Մատչելիության հղումներ

Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը «կարող է կայանալ առաջիկա օրերին»


Հենրիխ Մխիթարյան
Հենրիխ Մխիթարյան
Հայ ֆուտբոլիստի տեղափոխման մասին արդեն երկար ժամանակ ձգձգվող խոսակցությունները կարծես թե մոտենում են իրենց ավարտին: Ռուսական մամուլը պնդում է, որ արդեն այս երկուշաբթի անգլիական «Լիվերպուլ»-ը կհայտարարի Հենրիխ Մխիթարյանի ձեռքբերման մասին:

Ըստ ռուսական «Սպորտ էքսպրես»-ի` տրանսֆերի արժեքը կազմում է մոտ 30 միլիոն եվրո: Ռուսական հեղինակավոր պարբերականը հայտնում է նաեւ, որ Մխիթարյանը այս պահին գտնվում է Երեւանում, իսկ մի քանի օր անց կմեկնի Լիվերպուլ, որտեղ կմիանա իր նոր թիմին:

Մխիթարյանի տեղափոխման մասին է խոսել նաեւ ռուսական Russia today հեռուստաընկերության սպորտային մեկնաբան Ալեքսեյ Յարոշեւսկին: Նա Թվիթերի իր էջում գրել է. - «Այո, Հենրիխ Մխիթարյանը առաջիկա 72 ժամերի ընթացքում կդառնա «Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստ, այժմ սպասում են բժշկական եւ պաշտոնական հաստատմանը, «Շախտյոր»-ի աղբյուրը հաստատում է սա»:

«Սպորտ էքսպրես»-ը ընդգծում է նաեւ, որ 24-ամյա ֆուտբոլիստի` արտասահմանյան ակումբի հետ բանակցությունների ավարտի մասին երեկ հայտնել են նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Լրացուցիչ ժամանակ» հաղորդման ընթացքում, սակայն ակումբի անունը չեն հստակեցրել:

«Լրացուցիչ ժամանակ»-ի հաղորդավար, մարզական լրագրող Արմեն Նիկողոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Մխիթարյանի տեղափոխման համար, իհարկե, լուրջ հույսեր կան, եւ տեղափոխումը կարող է կայանալ առաջիկա օրերին:

Նիկողոսյանի կարծիքով` տեղափոխման մասին է խոսում նաեւ այն, որ Մխիթարյանը արդեն մի քանի օր է չի մասնակցում «Շախտյոր»-ի մարզական հավաքներին, ինչը նրա նման կարգապահ ֆուտբոլիստին նման չէ: Սա, մարզական լրագրողի կարծիքով, նշանակում է, որ դեպի «Շախտյոր» ետդարձ չկա:

«Տեղափոխման մասին ինֆորմացիա կա ոչ միայն «Շախտյոր»-ից, կան տեղեկություններ նաեւ հենց Անգլիայից, «Լիվերպուլ»-ից ստացած տեղեկության համաձայն` պայմանագիրը ամենաուշը երկուշաբթի օրը կլինի», - փոխանցեց Նիկողոսյանը:

Ռուսական մամուլը գրում է նաեւ, որ Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրվել են «Մանչեսթեր Սիթի»-ն, «Չելսի»-ն, «Յուվենթուս»-ը, Դորտմունդի «Բորուսիա»-ն, իսպանական «Ատլետիկո»-ն եւ ռուսական «Զենիթ»-ն ու «Անժի»-ն:

Արմեն Նիկողոսյանի խոսքով` եղած ակումբների մեջ «Լիվերպուլ»-ը ամենալավ ընտրությունն է. եթե գործարքը կայանա, ապա այն կդառնա հայկական ու ետխորհրդային երկրների ֆուտբոլային պատմության մեջ մեծագույն տրանսֆերը:

Մարզական մեկնաբանն ասաց, որ այժմ «Լիվերպուլ»-ի վիճակը այնքան էլ լավ չէ, ակումբը չի մասնակցում եվրագավաթի խաղերին եւ իր վարկանիշը բարձրացնելու համար մի քանի ֆուտբոլիստների է պատրաստվում ձեռք բերել, որոնցից մեկն էլ հավանաբար կլինի նաեւ Մխիթարյանը:

Մխիթարյանի տեղափոխմանն է անդրադառնում նաեւ անգլիական մամուլը: Daily Mail-ը գրում է, որ Մխիթարյանի համար լուջ պայքարի մեջ է մտել նաեւ «Տոտենհեմ»-ը:

Իսկ նորվեգական TV2 հեռուստաընկերության հետ հարցազրույցում «Լիվերպուլ»-ի նախկին պաշտպան Ջեմի Քերրիգերը ասել էր, որ իր կարծիքով` առաջիկայում ակումբում մի քանի նոր ֆուտբոլիստներ կհայտնվեն, որոնցից մեկը հավանաբար կլինի Դոնեցկի «Շախտյոր»-ից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG