արմավիրի մարզի գյուղերի բնակիչները օրերով կարող են հերթ կանգնել այստեղ, եւ դեռ հարցը է` արդյոք գործարանը կըդունի նրանց, քանի որ մասնավոր այս կառույցն էլ ունի իր աշխատանքային գրաֆիկը:

Ուրբաթ օրը` հունիսի 28-ին, «Ազատություն» ռադիոկայանի այցելության պահին գործարանը դադարեցրել էր մթերումը:

«Էրկու սուտկա է սոված-ծարավ կանգնած եմ, ի՞նչ անենք, հետո ասում են` Արմավիրի մարզին կարկուտի համար օգնություն են ցույց տվել: Ո՞ւր ա օգնությունը, հլա բերեք կոխեք էսքան մարդու աչքը», - զայրանում էր Արաքս գյուղի բնակիչ Վանիկ Սարգսյանը, ով անվերջանալի հերթում 118-րդն էր:

Սարգսյանն ասում էր` ստորացրեցին մեզ մինչեւ վերջ, կարկուտը մի կողմից է խփում, պետությունը մյուս կողմից: Գյուղացիների միակ հույսը մասնավոր ընկերությունն է, որը մեկ կիլոգրամ ծիրանը ընդունում է 50 դրամով` պատճառաբանելով, թե կարկտահարված է: Սակայն նորմալ ծիրանն էլ արդեն նույն գնով է մթերվում, եթե, իհարկե, հասնում է գործարան: Երվանդաշատ-Բագարան ճանապարհին կանգնած բեռնատար մեքենաներից արդեն ծորում էր ծիրանի հյութը, եւ հոտից զգացվում էր, որ միրգը թթվել է:

«Զավոդը ընդունում է հիսուն դրամով, տնաշեններ, հիսուն դրամով մի հատ լուցկի չեն տալիս: Սաղս էլ եթիմի նման էկել-կանգնել, ողորմություն ենք խնդում», - շարունակում էր վրդովվել Վանիկ Սարգսյանը:

Գյուղացիները բողոքում էին, որ ցանկության դեպքում գործարանը կարող է 15-20 րոպեում ընդունել յուրաքանչյուրի ծիրանը: Նրանք նաեւ ասում էին, որ գործարանից որեւէ մեկը դուրս չի եկել իրենց տեղեկություն տալու մթերումը շարունակելու ժամկետների վերաբերյալ. Գին են գցում, ենթադրում էին նրանք:

Գործարանի գլխավոր ինժեները, «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ է դադարեցվել մթերումը, պատասխանեց, թե երկու օր անընդմեջ աշխատելուց հետո ստիպված են լվանալ սարքերը.- «Տեխնալոգիան է այդպիսին», - պարզաբանեց նա:

Մեր այցից մի քանի ժամ անց գործարանը նորից սկսեց մթերումները, սակայն հարյուրավոր գյուղացիներ այդ դադարի ընթացքում մի քանի տոննա ծիրան կորցրեցին: Գործարանը այսօր եւս մթերում է ծիրանը, սակայն հերթի վերջը չի երեւում:
XS
SM
MD
LG