Մատչելիության հղումներ

logo-print

Իշխանությունն ու ընդդիմությունը հակառակ իրողություններ են ներկայացրել ԵԽ պաշտոնյաներին


ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնի հետ հանդիպմանը, Ստրասբուրգ, 27 հունիսի, 2013

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնի հետ հանդիպմանը, Ստրասբուրգ, 27 հունիսի, 2013

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության ստանձնման կապակցությամբ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 26-27-ը Ստրասբուրգում հանդիպումներ է ունեցել Եվրախորհրդի ղեկավար պաշտոնյաների հետ:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն, Աբրահամյանը հանդիպել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան Կլոդ Մինյոնին եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանին:

Մայիսի 16-ից 6-ամսյա ժամկետով ստանձնելով նախարարների կոմիտեի նախագահությունը` Հայաստանը պարտավորվել է ծառայել «Եվրոպայում ժողովրդավարական գործընթացների ամրապնդման համընդհանուր նպատակին»:

Հաշվի առնելով մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության հետագա ամրապնդման եւ օրենքի գերակայության բնագավառներում Եվրախորհրդի անդամ երկրների առջեւ ծառացած մարտահրավերները՝ Հայաստանը, ըստ փաստաթղթերի, պետք է նպաստի այդ երկրներում եվրոպական չափանիշների ամրապնդմանը, ջանքեր գործադրի ժողովրդավարական հասարակության ձեւավորումը խթանելու համար: Ուստի Ազգային ժողովի նախագահը իր ստրասբուրգյան հանդիպումներում այս նախագահությունը համարել է «նշանակալից իրադարձություն»: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Հովիկ Աբրահամյանը ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնի հետ հանդիպմանը բարձր է գնահատել «Եվրոպայի խորհրդի աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին»` ժողովրդավարության ամրապնդման գործում հատկապես կարեւորելով վեհաժողովի դերակատարությունը, մասնավորապես, մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների աշխատանքը: Իսկ Եվրադատարանի նախագահ Դին Շպիլմանի հետ հանդիպմանը Ազգային ժողովի նախագահը հայտարարել է, որ Հայաստանի նախագահությունը կշարունակի Եվրոպայի խորհրդի նախորդ նախագահությունների ջանքերը` ուղղված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կիրարկումն ամրապնդելուն:

Հովիկ Աբրահամյանի հանդիպումների օրերին Ստրասբուրգում անցկացվում էր ԵԽԽՎ լիագումար նստաշրջանը: Նստաշրջանին մասնակցող հայաստանյան պատվիրակության ընդդիմադիր անդամ, Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցությունը գլխավորող Լեւոն Զուրաբյանը եվրոպացի պաշտոնյաների հետ հանդիպումներում Հայաստանի ժողովրդավարության եւ Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ հակառակ պատկերն է ներկայացրել: ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Վոյցեխ Սավիցկի եւ ԵԽ մարդու իրավունքերի հանձնակատար Նիլս Մուժնիեքսի հետ հանդիպումներում նա խոսել է Աժ-ում մարտի 1-ի հարցով նոր ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ իրենց նախագծի տապալման, ընտրությունների կեղծման, Կոնգրեսի երիտասարդ չորս ակտիվիստների դեմ իրականացվող հետապնդումների մասին: Ստրասբուրգից «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում պատգամավորը կարծիք հայտնեց, որ ԵԽԽՎ-ն թերացումներով է կատարում Հայաստանի մասով իր գործառույթները, իսկ Հայաստանի պաշտոնյաները փորձում են նրանց աղավաղված ներկայացնել իրականությունը:

«Թերությունները կապված են նրա հետ, որ, ըստ էության, շատ քիչ ինֆորմացիայի են տիրապետում ԵԽԽՎ-ի պատգամավորները: Մենք ունենք մի իրավիճակ, երբ այն մարդիկ, ում վրա դրված էր ԵԽԽՎ-ի պատգամավորներին Հայաստանի իրավիճակի մասին տեղեկացնելու գործառույթը [այսինքն՝ համազեկուցողները], նրանք, ըստ էության, վաղուց արդեն Հայաստանով չեն զբաղվում, որեւէ հետաքրքրություն չեն ցուցաբերում եւ ակտիվ չեն: Բնականաբար, այս վիճակում Հայաստանի իշխանությունների համար ստեղծվում են լուրջ հնարավորություններ` մանիպուլյացիայի ենթարկել ԵԽԽՎ-ի այս ինստիտուտը եւ աղավաղված ինֆորմացիայի հիման վրա ստանալ դրական գնահատականներ, որը ավելի շատ նպաստում է իրենց հակաժողովրդական կեցվածքի ամրապնդմանը երկրում: Սրանք իրողություններ են, որոնց մասին ես խոսել եմ եւ փորձում եմ հասցնել ԵԽԽՎ-ի տարբեր մարմիններին»,- ասաց Զուրաբյանը:

Պատգամավորը մեծ հույսեր չուներ, որ իշխանությունները նախագահության կոմիտեում նախագահության այս ամիսներին լուրջ քայլեր կկատարեն Հայաստանում ժողովրդավարության հարգման ուղղությամբ:

«Այն պահվածքը, որ այսօր որդեգրել են իշխանությունները, ամենաշատն են վարկաբեկում Հայաստանին ամբողջ աշխարհում: Չի կարելի լինել հակաժողովրդավար, չի կարելի լինել կոռուպցիայի մեջ թաղված եւ ակնկալել, որ Հայաստանը կընդունվի որպես հեղինակավոր երկիր: Նման բան չի կարող լինել», - ասաց Զուրաբյանը:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության մեկ այլ անդամ, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եւս դժվարացավ ասել, թե որքանով նախագահության այս փուլը կնպաստի Հայաստանի ներքին ժողովրդավարացման գործընթացներին:

«Ցանկացած երկիր, եթե ուզում է ունենալ ապագա, պետք է լինի ժողովրդավար, անկախ նրանից՝ տվյալ պահին ինքը ինչ-որ տեղ նախագահում է, թե` չի նախագահում: Այսինքն, եթե մենք չենք նախագահում, պիտի չմտածե՞նք մեր ներքին ժողովրդավարության մասին»,- ասաց պատգամավորը:
XS
SM
MD
LG