Մատչելիության հղումներ

Առողջապահության նախարարը ոլորտում կոռուպցիա չի տեսնում


Ֆեյսբուքյան ասուլիս. Դերենիկ Դումանյան
please wait

No media source currently available

0:00 0:56:59 0:00
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում չկիսեց որոշ օգտատերերի կարծիքը, թե ոլորտը կոռումպացված է:

Նախարարն ասաց. - «Ուրիշ բան է, որ կա դրամների հավաք, ուրիշ բան է, որ ծառայությունների, ինչ-որ բժշկական միջամտությունների համար, բայց դա դեռեւս կոռուպցիա չէ: Բերեք անվանենք միգուցե կաշառք, բայց ոչ կոռուպցիա: Որովհետեւ կոռուպցիան դա այն է, երբ ներքեւից վերեւ, վերեւից ներքեւ…»:

«Ֆեյսբուք»-ի մեր էջում հեռուստահաղորդավար Արտավազդ Եղոյանն առողջապահության նախարարին հարցրել էր, թե արդյոք տեղյակ է նախարարը պոլիկլինիկաներում էնդոկրինոլոգների աշխատասենյակների մոտ գոյացող հերթերի մասին եւ շաքարային դիաբետով հիվանդ մարդկանց դեղերի ուշացման, հաճախ նաեւ փոփարինման մասին:

Այս կապակցությամբ Դումանյանն ասաց, որ Հայաստանում էնդոկրինոլոգների թիվը քիչ է. եթե Երեւանում հերթեր են գոյանում, ապա մարզային համայնքներ կան, որտեղ առհասարակ չկան էնդոկրինոլոգներ. - «Մենք հիմա նպատակային կադրեր ենք պատրաստում ե՛ւ Երեւան քաղաքի, ե՛ւ մարզերի բուժհաստատությունների համար»:

Դեղորայքի մասով նախարարն ասաց. - «Այնպես է լինում, որ ներմուծողներն են դժվարանում նույն դեղորայքը բերեն, կամ այնպես է ստացվում, որ արտադրող ֆիրման այլեւս չի արտադրում, այլ դեղորայքի է անցնում: Սրանք գիտականորեն հիմնավորված խնդիրներ են, եւ մենք որեւէ նպատակով չէ, որ կարող է ուրիշ դեղ բերենք եւ հիվանդներին դժվարություն պատճառենք: Ինչ վերաբերում է դեղերի ուշացմանը, այո, այս տարի հունվար, փետրվար ամիսներին մոտ մեկ ամսվա դժվարություններ ունեցանք, որը կապված էր գնման գործընթացի հետ: Ես ուզում եմ բոլոր այն մարդկանցից, ովքեր այդ մեկ ամսվա ընթացքում դժվարություններ են ունեցել, ներողություն խնդրել»:

Համաշխարհային բանկը, նախարարի փոխանցմամբ, դրամաշնորհ է տրամադրել Առողջապահության նախարարությանը, որպեսզի սիրտ-անոթային համակարգի, ուռուցքաբանության եւ շաքարային դիաբետի ուղղությամբ անվճար հետազոտություն իրականցվի` բնակչության 50 տոկոս ընդգրկվածության չափով:

Օգտատերերից մեկը գրել էր. «Ես որպես ՀՀ քաղաքացի, ինձ վիրավորված էի զգում, որ իմ երկրի նախարարին Կառավարության նիստի ժամանակ Դերո են անվանում: Դուք Ձեզ վիրավորված չզգացիք, երբ Ձեր վերադասը ամբողջ երկրի առջեւ Ձեզ Դերո անվանեց»:

Նախարարն արձագանքեց, թե ինքը բնավ վատ չի զգացել. - «Մտերիմներն ինձ հաճախ են այդպես անվանում: Ես այստեղ որեւէ վիրավորական բան չեմ տեսնում… Իմ հարաբերությունները ե՛ւ երկրի նախագահի հետ, ե՛ւ վարչապետի հետ, եւ մյուս պաշտոնավար անձանց հետ շատ բարեկամական, շատ աշխատանքային հարաբերություններ են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG